Հետևեք մեզ։

Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն խնդրեցին մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ ԵԱ-ում գրանցված միջադեպի մասին

16:08, 20 մարտ 2023
Ադրբեջանցի ըմբիշի մարզիչները ներողություն խնդրեցին մեզնից. Արմեն Բաբալարյանը՝ ԵԱ-ում գրանցված միջադեպի մասին
 

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Մանվելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի մարզիկի հետ գրանցված միջադեպին:

Մանվելյանը քառորդ եզրափակչում 7-1 հաշվով հաղթանակ էր տոնել Ադրբեջանի ներկայացուցիչ Ռահիմ Հասանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Պարտությունից հետո ադրբեջանցի մարզիկն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով՝ հարվածելով Մանվելյանին, երբ վերջինս փորձել է սեղմել նրա ձեռքը, ինչից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկել է Հասանովին:

«Կարող էի ավելին անել, բայց ունենք այն, ինչ ունենք: Հոգեբանական հարցն իսկապես կարևոր է և մեծ դեր է խաղում: Ինչ վերաբերում է միջադեպին, ապա չեմ կարող ասել, թե ինչու իրեն այդպես պահեց: Մարզիչների ու մրցավարների միջամտությունից հետո իրավիճակը հարթվեց»,- ասել է Մանվելյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գնահատմամբ՝ այս առաջնությունում ագրեսիան ավելի շատ էր.

«Դա գալիս է տնից, ընտանիքից, մարզիչներից, երկրից: Սպորտը պետք չէ խառնել այդ ամենին: Միջադեպի ժամանակ ես էի մարտավկան: Երևում էր, որ նա Կարապետից թույլ է, բայց որ Կարապետն այդպիսի մաքուր հաղթանակով կարող էր հաղթել, մենք էլ չէինք պատկերացնում: Երևի՝ ադրբեջանցին շատ լցված, վիրավորված էր: Կարապետը ձեռքը մեկնեց, նա չմեկնեց ու հարվածեց: Բայց իր մարզիչը գնաց ձեռքից բռնեց բերեց գորգի վրա և մոտեցրեց ինձ, ասաց բարևի ու գնա: Դրսում արդեն Կարապետին էլ մոտեցավ ու ձեռքը սեղմեց: Մարզիչները ներողություն խնդրեցին մեզնից: Ասացի, որ սպորտը չխառնեն քաղաքականությանը: Ասացի՝ դուք մարզիկ եք, զբաղվեք ձեր գործով»,- պատմել է Արմեն Բաբալարյանը:

Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուխարեստում 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ էր նվաճել։

Վերլուծական