Համացանցում Տիգրան Ավինյանի մասնակցությամբ երկու նոր տեսանյութ կա։ Մեկում երևում է, թե ինչպես է նա քարոզարշավի ժամանակ մատով «պոզեր» դնում իր տեղակալ կամ իր ղեկավար, այդպես էլ չհասկացանք, Լևոն Հովհաննիսյանի գլխին։
Դա բոլորիդ ծանոթ կատակ է, ոչ մեկդ հաստատ առաջին անգամ չէիք տեսնում այդ ժեստը։ Բայց վստահ եմ բոլորդ վերադարձաք մանկություն, ու հիշեցիք, թե ձեր դասարանում որ չարաճճին էր այդպես անում դասընկերների վրա՝ հատկապես խմբով լուսանկարվելիս։ Հետո հաստատ հիշեցիք նաև, թե պատանեկության ու երիտասարդության տարիներին չարաճճիներից որը ծեծ կերավ ժամանակին չմեծանալու ու այդ մանկական կատակը արդեն 13 տարեկանից բարձր տարիքում անելու համար։
Մյուս տեսանյութում, Տիգրան Ավինյանը պատմում է,թե որտեղ է ավելի ճիշտ չիշիկ անել։ Այ սրա մասին ոչինչ ասել չեմ կարող, չգիտեմ թե ինչ հիշեցիք։
Իսկ հիմա շատ ավելի լուրջ, թեև վերևում գրածն էլ լուրջ է, համենայն դեպս ավելի, քան Ավինյանն է իր քարոզարշավին։
Անկեղծ ասած՝ առաջին զգացումը, որ ունեցել եմ այդ տեսանյութերը դիտելիս, ափսոսանքն է եղել, որ մինչև այս պահը տանջվել, վերլուծել ենք Հայաստան-Արցախ-Արևմուտք-Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա- Իսրայել-Ուկրաինա և այլնի հարաբերությունների ու շահերի արդյունքում ձևավորված աշխարհաքաղաքական իրադրությունները ու մեզ թույլ տվել քննադատել, որ իշխանությունները սխալ են կողմնորոշվում, ու սխալներ են թույլ տալիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարելիս։
Բայց ինչի՞ց ենք խոսում, ի՞նչ միջազգային հարաբերություն, ի՞նչ իշխանություն, ի՞նչ քաղաքի կառավարում, ի՞նչ ասֆալտ, ի՞նչ սխալ: Սխալն ամենևին իրենք չեն։ Սխալը մենք ենք, որ ինչպես կհամեմատեր Ավինյանին առաջադրած Նիկոլ Փաշինյանը, իշխանություն կոչվող ավտոմեքենայի ղեկին նստացրել ենք 12 տարեկանից ավելի չձգող ու հետևաբար՝ «պռավա» չունեցող մարդկանց։
Եվ անկեղծ՝ ճի՞շտ է արդյոք 12 տարեկանին նստացնել ավտոմեքենայի ղեկին ու նեղանալ նրանից որ նա լավ վարելու փոխարեն կամ ղեկն անտեղի աջուձախ է անում կամ էլ, ասենք, վարելը թողած՝ խաղում է փոխանցման տուփի հետ կամ օրինակ «ծիկ» անում անցորդներին։
Չկարծեք, թե հաճելի է այսպիսի մանկական բաների մասին գրել, բայց մենք չենք մեղավոր, որ Տիգրան Ավինյանը ոչ թե օրինակ աստղադիտարան է վատ կառուցել, այլ ուղիղ եթերում իր կոլլեգայի գլխին «պոզեր» է անում։
Բայց մի ավելի վատ բան էլ կա։ Եթե հետևեք քարոզարշավին կտեսնեք, որ Տիգրան Ավինյանը բավականին ինքնավստահ է, ամենևին զգույշ չէ իր պահվածքի մեջ, հաճախ է իջնում ու հասնում փողոցային ժառգոնին ու տոնայնությանը, չունի պաշտոնատար անձի կեցվածք ու լեքսիկոն, որով անմիջական, բայց այդ բակի պարապներից տարբերվող լեզվով կխոսի փաստացի իր ղեկավարած քաղաքի բնակչության և ինչու չէ՝ նաև իր տեղակալների հետ։
Երկու տեսանյութերն էլ դրա դրսևորումն են։ Ավինյանը մանկական այդ ժեստն անում է տեսախցիկի առաջ, տեսնելով ու հասկանալով որ դա տեսագրվում է ու բոլորը կտեսնեն ու հենց այդ պարմաններում էլ ինքնավստահորեն անում է դա՝ առնվազն լրագրողի աչքի առաջ իմիջազրկելով իրեն ու իր տեղակալին։
Ես ուզում եմ հույս հայտնել, որ փոխվարչապետ աշխատած Ավինյանի այս դրսևորումները գոնե ինչ-որ բանի՝ անմեղ բանի, ասենք՝ օղու ազդեցությամբ են արված ու խնդրել, որ ամեն դեպքում, մինչև քարոզարշավի ավարտը խանութներից հավաքեք «ջրի պիստալետներն» ու հատկապես՝ «ռագատկաները»…