Հետևեք մեզ։

ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, սա մտահոգիչ է․ Նիկոլ Փաշինյան

23:32, 02 սեպտեմբեր 2023
ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը, սա մտահոգիչ է․ Նիկոլ Փաշինյան


Այս պահի դրությամբ մեր իրավիճակը հետևյալն է. որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, Կարմիր խաչի միջոցով տեղափոխվում են Հայաստան և որոշ թվով քաղաքացիներ, հիմնականում ուսանողներ, որոնք սովորում են Հայաստանում՝ ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել են Հայաստան: Այս մասին ասել է Փաշինյանը՝ պատասխանելով La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնմանի հարցին, թե  հայերի Լեռնային Ղարաբաղից դուրս գալու շարժերը կարո՞ղ են վկայել այն մասին, որ սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է։

 

«Ընդհանուր առմամբ, դրանից առաջ կա լուրջ խնդիր: Իսկ լուրջ խնդիրը հետևյալն է, որ դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 5000 բնակիչ չի կարողանում վերադառնալ և նաև Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 30 հազար բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ, այս խմբի մեջ են այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում լքել են իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց այս մարդկանց խնդիրը պիտի լուծված լիներ: Այսինքն՝ դե յուրե լուծված է, դե ֆակտո լուծված չէ, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում արձանագրված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, և այս կատեգորիայի մեջ մտնող մոտավորապես մի քանի տասնյակ հազար հայ կա, որ այսօր փաստացի զրկված է այդ հնարավորությունից:

 

Իսկ, ընդհանուր առմամբ, մենք չենք էլ թաքցրել, և ես Կառավարության վերջին նիստում խոսել եմ այդ մասին, որ մեր դիտարկմամբ և գնահատմամբ՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դա է պատճառը, որ, ըստ էության, արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով: Եվ Լաչինի միջանցքի խնդիրն էլ պիտի դե յուրե լուծված լիներ, որովհետև գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավական պարտադիր որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիների, բեռների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Բայց, քանի որ այդ որոշումը, որը կայացվել է 2022 թվականի փետրվարի 22-ին և վերահաստատվել 2022 թվականի հուլիսի 6-ին, չի կատարվում: Դա արդեն Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամից հետո գալիս է վկայելու նաև, եթե կարող ենք այսպես ասել, միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»,- ասել է Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Լաչինի միջանցքի կենսունակությունը պետք է երաշխավորվեր ռուս խաղաղապահների միջոցով, բայց մենք գիտենք, որ դա տեղի չի ունենում, բայց կարո՞ղ եք բացատրել քաղաքական այն իրավիճակը, որը Ռուսաստանին հետ է պահում միջամտելուց, որպեսզի 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը, Փաշինյանը պատասխանել է․

«Ես չեմ կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Եվ սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է»։