«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղի ունեցած «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանի ներկա չլինելը, մեղմ ասած, աննկատ չմնաց: Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ իրողությանը՝ նշելով, որ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել համաժողովին, քանի որ ինչ-ինչ անհանգստություններ է ունեցել, ի մասնավորի, որ տարածքում կարող էին որոշակի թվով «ոչ յուրային» մարդիկ լինել, որոնք անախորժ հարցադրումներ կարող էին անել, իրեն անհարմար վիճակի մեջ դնել:
Այս առումով մեզ նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Պարզվում է, որ «ԴիջիԹեք 2022»-ին Նիկոլ Փաշինյանի՝ նախապես ծրագրված, ապա անակնկալ չեղարկված ներկայության մանրամասներն է՛լ ավելի հետաքրքրական են: Այն, որ Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել է ներկա գտնվել տեխնոլոգիական ցուցահանդեսին ու մասնակցել համաժողովին, փաստ է այնքանով, որ նրա «ախրանան» նախապես շրջել է տարածքում՝ որոշակի դժվարություններ հարուցելով ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների համար: Այնտեղ են եղել աշխատակազմի ներկայացուցիչները:
Ավելին, ոլորտի ներկայացուցիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ «ԴիջիԹեք 2022»-ին ներկա լինելուց Նիկոլ Փաշինյանին հետ պահելու հարցում որոշ հետաքրքրվածություն է ունեցել նաև նրա ԿԳՄՍ նախկին նախարար, իսկ այժմ՝ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որի ոչ բարեկամական (մեղմ ասած) վերաբերմունքը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ նորություն չէ: Այդ վերաբերմունքը արտահայտվել է մի շարք օրինակներով, այդ թվում՝ «Արմաթ» լաբորատորիաներին ու դրանց ֆինանսավորմանն առնչվող հարցերում: Այդ առումով էլ են «վախեր» եղել, որ նման վերաբերմունքից դժգոհ «այթիշնիկները» կարող են Փաշինյանին տհաճ հարցեր ուղղել: Ի դեպ, «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված իրավիճակն ինքնին բավականին ուշագրավ թեմա է, բայց այդ մասին, ինչպես ասվում է, հաջորդ դասին»: