Հայաստանի կառավարությունից դժգոհ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել՝ այս անգամ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և նրան մեղադրել ստելու մեջ։
Hayastan.news-ը կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը բռնցքամարտիկի մեղադրանքների վերաբերյալ։
«Նա լուրջ խնդիրներ ունի երևի՝ անտեղի դժգոհել, անտեղի բողոքել։ Ինքը պետությունից փողեր է ստացել, ես, ուղղակի որպես բարի կամքի դրսևորում, գնացել եմ իրենց տուն, ասել եմ՝ ես քեզ կաջակցեմ, որ էժան հիփոթեք դասավորենք, քեզ համար բնակարան գտնենք, մարդիկ եմ դրել, բանկերին եմ խնդրել, շատ ցածր տոկոս եմ ստացել, ենթադրենք՝ 17 տոկոս է հիփոթեքը, իրեն 10,7 տոկոս են տվել, որ այդպիսի բան չի լինում։ Ասել եմ՝ կանխավճարն էլ պետությունից միանվագ ստացվելիք գումարով կանես, հետո տեղեկանք եմ ուղարկել բանկ, որտեղ նշել եմ՝ ինքը ինչ եկամտի աղբյուրներ ունի, որ էդ գումարները միանգամից փոխանցվեն բանկին, որ ինքը որևէ խնդիր չունենա։ Ասել եմ՝ միայն այդ կանխավճարը կանես, արդեն բնակարան կունենաս, կապրես, մինչև հետո հաջողությունների կհասնես, էլի գումարներ կստանաս, քեզ ավելի լավ բնակարան կառնես»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Կարեն Գիլոյանը։
-Այդ դեպքում ինչի՞ց է դժգոհում ինքը, եթե այդքան բան եք արել իր համար։
-Այդքան բան արեցի, վերջում ասաց՝ կանխավճարը չունեմ, որ տամ։ Ասացի՝ բա դու պետությունից գումար ես ստացել, ինչո՞ւ այդ գումարը որպես կանխավճար չտվեցիր, ասաց՝ բա ես ինչո՞վ ապրեի, որ դա կանխավճար տայի։ Իսկ ինքը, իրականում, ավտո է առել՝ «գոնկեք» է անում։ Կարծեմ Mercedes է առել, շատ արագ քշում է այստեղ-այնտեղ, ինձ ասացին՝ մի հավաքարարի քիչ է մնացել տակը գցի «Դինամոյի» դիմաց։
-Այն, որ ասում եք՝ լուրջ խնդիրներ ունի, ի՞նչ նկատի ունեք։
-Այսինքն՝ բնավորության։ Ինքը ոչ մի բանից գոհ չէ, մինչև էդ դժգոհում էր ֆեդերացիայից, Օլիմպիական կոմիտեից, էլի ասում էր, որ գնալու է Հայաստանից, կանչեցի, խոսեցինք, մի երեք ամիս անընդհատ կապի մեջ եմ եղել, ամեն ինչ արել եմ, որ իր համար այդ պայմանները ստեղծվեն՝ ինքը չգնա, չմտածի այդպիսի բաների մասին։ Բայց հիմա ես արդեն վստահ եմ, որ ինքը այդ ամեն ինչն անում է, որ զոհի կարգավիճակ ստանա ու վիզայի հարց լուծի, գնա Հայաստանից։ Ինքը ուրիշ որևէ խնդիր չունի։ Ինքն այս պահին ամսական պետությունից ստանում է 440 հազար դրամ, Օլիմպիական կոմիտեից՝ 200 հազար դրամ։ 19 տարեկան էդ տիտողոսով տղան ամսական 640 հազար դրամ ստանում է, և ուզում է երկրից գնալ, ու ինքը խաբվա՞ծ է, հա՞։
-Հիմա, եթե ինքը գնա երկրից ու ՀՀ քաղաքացիությունից հրաժարվի, այդ 640 հազարը իրեն չի՞ փոխանցվի այլևս։
-Իհարկե, եթե գնա երկրից ու հրաժարվի քաղաքացիությունից՝ չի փոխանցվի։
-Անկախ ամեն ինչից՝ ի՞նչ եք կարծում, եթե այդ մարզիկը, ամեն դեպքում, գնա Հայաստանից և միջազգային հարթակներում ներկայացնի, որ դժգոհ է Հայաստանի կառավարությունից, դա կազդի՞ Հայաստանի վարկանիշի վրա։
-Այսինքն՝ ես էլ հիմա կարող եմ ասել, որ թռչող ափսե եմ ուզում, ու եթե պետությունը չի տալիս՝ ես դժգոհ եմ, կլինի՞ այդպիսի բան։ Ռեալ պիտի նայենք, չէ՞, էս երկրի հոգսը հո մենակ ի՞նքը չէ։ Իսկ դրսում բոլոր խելամիտ մարդիկ կնայեն այդ թվերին՝ ի՞նչ է ստացել, ի՞նչ է արել, ու կհասկանան, որ սա ուղղակի բանսարկություն է։ Ինքը տարեվերջին միանվագ 2 մլն 300 հազար դրամ մեզնից է ստացել, 1200 դոլար Օլիմիպիական կոմիտեից է ստացել, 250 հազար դրամ ստացել է քաղաքապետարանից։ Դա միայն՝ միանվագ գումար։ այդքանը, որ դներ և այս երեք ամսվա 640 հազարները հավաքեր, ինքը բանկի կանխավճարը շատ հանգիստ կարող էր տալ, ու հիմա արդեն բնակարան կունենար և հանգիստ կապրեր։
-Իսկ ինչ-որ բան, ամեն դեպքում, պատրաստվո՞ւմ եք էլի անել իր համար՝ կանխելու նրա հավանական արտագաղթը։
-Ես՝ անձամբ, մարդկայնորեն ոչ մի բան չեմ պատրաստվում անել․ այն որ անում էի առանց պարտավորության, առանց պարտական լինելու, ասում էի՝ տղա է, երիտասարդ է, կարող է շփոթվել է, լավ կլինի, հիմա ոչ մի բան չեմ անելու։ Իսկ պետության կողմից, ինչ-որ կանոնակարգված է կառավարության որոշումներով, որպես մարզիկ՝ շարունակելու է ստանալ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ