Հետևեք մեզ։

«Սյունյաց ողջույնից`» «ժողովրդի ընտրյալ»․ չհաջողված հեղափոխության կեղծիքները

17:47, 31 օգոստոս 2023
«Սյունյաց ողջույնից`» «ժողովրդի ընտրյալ»․ չհաջողված հեղափոխության կեղծիքները

Պատերազմում պարտությունից հետո, ինչպես հիշում եք, Հայաստանում քաղաքական մթնոլորտը շիկացավ բերեց արտահերթ ընտրություններ, քաղաքական պայքարն ագրեսիվ ընթացավ ընտրությունների ընթացքում և հետո, դրսևորվեց նաև փողոցային պայքարի ձևով։ Ոմանք այդ պայքարի հաջողությանը հավատում էին, իսկ ավելի շատերը վստահ էին, որ Հայաստանում այդ պահին հնարավոր չէ իշխանափոխություն անել, այն էլ՝ թիկնապահների ուղեկցությամբ փողոցներ փակելով, այն էլ նրանց կողմից, ովքեր իրենց ունեցած հարստության որևէ բացատրություն չունեն և, բացի այդ, «հայրենիքի փրկության համար» կազմակերպած ցույցերի վրա ավելի շատ գումար են ծախսում, քան տվել են այդ հայրենիքի օրհասական պահին և այլն։

 

Փողոցային պայքարի ամենաթեժ օրերին արդեն զգալի էին դրա կենտրոնում գտնվող ընդդիմադիրների միջև անհամաձայնությունները, և պայքարը հետզհետե մարեց։ Քաղաքական պայքարի այդ ժամանակվա «ամենակենտրոնը» երևի հասկացավ, որ ինքը ժողովրդի միասնական վստահությանն արժանանալ չի կարող, պայքարն իր կողմից ղեկավարելը միայն վնասում է այդ պայքարին, իսկ հավաքներին իր ներկայությունն ընդամենը նոսրացնում է դրա շարքերը։  Կամ, եթե չհասկացավ էլ, իրականությունը հենց դա էր և ընդդիմության մեջ ոմանք որոշներին իրավացիորեն էին մեղադրում հավաքներին ներկայանալով հենց իշխանության դիրքերն ուժեղացնելու մեջ։
Եվ հանուն արդարության, բոլոր ողջամիտ մարդիկ գիտակցում էին, որ ժողովուրդը բավականին լավ հիշողություն ունի և ոմանց կողմից հնչեցվող հայրենասիրական խոսքերը կեղծ են ու զավեշտալի։
 
 
Բայց արի ու տես, որ զավեշտի ու կեղծիքի մի նոր փնջի մասին օրերս պետք է խոստովաներ հենց ընդդիմությունը։
Քաղաքական ակտիվ պայքարի թևերից մեկը, ավելին՝ դրանցից քիչ թե շատ վստահություն վաստակածը, Սյունիքի թևն էր, որը ղեկավարվում էր Սյունիքի նախկին մարզպետի ու գործող համայնքապետերի կողմից։ Նրանց առնվազն ներկայությամբ կազմակերպված հավաքներում շրջանառության մեջ դրվեց «սյունյաց ողջույնն» ուղղված Նիկոլ Փաշինյանին ու նրանց ներկայությամբ տեղի ունեցան վերջինիս այցը խափանելուն ուղղված ակցիաները։
 
 
Դրան հաջորդեցին համայնքապետերի ու նրանց տեղակալների հետապնդումները, կալանավորումներն ու դատավարությունները։
Բայց ահա ընդդիմության կենտրոնական կառավարումը խարխլվելուց, ու ակտիվ պայքարը դադարելուց հետո իշխանությունը հանկարծ փոխեց վերաբերմունքը համայնքապետերի հանդեպ և նրանք ազատ արձակվեցին ու կամ դուրս եկան քաղաքականությունից, կամ սկսեցին հաճախել աշխատանքի ու լայն ժպիտով ծաղիկներ նվիրել Աննա Հակոբյանին՝ նրան, ում հասցեին էլ հայհոյանքներ էին տվել։
 
 
Դրա մի դրսևորում էլ օրերս էր, երբ Գորիսի քաղաքապետն արդեն սիրով դիմավորեց Նիկոլ Փաշինյանին, իսկ տրամաբանական քննադատություններին պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն է ընտրել։ Քննադատություններն, այո, տրամաբանական են, քանի որ Սյունիքում հայհոյանքների արժանանալու ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանին ժողովուրդն էր ընտրել և բացի այդ, անկախ ամեն ինչից, բնական է՝ չէր նայվելու, թե ինչպես են պայքարից հետ չկանգնողի կերպարով ներկայացածները, այդ պայքարում նույնիսկ փողոցային հայհոյանքների դիմածները խոնարհաբար ողջունում նույն Նիկոլ Փաշինյանին։
 
Բայց Գորիսի քաղաքապետն ավելի հեռուն գնաց, ու արագ մտնելով այն հին «ուժեղի» կերպարի մեջ՝ գնահատեց քննադատողների «ապրածն» ու «պադեզդի դեմը ծնոտի խնդիր ունենալու» սպառնալիք տվեց։ Պատասխանները չուշացան՝ ընդհուպ ոմանք սպառնացին գլուխ ջարդել, մարդ խփել և այլն։
 
 
Վահե Հակոբյանը ևս խոսեց Առուշ Առուշանյանի ու Նիկոլ Փաշինյանի ձեռքսեղմման մասին ու բացասական գնահատականներ տվեց սկզբունքների, ապա նաև մարդու լղոզումների մասին։ Սրան հետաքրքիր պատասխանեց Գորիսի քաղաքապետի հայրը՝ Վահե Հակոբյանին մեղադրելով, որ նա 10 հոգի մի տեղ հավաքել չի կարողանում, որ նա միայն վնասել է պայքարին, որ «պետականության հիմքերը լափողները խոսում են պետականությունից, դասալիքներն ու ի սկզբանե հոգով պարտվածները՝ հայրենասիրությունից, լղոզվածները՝ տղամարդկությունից,կարմիր գծեր ու սկզբունք չունեցողները՝ գաղափարներից, մութ գործարքների մեջ թաղվածներն ու «պլատիտ» եղածները՝ արդարությունից»։
 
 
Պակաս ուշագրավ չէր Վահե Հակոբյանի կուսակցության խոսնակ Վազգեն Սաղաթելյանի պատմությունն այն մասին, որ Մանվել Փարամազյանը սովորական «սոլյարկա գողացող էր», իսկ Առուշ Առուշանյանը միշտ տուժած էր Սուրիկ Խաչատրյանի թիմի հետ կոնֆլիկտներում և Վահե Հակոբյանն է նրան, հոր խնդրանքով, մարդ սարքել, որ բերդում չհայտնվի։ Այսպիսով, Վահե Հակոբյանի կուսակցությունը բացահայտեց, որ այդ իրենք են այս անձանց «հերոսի» ու «պայքարողի» կերպարները ձևավորել, նրանց «սոլյարկա գողացողից» ու պոտենցիալ բերդում հայտնվողից հերոսներ սարքել։
 
 
Նախ առանց լրացուցիչ բացահայտումների էլ արդեն պարզ էր, որ մարդ չգիտեմ, բայց օրինակ քաղաքապետ են սարքել մեկին, ում լեքսիկոնը զգալի հեռու է ոչ միայն քաղաքապետից, այլ նաև ուրիշին ծնոտի խնդիր պատճառելուն իրականում ունակ մարդուց: 
Բայց, ընդդիմության ներսում միմյանց դիմակները պատռելուն ուղղված այս գրառումներից շատ ավելի լուրջ հարցեր են առաջանում, քան ոմանց մեծամտությունը, մեծաբերանությունն ու հետևաբար հոգեբանական տարիքն է։
 
 
Ինչի՞ն են նվիրված ընդդիմադիրների այս ինքնախոստովանություններն այն մասին, որ իրենք ժողովրդին փորձում էին խաբել՝ քաղաքական կամ ազգային պայքարում կեղծ դրական կերպարով ներկայացնելով սոլյարկա գողացողներին, պոտենցիալ դատվողներին, պետության հիմքերը լափողներին և այլն։ Ի՞նչ են ուզում բացահայտել, երբ ի լուր աշխարհի հայտարարում են, որ փորձել են իշխանափոխություն անել պետության հիմքերը լափողների, դասալիքների, սոլյարկա գողացողների ու փողոցային ինչ-որ երևույթների հետ։ Իսկ ինչո՞ւ են, սոլյարկա գողացողը, պլատիտ եղածը, դասալիքը կամ մեկն, ում իրենք մի կերպ մարդ են սարքել, հերոսական, այսինքն՝ կեղծ կերպարով ներկայացվել:  Ինչո՞ւ են իշխանափոխությանն ուղղված պայքարում օգտագործվել այդպիսիք, ինչո՞ւ են խաբել, կեղծ ու դատարկ հույսեր տվել ժողովրդին ու պաշտոնների արժանացրել այդպիսիներին, ինչու են կեղծել ու խաբել այն աստիճան, որ սյունեցին, երևանցին ու մյուսը մտահոգվեն իրենց առաջ հերոսական կերպարով ներկայացված, բայց իրականում սովորական սոլյարկա գողացողների, դասալիքների ու պետության հիմքերը լափածների կալանավորմամբ ու հետապնդումներով։
 
 
Այո շատերն իրավացիորեն չէին հավատում պատերազմից հետո իշխանափոխությանը, հեգնում էին փողոցները փակելու ակցիաները, քանի որ իրենք ավելի շուտ գիտեին, որ այդ ակցիաների հետևում կեղծ կերպարներ կան, իսկ առջևում հնչեցվող խոսքերը սուտ են….
 
 

Վերլուծական