Հետևեք մեզ։

«Երբ լղոզվում են սկզբունքները, լղոզվում է մարդը». «լղոզվածները խոսում են տղամարդկությունից»․ Վահե Հակոբյանի և Առուշ Առուշանյանի հոր հեռակա հակադարձումները

18:15, 23 օգոստոս 2023
«Երբ լղոզվում են սկզբունքները, լղոզվում է մարդը». «լղոզվածները խոսում են տղամարդկությունից»․ Վահե Հակոբյանի և Առուշ Առուշանյանի հոր հեռակա հակադարձումները

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը «Փաստ»-ին հարցազրույց է տվել կուսակցության նախկին անդամ, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի՝ Փաշինյանին դիմավորելու վերաբերյալ և ասել է, որ սա որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ  իրենց քաղաքական ուժի հետ․

Անդրադառնալով հանդիպմանն ու Առուշ Առուշանյանի՝ իրեն քննադատողների վերաբերյալ հայտարարություններին, Վահե Հակոբյանն ասել է․ «Առուշ Առուշանյանի հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ երբ լղոզվում է ամեն ինչ՝ կարմիր գծերը, սկզբունքները, դիրքորոշումները, լղոզվում են ժամանակի ընթացքում ունեցած մոտեցումները, արդյունքում լղոզվում է մարդը: Եվ դրանից հետո տարաբնույթ «բացատրություններով» փորձել ինչ-որ կապ ստեղծել անցյալում արածի, անցյալում արտահայտած մտքերի և հիմա տեսանելիի միջև, մեղմ ասած, որևէ կերպ ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ հասկանալի: 

Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Կրկին ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ես կարծում եմ, որ որևէ մեկի դատավոր լինելն իմը չէ: Մարդիկ թող տեսնեն, թող մտածեն, թող գնահատեն՝ ինչ է տեղի ունենում: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ:

Ես կուզեմ նաև արձանագրենք՝ որպեսզի պայքարող տեսակը, որը, ցավոք, օր-օրի ավելի սակավաթիվ է դառնում, շատանա, կազմի քանակ և արդյունք ապահովի, պետք է մեր հայրենակիցների համապատասխան հատվածը դադարի իրավիճակին «պոպկորնով» հետևել: Պետք է գիտակցեն, որ վերջիվերջո որևէ կինոթատրոնում նստած ֆիլմ չեն նայում, այլ սեփական հայրենիքի անկման ականատեսն են: Կարծում եմ, որ «պոպկորնով», ծիծաղելով, ժպիտներով գործընթացին հետևելն ամենամեծ հանդուրժողականությունն է տիրող իրավիճակին և ամենամեծ օժանդակությունն է գործող իշխանությանը՝ շարունակելու մեր պետականության հիմքերը խարխլելու,  մեր պետականության անկմանը տանող իր քայլերն ու գործողությունները: Տեղի ունեցածն իր մեջ տարբեր հարթությունների խնդիրներ է պարունակում»։

Վահե Հակոբյանին պատասխանել է Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը․

«Մեր իրականությունում ապրում են մարդիկ որոնց համար Գորիսում տեղի ունեցած վերջին դեպքերը դարձան ինքնադրսևորման, ինչու չէ՝ ինքնահաստատման առարկա։ Ու զարմանալին այն է, որ այս տեսակ մարդկանց թվում է, որ հայությունը բաղկացած է իրենց ֆեյսբուքյան ընկերներից, իսկ հայության խելքն ու իմաստությունը՝ պատվիրված խղճուկ հարցազրույցների մի քանի թրջված մեկնաբանություններից։

Սրանք չեն ցանկանում տեսնել սոցհարթակներից դուրս գտնվող, ասել է թե՝ իրական կյանքը, որտեղ պատկերը (առնվազն Սյունիքի մասով) ավելի տխուր է իրենց համար։ Չեն ցանկանում տեսնել իրականությունը, քանի որ իրականության համար լղոզված ու կարմիր գծեր չունեցող մարդու մասին պատկերացումները զուգահեռվում են հենց իրենց կերպարի հետ։ Դա ես չեմ ասում, դա համայնքն է ասում, ասում է փողոցը, ասում են հազարավոր սյունեցիները՝ բանվորը, գիտնականը, ուսուցիչը, վարպետը, երաժիշտն ու ֆինանսիստը։
 
Այս մասով ինձ համար ամեն ինչ բավականին տրամաբանական է, քանի որ կուսակցապետ համարվող Վահեն, ով չի կարող 10 մարդ հանել փողոց, ում հետևեից 10 քաղաքացի դուրս չի գալիս, մի ամբողջական հարցազրույց է տալիս մի չնչին ու իրենից իրականում ոչինչ չներկայացնող միջադեպի մասին։ Մարդը կուսակցապետ է, մնում է լուռ, անմասն, ծպտված երկար ժամանակ ու մեկ էլ՝ մի ամբողջական հարցազրույց, որի բովանդակությունը Առուշի ձեռքսեղմումն է։ Հենց սա է իրական ցուցիչը, թե ով իրենից իրականում ինչ է ներկայացնում ու ով իրականում ինչ «քաշային կարգ» ունի։
 
Ու երբ էս տեսակ մարդկանց հարցնես՝ «ի՞նչ ես արել հայրենիքիդ համար ողջ գիտակցական կյանքիդ ընթացքում, «զնգացող տակառի» ձայնից ուրիշ ոչինչ լսել չես կարողանա»։ Սա էլ այն պատճառն է, թե ինչո՞ւ են մարդիկ բամբասում՝ բամբասում են, քանի որ թույլ են և անօգնական, բամբասում են, քանի որ նախանձում են, բամբասում են, քանի որ չունեն էն հարգանքի ու հեղինակության 1 տոկոսն անգամ, որը վայելում է իմ որդին։ Բամբասում են, քանի որ ընտրություններում իրենց ներկայությունը վնասից բացի, որևէ օգուտ չի տալիս։
Բամբասելը լղոզված մարդու «հունարն» է, ուղղակի զարմանալին այն է, որ լինում են լղոզվածներ, որոնք մտածում են, որ կարող են բամբասել բարձրաձայն։
Պետք չէ զարմանալ բնավ, քանի որ ապրում ենք այն ժամանակներում, երբ պետականության հիմքերը լափողները խոսում են պետականությունից, 
դասալիքներն ու ի սկզբանե հոգով պարտվածները՝ հայրենասիրությունից,
լղոզվածները՝ տղամարդկությունից,
կարմիր գծեր ու սկզբունք չունեցողները՝ գաղափարներից,
մութ գործարքների մեջ թաղվածներն ու «պլատիտ» եղածները՝ արդարությունից։
 
Այնուամենայնիվ՝ պետք է առաջ նայել, չնահանջել, ողջ ճիգերն ու ներուժը ի նպաստ դնել Սյունյաց և, առհասարակ, Հայաստան և Արցախ աշխարհի ոտքի կանգնելու համար, մեր արժանապատվության վերականգման, պապերի ժառանգությանը տեր կանգնելու ու աշխարհին մեր խոսքը ասելու համար, իսկ դասալիքներն ու վառոդի հոտից լուսատարիներով փախած պետության պարազիտները թող ոտքի տակ ուղղակի չնկնեն ու չօգտվեն այն առիթից, որ արծիվը ճանճ չի որսում ու առյուծը` որդ»։