Հետևեք մեզ։

Բոլորի հետ, բացի «Մայր Հայաստան» դաշինքից․ Անի Խաչատրյանը՝ կոալիցիա կազմելու մասին

14:27, 18 սեպտեմբեր 2023
Բոլորի հետ, բացի «Մայր Հայաստան» դաշինքից․ Անի Խաչատրյանը՝ կոալիցիա կազմելու մասին

Առհասարակ, մենք քննարկում չենք ունեցել, հետագա զարգացումների վերաբերյալ քաղխորհուրդը կունենա նիստ, ու կհասկանանք  մեր գործունեության ընթացքը։ Այս մասին այսօր Hayastan․news-ի հետ զրույցում՝ հետընտրական զարգացումների վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։

 

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների արդյունքները։

 

-Ցավոք սրտի, երևանցիները քիչ են մասնակցել ընտրություններին, բայց այս ընտրությունները ապացույց էին, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս ընտրությունները կազմակերպվում են թափանցիկ, և որոշումը կայացնում է Երևանի քաղաքացին՝ իր քվեով։

 

-Դուք ունե՞ք կարմիր գծեր, սկզբունքներ, թե ընտրված ո՞ր ուժի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել և ո՞ր ուժի հետ՝ ոչ։

 

-Մենք, առհասարակ, թե՛ քարոզչության սկզբում, թե՛ մեր գործունեության ամբողջ ընթացքում ասել ենք, որ մենք կոալիցա չենք կազմի երբևէ մերձդաշնակցական ու մերձքոչարյանական ուժերի հետ, պարոն Զեյնալյանն էլ քարոզչության ու դեբատների ժամանակ շեշտել է, որ մենք կոալիցիա չենք կազմի այն ուժերի հետ, որոնք Հայաստանի անկախությունը որևէ կերպ տեսնում են Ռուսաստանի կազմում գուբերնիայի կարգավիճակ ստանալով։

 

-Իսկ այդպիսի ուժեր կա՞ն, որոնք պաշտոնապես հայտարարել են, որ Հայաստանը տեսնում են ՌԴ կազմում՝ գուրբերնիայի կարգավիճակով։

 

-Կան բաներ, որ հեչ պետք չի պաշտոնապես հայտարարել, քաղաքական ուժերն ու քաղաքական մարդիկ դա տեսնում ու գիտակցում են, այդ թվում՝ քաղաքացիները։

 

-Հիմա Դուք ավագանու կազմ անցած այս ուժերի մեջ այդպիսի ուժ տեսնո՞ւմ եք։

 

-Մենք կքննարկենք, կհասկանանք՝ որ ուժերը ինչ են, համենայնդեպս, ինձ համար, ես չեմ ասում էս պահին կուսակցության անունից, այլ ինքս իմ անունից եմ ասում՝ ինձ համար կա ուժ, որը մերձդաշնակցական ու մերձքոչարյանական է։

 

-Դա «Մայր Հայաստան» դաշի՞նքն է։

 

-Այո, բնականաբար։

 

-Իսկ Հայկ Մարությանի և «Հանրային ձայնի» հետ խնդիր ունե՞ք կոալիցիա կազմելու, թե՞ ոչ։

 

-Կուսակցությունում չունենք որոշում, երբ կլինի քննարկում ու որոշում՝ կհայտարարենք։

 

-Իսկ ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու մասով կաշկանդվածություն ունե՞ք։

 

-Բացարձակապես քննարկում չենք ունեցել ոչ մեկի հետ կապված, այդ թվում՝ նաև ՔՊ-ի, որովհետև մենք վստահ էինք, որ Երևանի քաղաքացին շատ ավելի գիտակից ընտրություն է կատարելու։

 

-Այսինքն՝ ձե՞զ էր ընտրելու։

 

-Միանշանակ։

 

-Հիմա շատ է խոսվում, որ ՔՊ-ի հետ հավանական կոալիցիա կազմող ուժը դուք կարող էիք լինել։

 

-Այդ մասին խոսում էին դեռ ընտրություններից առաջ, ու դա նորմալ է, երբ մեր մասին նման բաներ ասում են։ Մեր մասին նման բաներ ու դեռ չեղած բաներն ասում են էն մարդիկ, որոնք փորձում են որևէ կերպ մեզնից խլել որևէ բան։

 

-Պարզապես դուք չեք հերքել, որ ՔՊ-ի հետ կոալիցիա կկազմեք, դրա համար էլ այդպես են ասում։

 

-Մենք չենք ընդունել որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու որոշում, այսինքն՝ ես ասում եմ, որ մենք չունենք նման որոշում։

 

-Բայց ընտրարշավի ընթացքում, երբ հարցնում էին մասնակից ուժերին՝ ո՞ւմ հետ եք պատրաստ կազմել կոալիցիա, ում հետ՝ ոչ, ուժեր կային, որ հստակ հայտարարում էին՝ բոլորի հետ, բացի ՔՊ-ից։ Դրա համար էլ մարդիկ մտածել են, որ «Հանրապետություն» կուսակցությունը ՔՊ-ի հետ կկազմի կոալիցիա։

 

-Մենք էլ ասում ենք՝ բոլորի հետ, բացի այն մարդկանցից, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը որևէ կերպ կասկածի տակ են դնում։

 

-Չգիտեմ՝ ով է կասկածի տակ դնում, բայց Ձեր խոսքից ճի՞շտ հասկացա, որ բոլորի հետ, բացի «Մայր Հայաստան» դաշինքից։

 

-Այս պահին՝ այո։

 

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ կուսակցությունները՝ 

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 75 463 ընտրող (32.57%)
  2. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 43 765 ընտրող (18.89%)
  3. «Մայր Հայաստան» դաշինք - 35 739 ընտրող (15.43%):
  4. «Հանրապետություն» կուսակցություն - 26 236 ընտրող (11.32%)
  5. «Հանրային ձայն» կուսակցություն - 22 431 ընտրող (9.68%) 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ