Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և խորհուրդ է տվել դասեր քաղել պատմությունից․ «Չխոչընդոտել 2020 թվականից Ադրբեջանի առաջ քաշած խաղաղության օրակարգը, ձեռնպահ մնալ այնպիսի ագրեսիվ գործողություններից, ինչպիսին են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա հարձակումներն ու միջամտությունը ներքին գործերին»։
Նիկոլ Փաշինյանը երեկվա նիստին անդրադարձել էր Բաքվի քաղաքականությանը․
«Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան: Նախ, նման ձևակերպումները Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կոպիտ միջամտություն են, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:
Ներկայում ազգային փոքրամասնությունները ներկայացնող 4 պատգամավոր կա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք դրսևորի և Միլի մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար և դա երաշխավորի սահմանադրությամբ: Սա գուցե իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլը կլինի»: