Ուղիղ 10 տարի առաջ հենց այս օրերին ես հանդիպում էի ոչ թե երկրի գրեթե բոլոր դատավորների հետ, այլ հանդիպում էի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեր աշխատակիցների հետ և իրենց ասում էի, որ ժամանակն է հարված հասցնելու անիրավ դատավորներին: Այս մասին այսօր դատավորների ժողովին ասել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
«Ամեն օր Մարդու իրավունքների պաշտպան աշխատելիս մեր գրասենյակը ստանում էր եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ բողոքներ դատական համակարգից։ 2013 թվականին այս օրը տեղի է ունեցել հետևյալը․ այն ժամանակ 230 դատավորից այսօր 114-ն արդեն դուրս է եկել, այսինքն՝ գերակշիռ մեծամասնությունը փոխվել է, համակարգում տեղի է ունեցել ինքնամաքրում։ Այսօր, փաստորեն, կա 280 դատավոր, որոնցից 144-ին նշանակել են հեղափոխությունից՝ 2018-ից հետո։ Մենք ունենք նոր,առողջ, ուժեղ դատավորներ մեր փորձված, լավ, ազնիվ դատավորների կողքին։ Հետևաբար մենք մեր մաքրումը, մեր զտումը, մեր աշխատանքի բարելավումը կանենք ինքներս, ինչպես դա թույլ է տալիս Սահմանադրությունը՝ մեր աշխատանքը լավացնելով և մեր պայքարը տանելով»,- ասաց ԲԴԽ նախագահ։
Անդրեասյանը խոսեց կոռուպցիայի և կաշառակերության մասին` նկատելով, որ մեկ կաշառակեր դատավորն ավելի է վարկաբեկում դատական համակարգը, քան 200 մարդու իրավունքների պաշտպանները, մի քանի հարյուր նախարարները, հասարակական ու քաղաքական գործիչները։
«Մենք ոչ միայն պիտի արմատախիլ անենք այլոց անարդար քննադատությունը, այլ նաև պիտի արմատախիլ անենք թեկուզ այդ մեկ կոռուպցիոներին, որը կարող է ծվարած լինել մեր շարքերում։ Պայքարը չի դադարել»,- շեշտեց Անդրեասյանը։
Նա հատուկ ընդգծեց, որ ժամանակին իրենց մեղադրել են կաշառակերության մեջ, իսկ այսօր կարող են առավելագույնը մեղադրել ուշացումների ու ձգձգումների մեջ, եզակի ոչ պատշաճ, ոչ գրագետ, ոչ իրավական ակտերի մեջ, որի համար էլ ԲԴԽ-ն խոշորադիտակի տակ նայում է ամեն բողոք, որը ստանում է։