Ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։
«Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է, Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ԼՂ-ի և Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դրվում կեղծ թեզեր։ Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը և ՄԱԿ անդամ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։ Միևնույն ժամանակ ընդծում եմ ՀՀ հավատարմությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը»,- ասաց վարչապետը։