Հետևեք մեզ։

Ինչո՞ւ են լռում Արևմուտքի սխալների մասին․ Փաշինյանի խաղերը Ռուսաստանի հետ

16:58, 05 սեպտեմբեր 2023
Ինչո՞ւ են լռում Արևմուտքի սխալների մասին․ Փաշինյանի խաղերը Ռուսաստանի հետ
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները սկսեցին սրվել ու դա գալիս էր և՛ նախատրամադրվածություններից և՛ ընթացիկ պատճառներ ուներ։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը միշտ էր հրապարակային վատաբանել ռուսական քաղաքական գործոնը, անցել նույնիսկ տնտեսական ազդեցությունների քննադատությանը, հանդես եկել ռուսական նախաձեռնությամբ հիմնադրված տնտեսական միությունների վերացման կոչերով, ու նա չէր կարող հենց Ռուսաստանում չընկալվել որպես հակառուսական։ Ռուսաստանի նախագահի հետ նրա առաջին շփումներից էլ ակնհայտ էր, որ նրանց հարաբերություններն անկեղծ չէին և Պուտինը Փաշինյանին չի վստահում, նրան չի համարում Ռուսաստանի բարեկամ, սպասում է, որ վերջինս թույլ է տալու Հայաստանում հակառուսական միջոցների կենտրոնացումը, բայց իրեն բնորոշ զսպվածությամբ, առանց հույզերի դիվանագիտորեն խոսում է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացումից։ 
 
 
Պուտինն, իհարկե, չէր սխալվում, և Փաշինյանի թիմակիցներն ի սկզբանե չէին թաքցնում հակառուսական տրամադրվածությունը, երբեմն էլ ամերիկյան ֆինանսավորումը, նրանք սկսեցին ավելի ու ավելի հաճախ հյուրընկալել եվրոպական ու ամերիկյան գործիչներին, հյուրընկալվել նրանց ու Ռուսաստանի դերի նվազումն սկսեց ընդգծվել։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում փոքր-ինչ մեծացավ պատերազմի ժամանակ, իսկ ավելի կոնկրետ՝ այն կանխելիս, որովհետև ռուսական միջնորդությունը դարձավ այդ պահին տեղի ունեցողին վերջ տալու միակ միջոցը։
 
 
Ասել, որ Հայաստանում Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը միայն իշխանության քաղաքական կուրսով էր պայմանավորված, ճիշտ չէ։ Ռուսաստանի ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորումների՝ ռազմական ու մնացած ոլորտներում դաշնակցային պարտավորությունների չկատարման, ուշ կատարման կամ վատ կատարման դեպքերի մի մասը բոլորս գիտենք, բոլորս ենք տեսել, որ Ռուսաստանը, երևի, բնական է ու նորմալ, բայց մեզ վերաբերել է ոչ թե մեր պատկերացրած, այլ այդ պահին ձեռնտու բարեկամի պես ու տված ամեն ինչի դիմաց վերցրել է մի շատ կարևոր բան։ Սրան գումարվեցին նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունները։ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները սրվեցին այնպես, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին վնասելու համար երկրորդ պլան մղեց Իրանի հանդեպ ճնշումները, ապա եկավ ռուս-ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանին իր դիրքից ցած նետելու բացահայտ եվրոպական փորձերը, հետո պատերազմը, այս համատեքստում Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունների վերափոխումը, իսկ ավելի կոնկրետ՝ Պուտինի ձգտումը՝ լուրջ կոնֆլիկտի չգնալ ավելի ու ավելի ազդեցիկ դարձած, Արևմուտքին մատ թափ տվող, սեփական կանոններով շարժվող, բայց Պուտինի դիրքը հարգող Էրդողանի հետ։
 
 
Հանուն արդարության՝ սրանք կարող էին նեղացնել մեզ ու նեղացնում են այնպես, ինչպես կնեղացներ, եթե լավ բարեկամդ ինչ-որ շահերից ելնելով սկսում է հետդ պակաս բարեկամություն անել։ Բայց մյուս կողմից, եթե խոսում ենք պետությունների հարաբերություններից ու դիվանագիտությունից, ապա պետք էր նախ՝ հարաբերություններից հենց դիվանագիտություն էլ ակնկալել, ապա նաև ազնիվ ու արդար լինել այդ դիվանագիտության մեջ։
 
 
Եվ ահա, դաշնակիցների հետ հարաբերություններում ազնվության հարցում Փաշինյանի իշխանությունը լրջագույն խնդիրներ ունի։ Կրկնելով, որ ռուսական վարքագիծը Հայաստանում ամենևին բավարար չէ ու ակնհայտ է, որ Ղարաբաղի հարցից հոգնած ռուսների գլխավոր խնդիրն այն է, որ Արցախի հարցում ինչ էլ լուծվի, բոլորն իմանան, որ այն իրենք են լուծել ոչ թե Արևմուտքը, չենք կարող չտեսնել, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի վաղեմի դաշնակից Ռուսաստանին ու Հայաստանն իրենցով անելու փորձեր անող Եվրոպային նույն կերպ չի վերաբերում, նրանց սխալներին նույն կերպ չի արձագանքում։
 
 
Արցախի հարցում բանակցությունների միջնորդությունը Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն փոխեցին դեպի Շառլ Միշել՝ պատեհ ու անպատեհ քննադատելով Ռուսաստանի վարքագիծը, նրան մեղադրելով իր պարտավորությունները չկատարելու մեջ։ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ականների հայտարարությունները երբեմն հատել են նույնիսկ դիվանագիտության սահմանները, նեղացրել այդ պահին ծանր  աշխարհաքաղաքական իրողությունների կենտրոնում գտնվող Ռուսաստանին, չեն գնահատել նրանց ջանքերը, գոնե այն, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս զինվորն է։ 
 
Իսկ ահա, եվրոպացիների մասին Հայաստանի իշխանավորները լուռ են։ 
 
 
Եվրոպայի միջնորդությամբ բանակցություններից բոլորս շատ արագ ստացել ենք այն, որ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ալիևը Հայաստանի տարածքի չափերն այդպես էլ չի ասել։ Բայց Փաշինյանն այդպես էլ հրապարակային չասեց, որ եվրոպացիները չեն կատարում իրենց պարտքը և նույն հայտարարությամբ հանդես գալ չեն պարտավորեցնում Ալիևին։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չմեղադրեց Եվրոպային նրանում, որ նրանք չեն կատարում իրենց ոչ թե դաշնակցային, այլ միջազգային պարտավորությունները և ցեղասպանությունը հենց այդպես չեն անվանում։ Ալեն Սիմոնյանը նույնպես երբեք իրեն բաժին հասած միկրոֆոնի առջև հակառուսականին հավասար հռետորաբանությամբ չասաց, որ եվրոպացիները, օրինակ, ի տարբերություն իրենց զինվորին մեր սահմանին կանգնեցրած ռուսների, չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները ու ոչ թե չեն կանխում ցեղասպանությունը, այլև այդ մասին չեն խոսում, նրանք միայն մտահոգ են։ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանին տարածաշրջանում հեղինակազրկելու բեռը Շառլ Միշելի հանձնարարությամբ իրենց վրա վերցրած Սիմոնյանը, Ռուբինյանը, Գրիգորյանը և այլք, մի անգամ գոնե չխոսեցին այն մասին, որ եվրոպական կառույցները, ՄԱԿ-ը, միջազգային դատարանները չեն կատարում իրենց պարտավորությունները, որ դրանք թղթի վրա գոյություն ունեցող իմաստազուրկ կառույցներ են, որոնք միայն մտահոգ են ու որոնց կայացրած որոշումների վրա Ադրբեջանում թքած ունեն։
 
 
Եվրոպական դիտորդական առաքելության տեղակայման համար չարչարված Նիկոլ Փաշինյանը, ամեն առիթով վիրավորելով Հայաստանի սահմանը պահող ռուս զինվորին, նույն հռետորաբանությամբ չխոսեց այն մասին, որ եվրոպացի դիտորդների վրա ադրբեջանցիների կրակոցներն անարձագանք մնացին ինչ-որ մեկի կամ ինչ-որ կառույցների անողնաշարության պատճառով, ավելին, հենց եվրոպացիները փորձեցին թաքցնել միջադեպը։ Հայաստանի իշխանությունները չարձանագրեցին, որ փաստորեն դիտորդական առաքելության տեղակայումը նպատակ ուներ ավելացնել եվրոպական գործոնը Հայաստանում ու այլ խնդիր չէր լուծելու, նրանք չասացին, որ փաստորեն Եվրոպացիները Հայաստանում ներկա լինել ցանկանում են, բայց Հայաստանում եղած խնդիրներին բախվել, ու դրա արդյունքում վտանգել ադրբեջանական կաշառքները, չեն ցանկանում․․․
 
 
Իսկ Հայաստանի իշխանությունները խոսում են միայն Ռուսաստանից, ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից դժգոհությունների մասին, բերում պատմական օրինակներ, թե ինչպես Ռուսաստանը հեռացավ Անդրկովկասից, իսկ թե ինչ արեց այդ ժամանակ Եվրոպան, այդ մասին նրանք լուռ են։ Հայաստանի իշխանություններն այս պահին քար են նետում Հայաստանի անվտանգության քիչ թե շատ երաշխիքների վրա՝ հանուն նույնիսկ իրենց ուղղված կրակոցը թաքցնող միշելների․․․