Բանը հասավ բողոքի դիվանագիտական նոտային ու կարևոր չէ, թե որ երկրի ԱԳՆ են հրավիրել Հայաստանը ներկայացնող դեսպանին։ Կարևորն այն է, որ նույն նոտան՝ առանց դիվանագիտական ձևակերպումների, առանց վերջում բարեկամության խոստման, ամեն օր հղում ենք նաև մենք՝ այն նույն պատճառներով, որով Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին։
Իհարկե, այն որ բողոքի նոտան դիվանագիտական է, ևս կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները խախտում են նաև դիվանագիտական բարեվարքության բոլոր կանոնները, չեն կարողանում թաքցնել անձնական հակակրանքներն ու հույզերը։ Իշխանականները չեն հասկանում, որ պետություն են ներկայացնում ու իրենց խոսքը դիտվում է որպես պետության խոսք, իսկ վերաբերմունքը՝ որպես պետության վերաբերմունք և հարբած ժամանակ ասված ցանկացած խոսքի համար պատասխան կարող է տալ կամ ողջ ժողովուրդը կամ գոնե Վաղարշակ Հարությունյանը՝ իրենց փոխարեն թուքումուր ուտելով։ Սրանք իսկապես չեն հասկանում, որ աշխարհի բոլոր պետությունների հետ, որոնց ի դեպ հավասար սիրել հնարավոր չէ, պետք է ձևավորել ու պահպանել բարիդրացիական հարաբերություններ, իսկ չեն հասկանում, քանի որ ունեցած դիվանագիտական անձնագրի իմաստը տեսնում են միայն դրանով VIP կարգով ճամփորդելու մեջ։
Հիմա առաջարկում եմ բոլորին՝ իշխանություններին սիրողներին, նրանց մոլի երկրպագուներին, նրանց փռած ասֆալտի դիմաց ամեն ինչ մոռացնողներին, առաջարկում եմ մի պահ իսկապես թողնել ասֆալտն ու օբյեկտիվ մտածել՝ ի՞նչ են անում սրանք։
Ռուսատյացները հաստատ կվկայակոչեն հայ-ռուսական հարաբերությունների բազմաթիվ խութեր ու կարդարացնեն այս ոչ բարեկամական վարքագիծը։ Իսկ ինչպե՞ս հնարավոր է արդարացնել դա, եթե իր թերություններով հանդերձ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Ռուսաստանի ու նրա ներկայացուցիչների հասցեին լպրծուն խոսքեր շպրտողները, կառավարության նիստի կմկմոցով ելույթը Ռուսաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելուն նվիրող վարչապետը բավականին բարիդրացիական է տրամադրված թուրքին հոգով ու զենքով օժանդակած ուկրաինացիների նկատմամբ։
Սա ախր, ոչ թե քաղաքական կուրսի, Ռուսաստանին սիրելու կամ Եվրոպային ավելի սիրելու, այլ շարքային տղամարդկային ինքնասիրության հարց է։ Սովորական բարոյականություն պետք է ունենաս ընդամենը, որպեսզի այդպես չնետվես ու դրսևորվես թշնամուդ առաջինը շնորհավորած Ուկրաինայում։ Ռուսաստանին իր սխալների համար կառավարության նիստում թեկուզ արդարացիորեն քարկոծող վարչապետն ինչո՞ւ նույնպիսի խոսքեր չի ասել Ուկրաինայի հասցեին, ով ամեն կերպ աջակցել է Ադրբեջանին։ Լավ, նույն վարչապետն ու ԱԺ նախագահը, ինչո՞ւ գոնե նույն ձևակերպումներով չեն խոսում Թուրքիայի ու Ադրբեջանի, նրանց պաշտոնատար անձանց հասցեին։ Կամ, ինչո՞ւ Աննա Հակոբյանը Ուկրաինայում չունեցավ նույն փիլիսոփայական ելույթներից, որոնցով հանդես է գալիս՝ նսեմացնելով Արցախում թափված արյունը։
Պետությունը միայն պետական բյուջեով պատկերացնող Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չի հասկանում, որ ոչ ոք, այդ թվում՝ ՄԱԿ-ը, որին դիմում էր օրեր առաջ, չեն էլ նկատի Հայաստանին օգնելու անհրաժեշտությունը, քանի դեռ ինքն ու իր խումբը զբաղված են իրենց քաղաքապետացուի քարոզարշավով կամ երբ նրա օրվա ամենակարևոր բացահայտումն այն է, որ Հայաստանի հիմնը իր այցելած տարբեր դպրոցներում տարբեր հատվածներից է հնչեցվել։ Նիկոլ Փաշինյանն, այո, հենց այն օրերին, երբ Ադրբեջանը զորք է կուտակում սահմանին, իսկ Հայաստանի ազգային ժողովի նախագահը վեճի է բռնվել Հայաստանի անվտանգության քիչ թե շատ երաշխավոր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ կնոջ հետ ու պատանեկան վիրավորանքներ է նետում նրա հասցեին, ավելի կարևոր անելիք չունի, քան Երևանում իրականացվող շինարարությունների վայրեր այցելելը՝ Տիգրան Ավինյանի հետ ու նրա քարոզարշավով զբաղվելը։
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ է, չէ՞, իր երկրպագուների հետ տեսել, որ քարոզարշավին վարչական ռեսուրս օգտագործելը՝ մանկապարտեզների ու դպրոցների աշխատողներին քարոզարշավի բերելն ու տանելը, բացահայտված է։ Ասելիք չունենալու դեպքում նախկինների մասին հիշեցնող Նիկոլ Փաշինյանը հասկացել է, չէ՞, որ աստիճանաբար կորցնում է բարոյական իրավունքը՝ խոսելու կեղծված ու վարչական ռեսուրսի գործադրմամբ ընթացած ընտրությունների մասին։
Բայց իսկապես, այս պահին հարցը ո՛չ Երևանի ավագանու ընտրությունների և ո՛չ էլ հենց Ռուսաստանի հղած բողոքի նոտայի մեջ չէ։ Հարցը Հայաստանի անվտանգությունն ու ավելի քան հարյուր հազար հայերի ապրելու իրավունքն է, որը Հայաստանից ուղարկած փողով չես պահի, եթե փող ուղարկելուց ու այդ մասին մեծ-մեծ խոսելուց հետո այնպես ես անում, որ ուղարկածդ փողը ոչ մի արժեք չունենա։
Հարցը այն է, որ հենց այս օրերին Հայաստանում ոմանք զբաղված են հատկապես այնպիսի բաներով, որոնք վտանգում են ոչ միայն Արցախի հայության, այլ նաև սյունեցիների կյանքը և ընդհանրապես՝ Հայաստանի գոյությունը։ Նրանք այնպես են անում, որ շուտով Հայաստան այցելի Զելենսկու կինը, իսկ մենք երանի տանք, որ Հայաստանի հիմնը թեկուզ 6 տարբեր ձևերով, բայց հնչի, գոնե հնչի․․․