Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի հետ նոր պատերազմի ռիսկերը, խոսել մինչև տարեվերջ երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։
Հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար՝ որոշակի խմբագրումներով։
- Հիմա խաղաղ գործընթացը ո՞ր փուլում է։
-Այս պահին խաղաղ գործընթացը դանդաղում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ոչ անկեղծ դիրքորոշման պատճառով։ Լաչինի ճանապարհի հետ կապված (խմբ․) Ադրբեջանի դեմ լայնածավալ ապատեղեկատվական արշավ է սկսվել, որը համակարգում են Երևանը և հայկական սփյուռքը։ Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության կողմից բեռների համար Ակնայի (խմբ․) ճանապարհի բացումը ցույց տվեց նման մեղադրանքների անհիմն լինելը։ Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերության և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության համատեղ գործողությունների շնորհիվ Ակնայի ճանապարհը շահագործման է հանձնվել։ Այժմ մենք ակնկալում ենք, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի բեռները միաժամանակ երկու ճանապարհով կգնան՝ Ակնայով և Լաչինով։ Մեր միջազգային գործընկերները լիովին կիսում և աջակցում են այս դիրքորոշումը։
Հենց Ստեփանակերտի (խմբ․) անօրինական ռեժիմն է արգելափակում Ակնայի և Լաչինի երթուղիների միաժամանակյա բացումը, հրաժարվում է Ադրբեջանից պարենային բեռներ ընդունել՝ դա արդարացնելով դրդապատճառներով, որոնք տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում։ Նաև տորպեդահարվում է Ադրբեջանի կառավարության և Ղարաբաղի հայերի միջև երկխոսության փորձերը՝ չնայած Բաքվի կողմից հրավերներին։
- Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Բաքուն գնալ Երեւանի հետ երկխոսության մեջ։
-Մենք չենք քննարկելու հարցեր, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոչ Հայաստանի, ոչ էլ որևէ երրորդ երկրի հետ: Մեր պետության ներքին գործերին միջամտելու փորձերը՝ երկխոսության ինչ-որ «միջազգային մեխանիզմների» ստեղծման թեման մղելով, դատապարտված են ձախողման։
Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և դա վիճարկելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հեռանկարի տեսանկյունից։
- Կարո՞ղ է Ադրբեջանը կրկին ուժի դիմել, ինչպես դա արեց 2020 թվականին։
- Չէի ցանկանա մեկնաբանել հիպոթետիկ սցենարներ։ Ադրբեջանը միջազգային հանրության պատասխանատու անդամ է և միշտ գործում է իր Սահմանադրության և միջազգային իրավունքի դրույթներին համապատասխան։ Մենք միտված ենք բոլոր առկա խնդիրների խաղաղ լուծմանը։