Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունը հիմնարար խնդիր է և պետք է լուծվի խաղաղ գործընթացում որևէ իմաստալից արդյունքի հասնելու համար։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնար թվացող քայլերը խաղաղ բանակցություններում վստահություն ձևավորելու համար՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության։
Ի պատասխան այս բոլոր քայլերի՝ Ադրբեջանը շարունակել է իր բանտերում պահել ռազմագերիների և այլ քաղաքացիական անձանց, Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից առևանգել նոր պատանդներ, իր զորքերը դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ պարբերաբար հարձակվելով նրա վրա, և շարունակում է սպանել ու վիրավորել էլ ավելի շատ մարդկանց, արգելափակում է հաղորդակցությունները, տորպեդահարում պետական սահմանների սահմանազատման գործընթացը, արգելափակում և սովամահ անում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների, մերժում է Բաքվի և Ստեփանակերտի բանակցությունները միջազգային մեխանիզմների շրջանակներում։
Այս ամենը խաթարել և շարունակում է խարխլել խաղաղության գործընթացը, ինչպես նաև բոլոր միջնորդների ջանքերը: Այժմ, ի լրումն այս ամենի, Ադրբեջանն իր զորքերը կուտակել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ինքնիշխան տարածքի շփման գծում և իր ողջ պետական քարոզչությունը կենտրոնացրել է պատերազմական հռետորաբանության վրա՝ սպառնալով տարածաշրջանային փխրուն խաղաղությանը։
Խաղաղ գործընթացն ընդունելի փուլ վերադարձնելու համար միջազգային հանրությունը և միջնորդները պետք է Ադրբեջանից պահանջեն համարժեք քայլեր՝ ի պատասխան Հայաստանի վստահության ամրապնդման քայլերին։ Սրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակներում, որը կերաշխավորի ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, պետք է դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և Ադրբեջանի բանտերում անազատության մեջ գտնվող այլ անձանց, սկսի սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1975 թվականի քարտեզի վրա և ապաշրջափակի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ հիմնված կողմերի ինքնիշխանության և ազգային օրենսդրության վրա։
Սրանք այն նվազագույն քայլերն են, որոնք կարող են վստահություն ստեղծել և ապահովել կայուն խաղաղություն տարածաշրջանում»,- նշել է Մարուքյանը։