Նիկոլ Փաշինյանի՝ երկու օր առաջ տված մամուլի ասուլիսից հետո նորից մամուլում շրջանառվեց «հինգերորդ շարասյուն» տերմինը։ Բանն այն է, որ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարեց, թե 44-օրյա պատերազմում հայկական կողմը պարտվել է, որովհետև «բանակում գործել է 5-րդ շարասյուն»։ Դրանից հետո լրագրողներն ու վերլուծաբաններն սկսեցին նորից փնտրել՝ ո՞վ կամ ովքե՞ր են Հայաստանում իրականում «հինգերորդ շարասյան» դեր կատարում։ Ու թեև բոլորն այս օրերին կարդում ու գրում են «հինգերորդ շարասյան» մասին, բայց, հավանաբար, շատերը չգիտեն, թե ինչ է «հինգերորդ շարասյունը» և ինչ իմաստ ունի այն և որտեղից է առաջացել։ Նախ նշենք, որ «hինգերորդ շարասյուն» տերմինն առաջացել Է 1936 թվականի հոկտեմբերին Հանրապետական Իսպանիայում, երբ ֆաշիստական խռովարարները չորս շարասյուներով հարձակվում Էին Մադրիդի վրա, իսկ հինգերորդը գեներալ Ֆրանկոյի գործակալությունն էր ու գործում էր քաղաքում, վճռական պահին պետք Է հարված հասցներ թիկունքից։ Բայց «hինգերորդ շարասյունը» շփոթություն Էր տարածում, զբաղվում էր սաբոտաժով, լրտեսությամբ ու դիվերսիայով։ Այսինքն՝ «Հինգերորդ շարասյունը» եղել է գեներալ Ֆրանկոյի գործակալության անվանումը, որը գործել, 1936-1939-ի Ազգային-հեղափոխական պատերազմի ժամանակ։ 1939-1945 թվականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «hինգերորդ շարասյուն» էին կոչում տարբեր երկրներում գործող նացիստական գործակալություններին, որոնք օգնում Էին ֆաշիստական զորքերին զավթելու այդ երկրները։ Ի դեպ, 1936-1939 թթ․ տեղի ունեցած Ազգային-հեղափոխական պատերազմից հետո այդ նույն «Հինգերորդ շարասյան» առաջնորդ գեներալ Ֆրանկոն (Ֆրանցիսկո Ֆրանկո Բաամոնդե) դարձավ Իսպանիայի ղեկավար։ Նկատենք, որ 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո էլ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի ղեկավար, որի օրոք Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, դրանում մեղադրեցին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, որ պատերազմի ժամանակ հնարավոր է՝ «hինգերորդ շարասյան» դեր է կատարել, ինչն էլ հանգեցրել է պարտության։ Այսօր, սակայն, նա ինքն է խոսում պատերազմի ժամանակ «հինգերորդ շարասյան» գոյության մասին՝ ակնարկելով ինչ-որ անձանց, որոնց անունը չի տալիս։
Ի՞նչ է «հինգերորդ շարասյունը»
17:50, 16 մարտ 2023