Հետևեք մեզ։

«Զատո» ասֆալտ ունենք

09:13, 12 սեպտեմբեր 2023
«Զատո» ասֆալտ ունենք

Առաջին լուսանկարում Երևանի Ավետ Ավետիսյան փողոցն է՝ Վ. Փափազյան փողոցի հետ խաչմերուկի մոտ, որտեղից արդեն սկիզբ է առնում Սարալանջի փողոցը։ Փողոցների այս հատվածը, կարծեմ, մեկ ամիս առաջ կամ ավելի, վերանորոգվում էր, հավանաբար ջրահեռացման համակարգ էր փոխարինվում։ Փոխարինվեց ու քանդված ասֆալտի տեղում լցված ասֆալտը, տեսնում եք երևի, հավասար չէ ավելի հին ասֆալտին։

 

 

Երկրորդ լուսանկարը նույնպես Ավետիսյան փողոցից է, առաջին լուսանկարի վայրից մոտ 50 մետր ավելի հետ։ Ինչպես դա էլ տեսնում եք, հավանաբար, հարակից տարածքի վուլկանացման կետերի աշխատակիցները առաջացած հորն անտեր չեն թողել, ու նախազգուշացնող անվադողեր են տեղադրել, թեև անբարեխիղճ լինելու դեպքում կարող էին չանել ու հորում պայթած անիվները վերանորոգելով փող աշխատել։

 

 

Լուսանկարներն արված են օրեր առաջ, ու հարցին չէի անդրադարձել, քանի որ հենց հաջորդ օրը տեսա, որ ճանապարհի՝ առաջին լուսանկարում երևացած հատվածը նորոգում էին։ Ուրախացա, մտածեցի՝ վերջապես նորոգում են արդեն մի ամիս ավտոմեքենաները վնասող ու խցանումներ առաջացնող խաչմերուկի հատվածը և, փաստորեն, անվադողերով պատված հորին արագ էլ արձագանքում են։ 

Բայց ի՜նչ հիասթափություն. արդեն երեկ նույն հատվածով երթևեկելիս հասկացա, որ ճանապարհի հին անհավասարությունը վերանորոգել են, լցրել նոր՝ բայց էլի անհավասար ասֆալտ։ Իսկ ամենազավեշտալին ու միաժամանակ զայրացնողն այն է, որ վերանորոգված հատվածից ընդամենը 50 մետր այն կողմ բացված հորին ոչ ոք չէր էլ մոտեցել, դրա վրա ավելացել էր միայն անվադողերի քանակը։

Ճանապարհի վիճակին ու դրա խեղկատակ վերանորոգումներին անդրադառնալու պատճառն այն է, որ այն իսկապես քաղաքային պարզունակ խնդիր է, որն ամեն օր սղոցում է վարորդների նյարդերն ու ազդում նրանց գրպանի վրա։

Մյուս՝ հատկապես փաստերն այսքան մանրամասնելու պատճառն այն է, որ օրերս Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության պետը ասֆալտի մասին հարցերին որոշ պատմություններ պատմելով ու կարգերը ներկայացնելով պատասխաններ տալուց հետո հայտարարեց, որ բլոգերները մատով ասֆալտի չափ են չափում ու շեշտեց, որ Ավինյանի պաշտոնավարումից առաջ բլոգեր չկար։

 

Պատեհ առիթն օգտագործելով, քաղաքապետարանի ոգևորյալ աշխատակցին տեղեկացնենք, որ մենք, օրինակ, ասֆալտի շերտերը չափում ու անհավասարությունը պարզում ենք ոչ թե մատով, այլ այդ ասֆալտով վարելիս ավտոմեքենայում առաջացած երկրաշարժի բալերով։ Իսկ Տիգրան Ավինյանի գալստյան հետ ասֆալտի թեմայի արդիականացման մեղքը պետք է փնտրել Տիգրան Ավինյանի ու Նիկոլ Փաշինյանի մեջ, տեսնել, որ այդ նրանք են խոսում միայն ասֆալտից, ամեն 3-րդ օրը հայտարարում, որ աննախադեպ ծավալի ասֆալտապատում է արվել։ Այդ նրանք են այս ու այն կողմ այցերի ժամանակ գտնում կյանքում ասֆալտ չտեսած կանանց, ու բերում հայտարարելու, որ բոլոր խնդիրները ոչինչ, «զատո ասֆալտ ունենք»։

Արդարությունը պահանջում է չմեղադրել Նիկոլ Փաշինյանին դրանում, ու արձանագրել, որ նման սահմանափակ հայտարարությունների, չնչին բանից մարդկանց ուրախանալու ու այլևս ոչինչ չտեսնելու պատճառն այն է, որ նրանք նախկինում ոչինչ չեն տեսել։

 

Սա, իհարկե, Տիգրան Ավինյանին կամ քաղաքապետարանին իրավունք չի տալիս մի տեղ ասֆալտապատել՝ մյուս տեղում եղածն ավերել, կամ այնպես ասֆալտապատել, որ ավտոմեքենադ այդտեղ վարելիս ուղղակի ցնցվի։ Քաղաքապետարանի պաշտոնյան, հավանաբար, այս դեպքերի հետ կապված էլ նորից կպատմի կարգերը, կնշի, թե ինչպես են մրցույթ անում, ինչպես են քանդում ասֆալտը, ապա հողալցման աշխատանքներ կատարում, ապա սպասում հողն ամրանա ու էլի մեր մտքում էլ եկած ինչ-որ բաներ։ Նա, հավանաբար, մի պատճառ էլ կասի այն մասին, թե ինչո՞ւ է հնարավոր, որ շինարարները նորոգեն փողոցում եղած փոսը, իսկ դրան մոտ գտնվող ու վթարի պատճառ դարձող մյուս փոսը չտեսնելու տան, կամ որ այս կամ այն աշխատանքը ժամկետի մեջ է, գրողի ծոցը, որ 10 օրվա աշխատանքի համար մեկ ամիս ժամկետ են սահմանել, փորել փոսերն ու գնացել տուն։

Բայց այդ բացատրությունները ոչինչ են, քանի որ ոչ մի նորմալ երկրում այդպես ու այդքան երկար ճանապարհ չեն նորոգում, կամ մեկը նորոգելով մյուսը չտեսնելու չեն տալիս։ Իսկ դուք ձեր սահմանած կարգերի տակ պաշտպանվում եք ու միաժամանակ մարդկանց համոզում, որ գոնե ասֆալտ ունենք…