ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունն արդեն հսկողություն է իրականացնում Աշոտ Փաշինյանի առևանգման գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված, ապա՝ պայմանական ազատ արձակված Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունիսի 9-ին հրապարակել է վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ազգուշ Մարտիրոսյանին ներկայացված մեղադրանքում և դատապարտելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով, իսկ Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացրել։ Վճռի հրապարակումից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Ազգուշ Մարտիրոսյանը մեկնել է Եգիպտոս՝ հանգստի, ինչի մասին ֆեյսբուքյան էջում նշել էր հենց ինքը։
Պատկան մարմիններից դեռևս հունիսի 23-ին ստացված մեկնաբանություններից պարզ էր դարձել, որ Հակոբյանի նկատմամբ հսկողություն Պրոբացիայի ծառայությունը չէր իրականացնում՝ դատական ակտը դեռևս ստացված չլինելու պատճառաբանությամբ։
Դատական ակտի դեմ բողոք այդպես էլ չի ներկայացվել, այն օրինական ուժի մեջ է մտել, ըստ այդմ, Պրոբացիայի ծառայությունն արդեն հսկողություն իրականացնում է։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր՝ Աշոտ Փաշինյանին զոհված զինծառայողների ծնողների կողմից իբրև առևանգելու փորձի մասին՝ նշելով, թե իբրև Աշոտ Փաշինյանին նստեցրել են ավտոմեքենան, ապա ՀԺ-ի կողմից հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Աշոտ Փաշինյանն իրեն դուրս նետվում ավտոմեքենայից։
Հատկանշական է, որ ՀԺ հրապարակմամբ նշվում էր մի քանի ծնողի տվյալ, նշվում կոնկրետ անուն՝ Գարիկ Գալեյան, սակայն հետագայում պարզվեց՝ ավտոմեքենայի ղեկին եղել է միայն Գայանե Հակոբյանը։ Իսկ «Որդիների կանչ» ՀԿ-ի կողմից տարածված տեսանյութից պարզ էր դառնում, որ Աշոտ Փաշինյանը սեփական կամքով է նստել մեքենան։ Ավելի ուշ արդեն պաշտոնապես հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։ Նրան մեղադրանք է ներկայացվել։
Ազգուշ Մարտիրոսյանի նկատմամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Գործով ինչպես նախաքննությունը, այնպես էլ՝ դատաքննությունը շատ կարճ է տևել։ Օրերի ընթացքում քրեական գործն ուղարկվել է դատարան, ապա՝ արագացված կարգով դռնփակ ռեժիմում քննվել։ Ընդ որում, անսպասելիորեն Ազգուշ Մարտիրոսյանն ինքը հրաժարվել է փաստաբաններից, ընդունել մեղքն ու միջնորդել արագացված քննել գործը՝ դռնփակության ռեժիմում։
Ըստ էության՝ նա գործարքի էր գնացել դատախազության հետ, ինչից հետո «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը հայտարարեց, որ խորհրդի ընդլայնված նիստում հունիսի 17-ին որոշում է կայացվելլ Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան) հեռացնել ՀԿ-ի շարքերից։ Պատճառը նրա հետ ունեցած գաղափարական ընդգծված տարաձայնություններն են։