«Սիվիլնեթ»-ը գրում է․
Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Տիգրան Ավինյանի ընտանիքը շարունակում է գույքային էական բարելավում ունենալ։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելիս նրա մտերիմները, նույնիսկ աշխատակազմի որոշ նախկին անդամներ ներգրավվել էին արտադրական կանեփի բիզնեսում։ Ավինյանի մայրը բնակարան էր ձեռք բերել Երևանի կենտրոնում, ինչպես նաև մեծ հողեր Արմավիրի մարզում։ ՍիվիլՆեթը պարզել է, որ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, անցյալ տարի 1000 քառակուսի մետր մակերեսով հողամաս է գնել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Առքուվաճառքի այդ պայմանագրով ֆիքսված գինը ավելի շատ նման է նվիրատվության։
1000 քմ հողամասը Երևանում՝ 10,5 մլն դրամով
2022-ի սեպտեմբերի 30-ին Արմեն Ավինյանը Արա Սիսեռյանի հետ կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Ավինյանը ձեռք է բերել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցում գտնվող 1000 քմ հողամաս։ Արա Սիսեռյանը Վարագ Սիսեռյանի հայրն է, որը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, երբ Տիգրան Ավինյանն էր այդ պաշտոնին։ Վարագ Սիսեռյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թողեց 2020-ի նոյեմբերի 16-ին՝ Նիկոլ Փաշինյանի մի գրառումից հետո, նաև կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելու մասին էր հայտարարել։
Արա Սիսեռյանը Արմեն Ավինյանին 1000 քմ մակերեսով հողամասը վաճառել է ընդամենը 10,5 մլն դրամով։ Սա Երևանում նման մակերեսով հողի վաճառքի շուկայական գնից ակնհայտորեն տարբերվող գին է, չափազանց էժան։ ՍիվիլՆեթը ներկայացնում է մի քանի օրինակներ, թե որքան արժե 1000 քմ հողը Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում։ Այսպես՝ անշարժ գույքի վաճառքի հայտարարությունների տեղադրմամբ զբաղվող կայքերից մեկում Հովսեփյան փողոցում 911 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը արժե 290 000 դոլար, այսօրվա փոխարժեքով՝ 111 մլն դրամ։
Նույն փողոցում 1250 քմ տարածքով հողամասը (Արմեն Ավինյանին պատկանող հողամասից 250 քմ ավելի), ըստ List.am կայքի, արժե 500 000 դոլար։
Մեկ այլ հայտարարության համաձայն՝ Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցում կա նաև 1200 քմ տարածքով հողամաս, որի շուկայական արժեքը 360 000 դոլար է։
Վերը նշված օրինակներից, որտեղ արտացոլված է նույն թաղամասում նույնական մակերեսով հողամասերի շուկայական արժեքները, երևում է, որ Արմեն Ավինյանի ձեռք բերած հողատարածքի գինը ակնհայտորեն հեռու է իրական արժեքից։ Այս հողամասը ի սկզբանե եղել է մեկ միավոր` 2000 քմ մակերեսով։ Այն պատկանել է Արա Սիսեռյանին։ 2022-ի հուլիսին Սիսեռյանը հողամասը բաժանել է երկու հավասար մասի, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշումներով էլ դրանք հասցեավորվել են։ Հողամասը խառը կառուցապատման նպատակային նշանակությամբ է։
Այս պահին հողամասի վրա որևէ աշխատանք չի կատարվում, թեպետ դրա հարևանությամբ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Արմեն Ավինյանին պատկանող այս հողամասը մոտ է այն ճանապարհին, որի կառուցման մասին հայտարարել էր նրա փոխքաղաքապետ որդին՝ Տիգրան Ավինյանը։ 2023-ի հունվարի 12-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մեկնարկել են «երկու կարևոր ավտոճանապարհային նախագծերի իրականացման աշխատանքները, որոնցով Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակիչների համար կկառուցվեն Երևանի կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ»։ Նախատեսվում էր, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին:
Արմեն Ավինյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսելով հողամասի՝ շուկայականից ցածր գնի մասին, ասաց՝ կարող է լինել օրինական սխեմա, «երբ ընկերությունը վճարի մի մասը հիմնադիրին՝ տալով փոխառություն, և վերջին մասը լինի ֆիզիկական անձը»։ Ավինյանը ավելի մանրամասն չբացատրեց փոխառության բնույթը, ժամկետները, կողմերին և այլն. նրա խոսքերից կարելի էր ենթադրել, որ հողամասը իրականում ձեռք է բերել ավելի բարձր գնով, դա եղել է ընկերությունների միջև փոխառության գործարք, և միայն գումարի մի մասը՝ 10,5 մլն դրամն է, որ որպես ֆիզիկական անձ իրականացրել է հողը գնելու համար, որն էլ ֆիքսվել է առքուվաճառքի պայմանագրով։ «Հարկային հաշվետվություններով դուք դա կարող եք տեսնել։ Դա խորը մասնագիտական հարց է։ Եթե կարդում եք՝ Սիսեռյան, պետք է որ խորացած լինեք՝ հարազատ մարդ է։ Ո՞րն է հարցը։ Հաշվի առնելով մեր ընտանիքներով հնադարյա հարաբերությունները՝ կարող էր նվիրատվություն անել, բայց դա չի արել։ Գինը, որ դուք տեսնում եք….դա եղել է եռակողմ մեխանիզմ, որտեղ կա նաև ընկերություն։ Այդ հողը չունի ճարտարապետահատակագծային առաջադրանք։ Շատ հնարավոր է, որ այդ հողը ես օտարեմ, իմ կարգավիճակը հաշվի առնելով ես իրավունք չունեմ շինարարության մեջ մտնելու, իրավունք չեմ վերապահում ինձ»,- պատասխանեց Արմեն Ավինյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։