Հետևեք մեզ։

Ցուցմունք նախկինների դեմ․ Արայիկ Հարությունյանի հրաժարականի տեքստն ու իրականությունը

12:46, 01 սեպտեմբեր 2023
Ցուցմունք նախկինների դեմ․ Արայիկ Հարությունյանի հրաժարականի տեքստն ու իրականությունը
 
Որքան էլ կոնկրետ պաշտոնյաներին քննադատած լինես, նրանց հրաժարականների տեքստերը, որպես կանոն, քեզ ու ընթերցողին մի պահ հիշեցնում են նրա արած լավ գործերը, որոնք ինչ -որ տեղ կարող են ծածկել նրա բացթողումներն ու գոնե փոքրիկ ափսոսանքի զգացում առաջացնում։ 
 
 
Արայիկ Հարությունյանի հրաժարականի տեքստը, սակայն, որքան էլ որ լցված է ինքնագովեստի խտացված մտքերով, դրական էմոցիաներ այդպես էլ չի առաջացնում։ 
 
 
Մենք ամենևին հակված չենք, որ Արայիկ Հարությունյանը երբեք Արցախի համար չի տխրել կամ Արցախում ոչ մի լավ բան չի արել։ Բայց և բոլորի պես նաև վստահ ենք, որ նա Արցախին միշտ վերաբերվել է որպես բիզնեսի, որպես իր բիզնեսների միջավայրի, որպես մի վայր, որտեղ կարելի է փող աշխատել՝ այդ թվում՝ օգտագործելով այդ վայրի բարդ կարգավիճակը, հարցերի կարճ ու ընկերային լուծումները, իրավական կարգավորումների պակասը, վերահսկողության բացակայությունը և այլն։
 
 
Հրաժարականի տեքստը Հարությունյանն սկսում է իր վրայից պարզունակ ձևով նետելով բեռը՝ «ես ընդամենը 4 ամսվա նախագահ էի երբ պատերազմը սկսվեց»։ Արայիկ Հարությունյանը որքան էլ որ դրանից հետո խոսի պատասխանատվության իր բաժնից ու ներում հայցի, նա ի սկզբանե «թռել է» այդ բեռի տակից՝ իր վրա վերցնելով միայն այնքան որքան «4 ամսվա նախագահինն է»։
 
 
Բակո Սահակյանի վրա այդպիսով ցուցմունք տվող Արայիկ Հարությունյանն այստեղ մոռացել է, որ ինքը մինչ այդ վարչապետ ու պետնախարար էր, ու Արցախում գործերի վատ վիճակի պատասխանատուն լինելով՝ չէր վերահսկում Արցախում իրականացվող ծրագրերը, չէր հետևում թե իր կնիքն ով ինչ թղթի վրա է դնում, ու օրինակ ինչ զարգացման ծրագիր էր դրանով կիսատ պռատ արվում։ Իսկ դա նրանից էր, որ Արայիկ Հարությունյանն զբաղված էր ավելի շատ ոչ թե պետական, այլ մասնավոր գործերով, ասենք, կաթնամթերքի գործարանի փայերով, դրա վեճերով, այն իրենով անելով ու այլ բիզնեսներով։
 
 
Հրաժարականի տեքստում Արայիկ Հարությունյանը շատ հնչեղ հայտարարել է, որ պատերազմի ժամանակ իր լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին, ամեն ինչ արել է հանուն Արցախի։
 
 
Այ հենց այսպիսի մտքերն են, որ ոչ միայն թույլ չեն տալիս գոնե մի պահ տխրել, որ Արայիկ Հարությունյանը հեռացավ, այլև զայրացնում են։
 
 
Արդյո՞ք նման հայտարարություն անող Հարությունյանն այդպիսի ցուցմունք է տվել պատերազմին առնչվող գործերով: Թե՞ իրականում, այո, մասնակցելով մարտական գործողությունների կազմակերպմանը, անմիջապես հանձնարարականներ տված լինելով, ղեկավարած լինելով ընդհուպ զորքի շարժերը ու երբեմն անձամբ լինելով ձախողումների պատճառը, ցուցմունք է տվել, որ ինքը պաշտպանության բանակի ղեկավարման հետ կապ չի ունեցել, այդպիսի լիազորություններ չի ունեցել։ 
 
 
Ամեն ինչ Ջալալ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի ու մյուսների վրա բարդելի՞ս էլ Հարությունյանը հիշում էր, որ ինքը երբեմն արել է բաներ, որոնք իր լիազորություններից ավելին էին ու դուրս։ 
 
 
Հնարքը, երբ լիազորություններիցդ դուրս գալով հանգեցնում ես ձախողումների և պատասխանատվությունից խուսափում՝ հայտարարելով, որ կատարվածը լիազորություններիցդ դուրս էր ու ոչինչ անել չէիր կարող, բայց երբ ինքդ քեզ գովելու ժամանակն է, որոշում ես պնդել, որ դու լիազորություններիցդ ավելին ես արել, պարզունակ են և անազնիվ։
 
 
Արայիկ Հարությունյանի հրաժարականը չի տխրեցնում նաև այն պատճառով, որ նա, որքան էլ հիմա իր պաշտոնավարման հարցերը կապի Արցախի բարօրության հետ, ընդամենը ամիսներ առաջ էր քննարկում հանրաքվեի ու իր վերընտրման հետ կապված գաղափարը ու բավականին ամուր էր կառչած այն աթոռին, որտեղ իրեն այլևս չէին վստահում։
 
 
Հարությունյանի հրաժարականի սրտաճմլիկ տեքստը չի սազում նաև նրա գույքային դրության, ֆինանսական շարժերի, Հայաստան տեղափոխված կապիտալի, Երևանում վերջերս գնված գույքերի հետ։
 
 
Արայիկ Հարությունյանն Արցախի համար ամեն ինչ անելու մասին խոսելիս չպետք է մոռանա նաև, թե իր բոլոր պաշտոնների ժամանակ որքան է խանգարել Արցախի համար ամեն ինչ անելու պատրաստ մարդկանց։