Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի դասախոս Անի Ասատրյանի՝ լսարանում արված տեսագրությունը տարբեր մեկնաբանությունների արժանացավ։
Հրապարակմանն անդրադարձել է նաև Hayastan.news-ը, ինչից հետո որոշել է լսել նաև երկրորդ կողմին՝ Ասատրյանին։
-Տիկին Ասատրյան, օրերս Ձեր լսարանը հայտնվեց լրատվամիջոցների տեսախցիկների առաջ։ Տարբեր հրապարակումներ եղան, նաև այն, որ կոչ եք անում Լաչինը բացել, գնալ հասնել տուն, այնուհետև նշում եք` Փաշինյանին բան չասել։ Ձեր մեկնաբանությունն ենք ցանկանում, որովհետև տեղի ունեցածին անդրադարձել ենք նաև մենք։ Կպարզաբանե՞ք, թե ի՞նչ էին ասում ուսանողները, ի՞նչ էիք ասում Դուք։
-Նախ պետք է նշեմ, որ հասկանում և ըմբռնումով եմ մոտենում լսարան ներխուժած ուսանողների հույզերն ու ապրումները, սակայն այդ ամենը չի արդարացնում ներխուժելն ու բռնի կերպով ուսանողներին դուրս հանելը։ Եվ հետո, գնան Հրապարակ ու՞մ աջակցեն, արդյո՞ք այս ծայրահեղ պահին մենք իրավունք ունենք սխալվելու, իհարկե ո՛չ։ Այո, ճիշտ եք, այդ օրը դասադուլի կոչ անողներին փորձում եմ բացատրել, որ Արցախ տանող և ճանապարհը բացող բանալին Հանրապետության Հրապարակում չէ, որը քանիցս ապացուցվել է՝ սկսած 1988-ից և այն օր առաջ պետք է բացվեր։ Առաջարկում եմ՝ հավաքվել այդ գաղափարի շուրջ և ես էլ իրենց հետ գնամ, և այդ ճանապարհով օգնության հասնենք մեր քույրերին ու եղբայրներին։ Համեմատությամբ հիշեցնում եմ Թաթուլ Կրպեյանին, ով իրենց պես ուսանող էր և արեց անհնարինը Արցախի և Գետաշենի համար։
-Հայտնի է, որ Դուք երեք որդի ունեք, ինչի մասին գրել ենք։ Հրապարակման մեջ ձևակերպում կար նաև,որ Արցախը հայրենիք չեք համարում։ Բայց միևնույն ժամանակ, Ձեր բոլոր հրապարակումները հայրենասիրության մասին են, անգամ Ձեր որդիների անունները։ Այս հարցում ի՞նչ ասելիք ունեք։
-Այո, ունեմ երեք որդի՝ Վան, Մոնթե և Աբուլ։ Ընդ որում՝ Վանս խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը, Մոնթես՝ Սփյուռքը և Արցախը, Աբուլս՝ Ջավախք աշխարհը, ով ծնվել է 44-օրյա պատերազմին։ Միթե՞ նման անուններով զավակներին կոչող ծնողը կարող է Արցախը հայրենիք չհամարել։ Հավելեմ, որ հորեղբայրս՝ Վահագն Ասատրյանը, 35 տարի պաշտպանում է Արցախի և Հայաստանի սահմանները՝ բազմաթիվ անգամ վիրավորվելով և ապաքինումից հետո կռվի դաշտ վերադառնալով։ Եղբայրս այս օրերին կենաց մահու կռիվ է տալիս Արցախում։ Ճիշտ եք նկատել՝ տղաներս դաստիարակվում են բացառապես հայրենասիրական գաղափարներով և հայրենիքը նրանց համար վեր է ամեն ինչից։ Նրանք դաստիարակվում են Եռաբլուրում։
-Որպեսզի Ձեզ համար պարզ լինի, լսարանում տեսանյութերի հրապարակումից հետո սոցիալական ցանցերում Ձեզ սկսեցին որոնել և նաև որոշ լրատվամիջոցների տեղեկություններ հասան տարբեր տիպի, այդ թվուն նաև այն, ինչը գրել ենք մենք, որ քաղաքական հայացքները խնդիրներ են ստեղծում ազգականների հետ հարաբերություններում։ Դա շատ տարածված է, և արդեն նորմալ է դիտվում, Ձեր դեպքում այդպե՞ս է։
-Ինչ վերաբերում է հարազատաների հետ հարաբերություններին, այդ ամենն իրականության հետ որևէ աղերս չունի։ Գոնե ինձ համար հարազատներիս հետ քաղաքական հայացքների համար խնդիրներ ունենալն անընդունելի և անթույլատրելի երևույթ է։
-Տիկին Ասատրյան, և որպես դասախոս կասե՞ք, ինչպիսին է նոր սերունդը և ինչի անհրաժեշտություն ունի։
-Ունենք գաղափարապես հասուն, հայրենիքի նվիրյալ սերունդ, որն ապացուցեց 44-օրյա պատերազմը։
Լսարանում տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակումը ստորև․
Hayastan.news-ը տեղյակ է, որ դասախոսը, ով Արցախը հայրենիք չի համարում, Անի Սոխակի Ասատրյանն է, իսկ նրա որդին Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Արփիի համադասարանցին է։ Երեք երեխա ունի, որոնց ամուսինն անվանակոչել Է՝ պատմական ու հերոսական անուններով, այդ թվում նաև Մոնթե։ Քաղաքական հայացքների պատճառով շատ հարազատներ նրանց հետ չեն շփվում։
«Փաշինյանին ոչինչ չասեք», -վարչապետին կրծքով պաշտպանող կնոջ ամուսինն էլ Աննա Հակոբյանի երկրպագուն է, մեծարողն ու գովերգողը, ծնունդով ջավախքցի է։