Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է 0,5 տոկոսային կետով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9,75 տոկոս։ Այս թեմայով այսօր Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ 2023 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 0,2 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը շարունակել է նվազել՝ օգոստոսի վերջին կազմելով 0,4 տոկոս։ Հիշեցնենք, որ սա արդեն վերաֆինանսավորման տոկոսադրույթի երրորդ նվազեցումն է ԿԲ-ի կողմից։ Գալստյանը գովաբանեց իրենց աշխատանքը գնաճի զսպման առումով։
«Ես կարծում եմ՝ Կենտրոնական բանկը, ընդհանուր առմամբ, հետահայաց նայելով՝ իրականացրել է չափազանց լավ դրամավարկային քաղաքականություն։ Խոհեմ, խելամիտ, շրջահայաց՝ ածականները կարող եք շարել կողքը։ Ու ես դա հիմա եմ արձանագրում, նախկինում այդպիսի գնահատականներ չեմ տվել, որովհետև մենք զգում ենք, որ այն գործը, որը մենք իրականացրել ենք, որոշակիորեն տալիս է իր արդյունքները»,-ասաց Մարտին Գալստյանը։
Գալստյանի խոսքով՝ դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կավելանա և միջնաժամկետում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ։
Hayastan.news-ը հետաքրքրվեց ԿԲ նախագահից, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կազդի՞ բանկերի կողմից վարկավորման տոկսադրույքների վրա և ունե՞ն, արդյոք, բանկերը նման պարտավորվածություն։ Նաև հետաքրքրվեցինք՝ սա հիպոթեքային տոկոսադրույքների վրա կազդի՞, թե՞ ոչ։ «Եթե հիշենք՝ քաղաքականությունը մենք սկսեցինք խստացնել 2020 թվականի դեկտեմբերից, և այդ խստացման փուլը Հայաստանում տևեց մոտավորապես երկուսից ավելի տարի, որի արդյունքում մենք կարողացանք հաղթահարել գնաճը։ Եւ կարծում ենք, որ այն տնտեսական աճը, որ այս տարի լինելու է մեր կանխատեսումներով, դա չափազանց լավ տնտեսական աճ է։ Այսինքն՝ մտածել, որ 7 տոկոս տնտեսական աճը նորմալ ցուցանիշ է՝ չէ, ինքը շատ բարձր ցուցանիշ է»,-ասաց Մարտին Գալստյանը։
Ինչ վերաբերում է բանկերի տոկոսադրույքների հավանական նվազեցմանը կամ դրա ակնկալիքին, ապա ԿԲ նախագահն ասաց, որ բանկերը նման պարտավորություն չունեն, բայց այդպիսի ակնկալիք կարող ենք ունենալ։ «Երբ մենք տոկոսադրույքները բարձրացնում էինք, եթե չեմ սխալվում՝ մենք 4,25-ից ենք սկսել նվազագույն կետում, եկել հասել ենք 10,75 տոկոսի, որը մոտավորապես 7 տոկոսի աճ էր, և բանկերն այդ ընթացքում 7 տոկոսով չեն ավելացրել իրենց վարկավորման տոկոսադրույքները։ Այսինքն՝ կարծել, որ մեր վարկավորումը մեկին մեկ անցում է կատարելու բանկերի տոկոսադրույքներին, կարծում եմ՝ սխալ է։ Որևէ պարտավորվածություն չկա, գնագոյացումը ձևավորվում է՝ ինչպես ցանկացած մրցակցային շուկայում, պահանջարկի ու առաջարկի հիման վրա։ Թե ինչպես սա կազդի բանկերի տոկոսադրույքների վրա, եթե ընդհանուր ռիսկային միջավայրը ևս որոշակիորեն մեղմվի, մենք կարծում ենք՝ ժամանակի ընթացքում նաև կարող ենք ակնկալել, որ վարկավորման տոկոսադրույքները որոշակիորեն կճշգրտվեն դեպի ներքև»,-ասաց Մարտին Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ