Հետևեք մեզ։

ՔՊ-ի բերած, ՔՊ-ի տարած․ իշխանությունը Հայկ Մարությանի պես էլ վերաբերվում է Տիգրան Ավինյանին

19:10, 04 սեպտեմբեր 2023
ՔՊ-ի բերած, ՔՊ-ի տարած․ իշխանությունը Հայկ Մարությանի պես էլ վերաբերվում է Տիգրան Ավինյանին
Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալը 2018 թվականին առանձնապես լավ չընդունվեց։ Թեև նրա գլխավորած ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում ստացավ ձայների բացարձակ մեծամասնությունը, բայց բոլորին պարզ էր, որ դա հետհեղափոխական էյֆորիայի արդյունք էր, և Փաշինյանի թիմից ցանկացածն էլ նրա փոխարեն կստանար նույն թվով ձայներ։ Երևանով մտահոգ մարդիկ, այդ թվում և հատկապես ապաքաղաքական գործիչներ, երևանցիներ արդարացիորեն տարակուսած էին, որ Երևան քաղաքը ղեկավարելու է որևէ բան ղեկավարելուց չափազանց հեռու մեկը, ով չունի քաղաքային իշխանության, քաղաքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտում ո՛չ աշխատանքի փորձ և ո՛չ էլ գիտելիքներ, բացարձակ տեղյակ չէ, օրինակ, շինթույլտվությունից ու քաղաքապետարանի առօրյան կազմող որևէ այլ հարցից։
 
 
Մտահոգությունները տեղին էին, և Մարությանը շատ արագ ապացուցեց, որ  քաղաքապետի լիազորությունների մեջ մտնող հարցերից իսկապես ոչինչ չի հասկանում։ Սա հաստատում են նրա հետ վայրկյան անգամ առնչված բոլորը՝ քաղաքապետարանի աշխատակիցներից մինչև այլ հմուտ պետական պաշտոնյաներ։ Հայկ Մարությանն իր պարտականությունների փոխարեն լավ յուրացրել էր ՔՊ-ական կառավարման ոսկե կանոնը՝ շոուն սոցցանցերում, անբովանդակ հավաքներն ու ժողովները, ինչպես նաև ձեռք էր բերել մի անհասկանալի ինքնավստահություն։ Նրա դերասանական մեծ տաղանդը նույնիսկ չէր բավականացնում՝ թաքցնելու համար մի կողմից անկարողությունը, մյուս կողմից՝ ցինիզմը, որի բավականին մեծ չափաբաժնով նա ավագանու նիստերին ծիծաղում էր իրեն ուղղված քննադատությունների վրա։ Սրանից բացի, դեռ այն ժամանակ Հայկ Մարությանի գույքերը Չեխիայում էին, ընտանիքը կապեր ուներ նրա կնոջ ծննդավայրի հետ։
 
 
Այս ամենը Հայկ Մարությանին քաղաքապետ սարքած ու նրա հետ հավասար խայտառակվող ՔՊ-ականները լավ գիտեին, բայց համապատասխան հրահանգի տակ պաշտպանում էին նրան, բերում պետություններ ղեկավարող անփորձների, այդ թվում՝ դերասանների օրինակներ, մատնացույց անում Կարգին Հայկոյի ստորագրած պայմանագրերով Երևան բերված աղբամաններն ու ավտոբուսները, իսկ երբեմնի սիրված դերասանը շարունակում էր վատնել այդ սերը՝ բազմապատիկ ոգևորվելով դրանից ու ավելի կորցնելով իրականության զգացումը։ Կարգին Հայկոն շատ արագ ապացուցեց, որ «Մեր բակ»ում կատարած իր «ես լավ տղա եմ» երգի հետևանքներից (ավագները կհիշեն) դասեր չի քաղել։
 
 
Ժամանակները, սակայն, փոխվեցին, ու թե Հայկ Մարությանը ինչ «շառի եկավ», չգիտեմ, բայց հանկարծ եկավ նույն ՔՊ-ականների կողմից նրան հեղինակազրկելու ու քաղաքապետարանից դուրս շպրտելու ժամանակը։
 
Իշխանությունն այստեղ գործի դրեց քաղաքականության անբարո ձևերին բնորոշ հնարքը և հանկարծ հիշեց այն, ինչ վաղուց գիտեր, ու արձանագրեց, որ Հայկոն ուղղակի դերասան է, ըստ Ալեն Սիմոնյանի՝ «տկզար», որ նա հայրենասեր չէ, գույքերը Չեխիայում են, ընտանիքը՝ նույնպես ու նման բաներ։
 
 
Հայկ Մարությանի որպես քաղաքապետ պաշտոնավարման ժամանակները հիմա էլ հիշել ենք ՔՊ-ականների ջանքերով, ովքեր ավագանու ընտրությունների քարոզարշավին առիթը բաց չեն թողնում իրենց նախկին թիմակցին անվանարկելու համար։ Բայց բոլորը հասկանում են, չէ՞, որ ի դեմս այդ վարքագծի՝ գործ ունենք մի անբարո երևույթի ու ստի խոստովանության հետ։ Այլ կերպ ինչպե՞ս անվանել իշխանավորների պահվածքը, եթե նրանք Մարությանին անվանարկում են նրա այնպիսի բնութագրերով, որոնք նա դեռ այն ժամանակ ունեցել է ու, փաստորեն, բոլորիս խոստովանում են, որ իրենք նախկինում հերքելով դրանք, խաբել են բոլորիս։
 
Այն, որ երևանցու շահը իշխանության քաղաքական հաշվարկների մանրադրամն է, ու նրանք կարող են պաշտպանել անգրագետին, անբարեվարքին, կոռուպցիոներին, հանցագործին քանի դեռ նա իրենց ձեռնտու է, ապա կարող են մի օր հիշել, որ նա անգրագետ էր կամ անբարեվարք, նորություն չէ։ 
 
Բայց ավելի ու ավելի տարակուսելին այն էր, որ Հայկ Մարությանին այդ եղանակով պաշտոնազրկելուց և նրան ու Երևանի քաղաքապետարանն անհամատեղելի հայտարարելուց հետո իշխանությունը վերջինիս աթոռին նստեցրեց Հրաչյա Սարգսյանին, ով պաշտոնավարման էական էլ չէ թե որքան ժամանակահատվածում աչքի ընկավ միայն ավագանու նիստերին անհասկանալի ու անտրամաբանական շարժուձևով։ Նա որքան ավելի շատ էր փորձում խիստ ու պահանջկոտ քաղաքապետի դեր խաղալ, այդքան ավելի էր ցուցադրում իր խստության «ֆեյքությունը», անիմաստ «կուրաժն» ու բոլորին պատմում, որ անկախ դրանցից, միևնուն է, իր խոսքերին առանձնապես նշանակություն չեն տալիս։ 
 
 
Իշխանությունը մոտավորապես Հայկ Մարությանի պես էլ վերաբերվում է Տիգրան Ավինյանին։ Հայկ Մարությանի հակաքարոզին մասնակցող Ավինյանը, սակայն, քարոզարշավ է անում Մարությանի ոճով՝ անմիջականության տպավորություն թողնելով խոսում է նաև այնպիսի բաներից, որոնք իբր խոսելու չեն, բայց ինքը խոսում է, մի տարբերությամբ, որ Ավինյանը կարծեք թե, սովորականից ավելի է ոգևորվում։ Տիգրան Ավինյանը, սակայն, չի պատկերացնում, որ իր ունեցած բարեվարքության խնդիրների, հարուցված կարգապահական վարույթների վրա աչք փակող, դրանք կոծկելուն օժանդակող ու այդպիսով իրեն քաղաքապետ դարձնող իշխանությունը, մի օր նորից հիշելու է դրանց մասին․․․