Հետևեք մեզ։

Օղակների արքան ես եմ․ 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյան

01:48, 06 սեպտեմբեր 2023
Օղակների արքան ես եմ․ 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյան

Ֆիզիկապես շատ ուժեղ եմ եղել։ Ու երբ ինձ ասում էին, որտեղից քեզ այդ մկանները, որ կարողանում ես խաչերը պահել, ես էլ ասում էի՝ գնացեք, դարբնի աշակերտ եղեք 4 տարի ու ձեր մկանները կզարգանան։ Իմ մկանները երևի հենց դրանից են եղել․Ալբերտ Ազարյան

 

Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ 1944 թվականին հոր մահից հետո աշխատել է դարբնի աշակերտ՝ զուգահեռ հաճախելով երեկոյան դպրոց։ 1946 թվականից զբաղվել է սպորտով՝ ըմբշամարտով և ծանրամարտով։

Ալբերտ Ազարյանին  մարմնամարզությամբ զբաղվելու առաջարկն արել է մարզիչ Սիմոն Ղարագյոզյանը՝ նկատելով նրա թեթև, մկանուտ կառուցվածքը։  

1947 թվականին Մոսկվայում մասնակցել է ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ 1948-1952 թվականներին սովորել է Հայկական ֆիզկուլտուրայի տեխնիկումում։ Ուսմանը զուգահեռ, Սիմոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ։ Ընդհանուր թվով՝  1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1954-1958-ին՝ աշխարհի քառակի չեմպիոն, 1956-ին (օղակներ) եւ 1960-ին (օղակներ, թիմային)՝ եռակի օլիմպիական չեմպիոն։ Օղակների վարժության հայտնի «Ազարյանական խաչ» տարրը հայ մարզիկն առաջին անգամ կատարել է 1953 թվականին Լենինգրադում։ 

 

 

«Ազարյանական խաչ»-ի մասին իր 92-ամյակին լեգենդար մարզիկը պատմել է Armsport.am-ին․ «Թեք խաչերի պատմությունը գնում-հասնում է 1953 թվական, Լենինգրադ․ Խորհրդային Միության առաջնության ժամանակ, երբ Հայաստանի թիմը մասնակցում էր օղակներով վարժություններին, մարզիչ Սիմոն Ղարագյոզյանը նկատում է, որ մրցավարները խտրականություն են դնում ու քիչ միավորներ տալիս հայ մարզիկներին: Նրանք էլ պատճառաբանում են, թե խաչերը պիտի պահել 3 վայրկյան, իսկ հայերն այդքան չեն կարողանում: 

Այնուհետև, Ազարյանը բարձրանում է օղակներին ու սկսվում է հայտնի պատմությունը։

«Ամենակարևոր դրվագն այստեղ այն է, որ Հրանտ Շահինյանի արած խաչը չէին համարել, որ 3 վայրկյան պահել է, դրա համար էլ ես բարկացա»,-բացատրում է Ալբերտ Ազարյանն ու ասում, որ այդ պահին իր համար նշանակություն չուներ անգամ այն հանգամանքը, որ այն, ինչ պատրաստվում է անել կանոնների խախտում է ու կարող է վտանգի տակ դնել մրցաշարին իր հետագա մասնակցությունը:

Ասում է. «Ինձ պետք էր, որ իմանան՝ ես կարող եմ հարցնել «Хватит держать?»: Թեքվում եմ այս կողմ, մրցավարին այդ հարցն եմ տալիս, այս մեկն ասում է․ «Хватит», թեքվում եմ մյուսին՝ «Хватит держать»? Սա էլ. «Хватит»:  Ու էլի գալիս եմ ուղիղ դիրքին»:

Գործընկերների՝ որակազրկման կոչերին հակադարձում է գլխավոր մրցավարը՝ նկատելով, որ հայ մարզիկը նոր տարր է մտցրել մարմնամարզության մեջ, որը հետագայում հենց նրա անունով էլ կոչվում է՝ «Ազարյանական խաչ»»:

«Այդ խաչը ոչ մեկ էլ չէր կարողանում անել տարիներ շարունակ։ Օղակների արքան ես եմ»,-ասել է Ազարյանը։ 

1956 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1956 թվականին Ավստրալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։ 1958 թվականին Մոսկվայում մասնակցել է աշխարհի առաջնության մրցումներին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի կոչում՝ օղակներից։ 1960 թվականին Իտալիայում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն օղակներից։  

 

 

Մասնակցել է մրցումների աշխարհի 49 պետություններում, նվաճել 45 ոսկյա, 42 արծաթյա և 10 բրոնզե մեդալներ։ ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։

1964 թվականին ավարտել է մարզական գործունեությունը՝ անցնելով աշխատանքի Երևանի քաղաքային ժողկրթության վարչության օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցում որպես տնօրեն։ 1964-2000 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի պատվավոր հյուր։

Իրոք, եթե մի օր մարմնամարզությամբ չզբաղվեմ, չեմ կարող ապրել․ 86-ամյա Ալբերտ Ազարյան

2022 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է Ալբերտ Ազարյանի կիսանդրին։

 

 

2000 թվականին ճանաչվել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկը։