Արցախը կատարյալ շրջափակված է արդեն շուրջ 9 ամիս և բոլորին է պարզ, որ սա արցախահայության ցեղասպանություն է։ Այդ մասին շատ են բարձրաձայնել ցեղասպանագետները, դիվանագետները, արցախահայության կյանքին սպառնացող ու օրեցօր մեծացող վտանգի մասին երբեմն խոսում են որոշ պետությունների որոշ դիվանագետներ, միջազգային կառույցների հիմնականում նախկին պաշտոնյաներ։
Դե իսկ Հայաստանում դեռ շրջափակման առաջին օրերից բոլորը հասկացան, որ սա Հայաստանի իշխանությունների կողմից իրենց նվիրաբերված Արցախի բնիկներին բռնի տեղահանելու թուրքի միջոցն է, համեմատեցին ու արձանագրեցին, որ պատմությունը կրկնվում է և սա էլի ցեղասպանություն է՝ 100 տարի անց։
Այ՜ո, իրադարձությունները ստիպում են դրանք համեմատել նախորդ դարի Հայոց ցեղասպանության հետ ու փորձել հասկանալ՝ ի՞նչ է փոխվել ընդհանրապես, ի՞նչ է փոխվել աշխարհում, Հայաստանում և ինչպե՞ս է փոխվել ցեղասպան հանցագործը։
Համեմատության հենց սկզբում պետք է անկեղծ արձանագրենք, որ դեպի լավը փոխվել է միայն հանցագործը։ Ցեղասպանն ավելի լավն է դարձել, բառի ուղիղ՝ առանց չակերտների իմաստով։
Ցեղասպան թուրքն, ի տարբերություն հարյուր տարի առաջվա, ոչ թե մտնում է տներ, կրակում ու սպանում կանանց ու երեխաներին, այլ գործում է համբերատար, ոչ այնքան բռի, ցեղասպանության ու տեղահանության շրջանակներում հնարավորինս «մարդասեր» ու դիվանագիտորեն գրագետ։
Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն հանձնված, իրենը ճանաչված 86 000 քառակուսի կիլոմետրի դարպասները փակելուց հետո ողջ աշխարհին ուղիղ հայտարարում է, որ փակել է Հայաստանից մուտքը նույն Հայաստանի կողմից իրենը ճանաչված տարածք և կվարվի իր տարածքի հետ այնպես ինչպես կցանկանա։
Քիչ թե շատ հնչող՝ արցախահայությանը սովի մատնելու միջազգային մեղադրանքներին ևս ցեղասպան Ալիևն արձագանքեց ոչ պակաս մտածված՝ սնունդ ու այն ստանալու այլ ճանապարհ առաջարկելով Արցախին, իսկ արդեն երեկ՝ չընդունված առաջարկի պայմաններում էլ այնտեղ սնունդ ուղարկելով։
Իսկ ի՞նչ է փոխվել աշխարհում: 100 տարի առաջվա համեմատությամբ աշխարհում ստեղծվել են տասնյակ միջազգային կառույցներ, որոնք պետք է զսպեն պետություններին, թույլ չտան ցեղասպանությունն ու պատժեն այն իրագործելու դեպքում, ընդունվել են հարյուրավոր միջազգային փաստաթղթեր սպանությունը, տեղահանումը, ցեղասպանությունը բացառելու, կանանց ու երեխաների իրավունքների ու այն ամենի մասին ինչն ամեն օր ավելի կոպիտ է ոտնահարվում Արցախում։ Աշխարհում փոխվել է նաև այն, որ միջազգային էլիտան, այդ կառույցների պաշտոնյաներն ու հարյուրավոր կոնվենցիաների կատարման պատասխանատուները դարձել են ավելի անբարոյական, ավելի կեղծ ու ավելի անթաքույց շահամոլ։ ՄԱԿ-ն ու աշխարհում խաղաղությունն ու մարդասիրությունն իրենց ուսերին վերցրած ու իր չինովնիկներին միլիարդավոր աշխատավարձեր վճարող, գրանտներով կոռուպցիան զարգացնող մյուս կառույցները լուռ են, ոչինչ չեն ձեռնարկում, ոչ մի արդյունավետ քայլ չեն անում ու հերթով ուրախությամբ ընդունում են թուրքից ստացած արհամարհական ապտակը իրենց կոչերին։
Հայաստանում փոփոխություններն, իհարկե, ավելի սարսափելի են ու հանուն արդարության՝ դրանք նաև պատճառներից են նախորդ երկու անբարոյականության։
Նման անտարբերություն հայոց ազգի մոտ Արցախը կորցնելու ու 100 հազարավոր հայերի սովամահության հանդեպ հարյուր տարի առաջ դժվար էր պատկերացնել։ Արցախի հարցը չկա մարդկանց կենցաղում, մարդիկ ապրում են սովորականից ավելի լավ՝ Ռուսաստանից Հայաստան փախած տուրիստների բերած փողերի հաշվին։ Արցախի հարցը չկա նաև Հայաստանի քաղաքական կյանքում, այն ոչ միայն քաղաքական ուժերի զբաղմունքը չէ, այլև չի քննարկվում գոնե այն նույն ինտենսիվությամբ, ինչպես քննարկվում է մեկի կողմից Նիկոլին բարևելը կամ վերջինի կողմից ինչ-որ մեկի ծնոտը ջարդելու սպառնալիքը։
Նիկոլ Փաշինյանը Արցախը թուրքին տալուց հետո այնտեղ բեռներ է ուղարկել ու զարմանում է, մեղադրում, որ ուրիշին հրապարակավ տված տարածքի դուռը փակել ու չեն բացում։
Հայաստանում արցախցիների ցեղասպանության հանդեպ այնքան անտարբեր են, որ նույնիսկ գործ չի հարուցվել 9 ամիս տևող այդ հանցանքի կապակցությամբ։
Դե երևի անտարբեր է նաև Արցախի նախագահը, ով իր հրաժարականի շուրջ կոնսենսուսի այդպես էլ չի գալիս, թեև հրաժարական տվողն ու չտվողն ինքն է։ Հետաքրքիր է նրան թույլ տալի՞ս էին սեփական կապիտալն Արցախից դուրս բերել, եթե այո,ապա նա ո՞ւմ հետ է այդ հարցը քննարկել ու միասնական որոշման եկել։
Դե իսկ ամենամեծ տարբերությունը հարյուր տարի առաջ պայքարող, սարերում կռիվ տվող ու այժմ անտարբեր, իր մանր գործերով զբաղված հայի մեջ է…