Հետևեք մեզ։

ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր․ հարց՝ Փաշինյանին

23:40, 02 սեպտեմբեր 2023
ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր․ հարց՝ Փաշինյանին


La Repubblica թերթի լրագրողը հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանից, թե խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի։

 

«Շատ դժվար է գնահատել, որովհետև սկզբից մենք լավ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող են և այնքան մեծ չլինել, բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով: Բայց մյուս կողմից, մեր կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի, և մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ այստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային:

 

Մասնավորապես, վերջերս մենք Ադրբեջանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Բրյուսելում, դրանից առաջ էլ Պրահայում էր՝ պայմանավորվածության մի հատված, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքեն: Սա տեղի ունեցավ Պրահայում, երբ մենք համաձայնվեցինք հղում անել Ալմաթիի հռչակագրին, որն արձանագրել էր հետևյալը՝ խորհրդային հանրապետությունները Խորհրդային Միության փլուզումից հետո դառնում են անկախ պետություններ Խորհրդային Միության հանրապետությունների այդ պահին գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմաններով: Սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ավելի կոնկրետացնել պետությունների չափերը՝ Հայաստանի և Ադրբեջանի, և մենք Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 ք. կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 ք. կմ տարածքային ամբողջականությունը: Եվ այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից մինչև օրս այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել»,-ասել է Փաշինյանը և հավելել, որ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես շատ կարևոր է ընդհանուր գործընթացի առումով։

 

Լրագրողը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանին․  «Կարծում եք Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր», ինչին ի պատասխան՝ նա նշել է․

 

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, համենայնդեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի»։

 

Լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանի դիրքորոշումը շատ պարզ է, նրանք համարում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մաս և նույնիսկ պնդում են, որ Հայաստանի որոշ հատվածներ նույնպես Ադրբեջանի մաս են, որոնք նրանք նաև օկուպացիայի տակ են պահում և հարցին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ 

 

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն: Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով:

 

Վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի ուշադրության և ակտիվության աճ Եվրոպական միության և արևմտյան քաղաքական աշխարհի կողմից, բայց քանի իմ բարձրացրած խնդիրները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ այդ ուշադրությունը բավարար չափի չէ: Ինչը չի նշանակում, թե ես մտածում եմ, որ արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը, ոչ իհարկե: Դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար: Իհարկե, խոսքն այն գործընկերների մասին է, ովքեր անկեղծ շահագրգռված են և ուզում են այդ խաղաղությունը:

 

Բայց նաև ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ աշխարհը շատ փոքր է, և մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով, իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից»,- նշել է Փաշինյանը։

 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ։