Ալեն Սիմոնյանի ու Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի «բանավեճն» այդպես էլ չի ստացվում։ Բանավեճ, կարծեք թե միշտ կա՝ Ալեն Սիմոնյանը 2021 թվականից սկսած արձագանքում է հատկապես Արցախի խնդրի հետ կապված ՌԴ արտաքին գերատեսչության բոլոր այն հայտարարություններին, որոնցում ռուսները հասկացնում կամ ուղիղ ասում են այս կամ այն քայլի վտանգավորության կամ հակադիվանագիտական լինելու մասին։ Վերջին միջադեպը կապված էր Զախարովայի այն հայտարարության հետ, որ Արցախում ստեղծված իրավիճակի պատճառը Փաշինյանի կողմից այն Ադրբեջանի մաս ճանաչելն էր։ Ճի՞շտ է այս պնդումը, թ՞ե սխալ, դժվար է ասել։ Դժվար է, քանի որ Արցախում վիճակը օրեցօր վատթարանում էր ավելի վաղուց, քան Փաշինյանը հրապարակային նվիրեց Արցախը, բայց և ասել, որ այդ հայտարարությունը ավելի չոգևորեց Ալիևին, էլի ճիշտ չէ։
Սիմոնյան-Զախարովա «զրույցներում», սակայն, կարևորը է ոչ թե բուն հարցը, որի մասին կողմերը խոսում են, այլ մի քանի այլ բան։
Նախ, Ալեն Սիմոնյանի ու Մարիա Զախարովայի միջև դիրքորոշումների փոխանցման առաջին իսկ անհաջող փորձից պարզ էր, որ Սիմոնյանը, ինչպես միշտ, չի պատկերացնում իր կարգավիճակը։ Այո, Ալեն Սիմոնյանը չի հասկանում, որ ինքը Հայաստանի՝ մի ամբողջ պետության, խորհրդարանի ղեկավարն է, ինչը գոնե ենթադրում է, որ նա պետք է խոսի միայն նրանից, ինչից հասկանում է։ Սիմոնյանը պետք է հասկանար, որ ինքը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը չէ և պատեհ չէ, որ ինքն է Արարատ Միրզոյանի լռության պայմաններում խոսում հարցերից, որոնց մեջ ավելի շատ դիվանագիտություն պետք է լինի, քան որևէ այլ բան։
Բայց նա չի կարողանում զսպել հույզերը և իրեն չդնել ՀՀ ԱԳՆ հենց խոսնակի հաստիքին ու չսկսել անել այն, ինչ իրեն թույլ չի տալիս անգամ հենց խոսնակը։ Ալեն Սիմոնյանը հիշում է, որ ինքը Ազգային ժողովի նախագահն է, երբ որպես ԱԳՆ խոսնակ, այլևս ասելիք չունի։
Սրանցից շատ չես զարմանա, եթե մի պահ մոռանաս, թե ինչ աթոռի է նստած Ալեն Սիմոնյանը ու վերլուծես նրա վարքն ընդհանրապես։ Իսկ Ալեն Սիմոնյանի վարքը ցույց է տալիս, որ նա իրոք անհամատեղելի է ցանկացած գերատեսչության խոսնակի պաշտոնի հետ անգամ։ Հատկապես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին անհավասարակշիռ, դիվանագիտական առումով անընդունելի, էմոցիոնալ, սեփական անձնական հակակրանքը չթաքցնող ելույթներով, անզուսպ ու ոչ հասուն հայտարարութուններով հայտնի Ալեն Սիմոնյանը ցանկանում է, որ իրեն լուրջ ընդունեն։ Հայաստանի քաղաքացու դեմքին թքած, հետո վարչապետի որդու մասնակցությամբ միջադեպ հորինած ու դրա տակ պաշտպանվելու փորձեր արած, ապա դրա համար հենց վարչապետի որդուց ապտակ ստացած Ալեն Սիմոնյանը չի կարող չակընկալել, որ իրեն արձագանքելու են լավագույնը խոսնակի մակարդակով։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ նրան անդրադառնան օրինակ Լավրովը կամ Մատվիենկոն։
Իսկ ինչո՞ւ որևէ մեկը լուրջ ընդունի Ալեն Սիմոնյանին և արժանի համարի խոսել նրա հետ, եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված բարդ վիճակում, երբ ցանկացած պետական այր պետք է իր չափով զբաղվի հենց դրանցով, Ալեն Սիմոնյանի զբաղմունքը «ֆեյսբուքյան մի հայրենասերի» անիմաստ գրառմանը պատասխանելն է ու նրա հանդեպ տարած հաղթանակի մասին կիսվելը։ Չէ՞ որ բոլորն են տեսնում, որ Ալեն Սիմոնյանը պառլամենտական Հայաստանի պառլամենտի ղեկավարին դարձրել է Երևանի քաղաքապետի նախընտրական շտաբի պետի օգնական ու գցել փողոցները այն օրերին, երբ ամբողջ աշխարհին պատմելու կարիք կա, որ Ադրբեջանը համարյա բացում է «Զանգեզուրի միջանցքը»։
Այս պատմության մեջ ամենահիասթափեցնողը, սակայն, այն է, որ Սիմոնյան-Զախարովա հեռավար կռվում տղամարդկություն դրսևորում ու հետևաբար կռվում հաղթում է միշտ նրանից երկրորդը։ Եվ իսկապես, Զախարովային ու իր ամենաչսիրված բարեկամ Ռուսաստանից յուրաքանչյուրին Սիմոնյանը պատասխանում է էմոցիանալ և բռի ու կնոջից խորհուրդներ ստանում զուսպ, հավասարակշիռ ու դիվանագիտորեն ավելի հասուն լինելու մասին։ Այդպես էր նաև վերջին դեպքում, երբ իրեն Արարատ Միրզոյանի քարտուղարը սարքած Սիմոնյանը ասելիքն ավարտվելուց հետո հիշեց, որ ինքը քարտուղարների մակարդակի չէ՝ հերթական անգամ ընդգծելով անկրթությունն ու հռետորաբանության մեջ բռիությունը՝ ու էլի անհնար դարձնելով, որ իրեն խոսնակից բացի որևէ մեկն արձագանքի, այն էլ՝ առանց հեգնանքի։ Սիմոնյանն, այո, իր հրապարակային վարքագծով, ի պաշտոնե դրսևորած վարքագծով, իր զբաղեցրած պաշտոնի հանդեպ իր վերաբերմունքով, օրինակ, ի պաշտոնե նախագահական նստավայրում մի քանի օրով հայտնվելուց հետո նույնիսկ այնտեղ արված լուսանկարների մակարդակով, իրեն այն աստիճան է ցածրացրել, որ նրա վարքագծի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ապտակներ է ստանում հենց մամուլի խոսնակներից, ում դիվանագիտությունն ու մեծահոգությունը բավարարում է՝ շեշտելու, որ հայերը սիրալիր ժողովուրդ են ու Սիմոնյանի վարքը ոչ ոք հայ ժողովրդին չվերագրի։
Անկախ ամեն ինչից, մանավանդ հաշվի առնելով բանավեճի թեմայի բոլոր անկյունները, այն, որ իրոք նեղանալու պատճառներ ունենք բոլորից, մենք էլ կցանկանայինք այս պատմության մեջ պաշտպանել մեր Ազգային ժողովի նախագահին։ Բայց նա այդպիսի շանսեր չի տալիս, ամեն անգամ ավելի ու ավելի ոգևորված ու անզուսպ դրսևորելով իրեն, թքելով քաղաքացու դեմքին, ու արդարացնելով իրենց տան պատշգամբից ՀՀ քաղաքացուն ցուցադրված միջնամատը․․․