Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործարկեց VAR (տեսաօգնության) համակարգը, որի ներդրման աշխատանքները մեկնարկել էին մեկ տարի առաջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեսաօգնության համակարգը ֆուտբոլի կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել, որից հետո միայն որոշում կայացնել:
«VAR համակարգի ներդրմամբ Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին։ Այս ընթացքում կատարվել է ծավալուն աշխատանք թե՛ տեխնիկական, թե՛ մարզչական անձնակազմի վերապատրաստման մասով։ Հուսով եմ՝ համակարգը կօգնի մրցավարներին ավելի հստակ որոշումների կայացման հարցում, կձևավորի արդար մրցակցություն ակումբների միջև՝ հանգեցնելով հայկական ֆուտբոլի զարգացմանը»,- Վազգեն Սարգսյան մարզադաշտի VAR համակարգի կենտրոնակայանում շրջայցի ընթացքում նշեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։