Աննա Վարդապետյանը թեև պարտավոր է ինքնուրույն լինել, ընթացիկ հաշվետվություններ չտալ ու այդ ձևով չսպասարկել իշխանության կամ ընդդիմության ինքնագովազդը, կամ, առավել ևս, նախընտրական քարոզարշավը, բայց շարունակում է զեկուցել վարչապետին ու կառավարության անդամներին, իսկ երբեմն դա անում է հենց հանուն քարոզչության։ Մի կողմ թողնելով, որ այս կինը աշակերտական տոնով իր զեկուցումներով ոտնատակ է տվել ու տալիս գլխավոր դատախազի հեղինակությունը, ցավալի փաստ արձանագրենք՝ նա զեկուցում է կամ բացահայտ, կամ էլ այնպես քողարկելով, որ էժանությանը չափ ու սահման չունենա։
Նախօրեին Կառավարության նիստում զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր 2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծախսերի համար հատկացված միջոցների վերաբաշխմանը։ Նախարարի կողմից հարցը մի քանի վայրկյանում ներկայացնելուց հետո, խոսափողին տիրեց ու իր ամենասիրելի զբաղմունքը՝ խոսելն սկսեց Նիկոլ Փաշինյանն ու ավելի քան 10 րոպե դպրոց առ դպրոց, մանկապարտեզ առ մանկապարտեզ թվարկեց նորոգածն ու վերանորոգածը, վերանորոգվողներն ու դեռ վերանորոգվելիքները։ Պարզ է, չէ՞, քննարկվող հարցը վերաբերում էր ընդամենը մի տեղի համար նախատեսված գումարը մեկ այլ տեղ ծախսելուն, բայց Նիկոլ Փաշինյանը հանեց նախապես՝ այդ նիստի համար իրեն տրված տեղեկանքները, ռեյտինգաստեղծ ելույթով հատուկ ականջների համար սկսեց քարոզարշավն ու հասավ նույնիսկ նորոգվող շենքերի նախագծերին։ Դա էլ մի կողմ թողնենք, որ Հայաստանի կառավարության նիստերում կարող են քննարկվել պարեկի ավտոմեքենայի տեխնիկական մանրուքները կամ վերանորոգվող շենքերի նախագծերը․․․
Ավելի զավեշտալին այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հանկարծ «հիշեց», որ մանկապարտեզների սեփականաշնորհման հետ կապված քրեական գործեր էլ կան։ Նա տևական ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչպես պասը տա Աննա Վարդապետյանին, որ բոլորը չհասկանան, որ նա այդ գործերը արդեն զեկուցել է իրեն։ Որոշ ժամանակ կմկմալուց հետո, Նիկոլ Փաշինյանը իբր գտավ հարմար բառերն ու ասաց, որ վերջերս «ի հայտ եկած մի տեղեկատվություն կա», գիտի, որ գլխավոր դատախազությունում քրեական գործեր ու ապօրինի գույքի վարույթներ կան։ «Ինչ-որ տեղեկատվություն ստացած» վարչապետը նույնիսկ նշեց, թե քանի մանկապարտեզների վերաբերյալ են դրանք ու գլխավոր դատախազությունը ինչ խնդիր է դրել իր առջև, ինչ հնարավոր տարբերակներ կան այդ տարածքները կամ դրանց համարժեքը վերադարձնելու։
Ձայն ստանալուց հետո արդեն Աննա Վարդապետյանը հանեց իր տեղեկանքներն ու սկսեց հատ-հատ թվարկել Փաշինյանի նկատի ունեցած մանկապարտեզները, դրանց հասցեներն ու աշակերտական տոնով զեկուցեց, թե ինչ են պատրաստվում անել։
Դերասանական այս տգետ խաղից շատ պարզ է, որ գլխավոր դատախազի աթոռն անպատվող Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանին նախապես զեկուցել էր մանկապարտեզներին առնչվող այդ գործերը, տեղեկանքները բերել էր հենց նրա համար ու համատեղ պայմանավորվել էին, թե նիստում ով ինչ հնչեցնի։ Բայց բոլոր հարցերում էժանությունն ապահովող Աննա Վարդապետյանին հավանաբար թվացել է, թե մենք կամ որևէ մեկը հավատում է, որ նա անբաժան է մանկապարտեզների մասին գործերով տեղեկանքներից ու հանկարծ խոսք բացվեց, պատահականորեն դրանց մասին տեղեկություն ստացած վարչապետը նրան հարց տվեց ու ինքն էլ հանեց թղթերն ու կիսաանգիր պատմեց, թե որ համարի մանկապարտեզը որտեղ է գտնվում։
Աննա Վարդապետյանին ընդհանրապես շատ են բնութագրում որպես «գերազանցիկ աշակերտի», բայց նկատի ունենալով, ոչ թե նրա ընդունակությունները, այլ ճիշտ տեղում պատրաստված երևալու համար ամեն ինչի ընդունակ լինելը բնութագրելու համար։ Աննա Վարդապետյանին բնորոշը հենց գործից կիսատ-պռատ հասկանալու պայմաններում այսպիսի դերասանական խաղով գերազանցիկ ու ենթարկվող երևալն է։ Ու քանի որ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ սկսել են բոլոր վարչական շրջաններում մանկապարտեզների ու դպրոցների սեփականաշնորհումների ուսումնասիրությունը, մենք շատ մեծ հույս ունենք, որ նա Կառավարության նիստում դեռ մի օր կզեկուցի նաև այն մանկապարտեզների կամ հողերի վաճառքների կամ ապօրինի կառույցների օրինականացման մասին, որոնցում կլինեն նաև իր ընտանիքի անդամների ստորագրությունները․․․
Բեթղեհեմ Արաբյան