Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի հետ նոր պատերազմի ռիսկերը, խոսել մինչև տարեվերջ երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։
Հարցազրույցը ներկայացնում ենք հատվածաբար՝ որոշակի խմբագրումներով։
-Ինչպե՞ս են ընթանում գործերը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման հետ կապված, որը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի կետերից մեկն էր։
-Ադրբեջանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման օգտին, քանի որ մենք կարծում ենք, որ սերտ առևտրատնտեսական կապերը կնպաստեն տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։ Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, որը մեծ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ առաջընթացի հասնելու համար։ Սակայն այժմ որոշակի լճացում է նկատվում Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացման շուրջ մեր բանակցություններում։ Ինչպես գիտեք, Զանգեզուրի միջանցքի բացումը, որը նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը, նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթներից է։ Գրեթե երեք տարի անց համաձայնագրի այս կետը դեռևս չի կատարվել Հայաստանի կողմից։ Զանգեզուրի միջանցքի բացումը ձեռնտու է առաջին հերթին հենց Հայաստանին, որը երեք տասնամյակ Ադրբեջանի դեմ օկուպացիոն քաղաքականության արդյունքում հայտնվեց տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ շրջափակման եզրին։ Սակայն, եթե Հայաստանը տարբեր պատրվակներով հրաժարվի ստանձնած պարտավորություններից և ցանկանա շարունակել մնալ մեկուսացված, ապա Բաքուն մտադիր չէ սպասել և արդեն ակտիվորեն աշխատում է այլընտրանքային նախագծերի վրա տարածաշրջանի այլ երկրների հետ։ Մենք մեր լոգիստիկ կարիքները չենք կապելու Հայաստանի իշխանության քմահաճույքի հետ և առաջ ենք գնալու մեր տարածաշրջանային գործընկերների հետ։
- Ձեր կարծիքով, որքանո՞վ է արդյունավետ միջազգային միջնորդությունը 2020 թվականի 44-օրյա ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։
-«Հայաստանի գործողությունները խաթարում են խաղաղության պայմանագրի կնքման հարցում ձեռք բերված առաջընթացը, այդ թվում՝ միջազգային միջնորդների ջանքերով։ Մենք դեռևս հույս ունենք, որ խաղաղ պայմանագիր կստորագրվի մինչև այս տարվա վերջ և կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը կատարել հիմնական քայլը` պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ իրենց ստորագրությամբ, արձանագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ՝ Ղարաբաղը։
Ինչ վերաբերում է միջազգային միջնորդների գործունեությանը, ապա մենք բարձր ենք գնահատում նրանց ներդրումը ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում։ Չափազանց կարևոր է Ռուսաստանի դերն այս գործընթացում, որի ակտիվ միջնորդությամբ ապահովվեց 2020 թվականի նոյեմբերին եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին։ Բանակցային գործընթացում իրենց ներդրումն են ունենում նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։ Ընդհանրապես, բանակցային ուղիներից յուրաքանչյուրն իր ձևով եզակի է և օգնում է հեշտացնել Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը ամենախնդրահարույց հարցերի շուրջ։