Հետևեք մեզ։

Գործը, որով դատախազներին ձերբակալել էին, կարճել են

15:27, 06 հունվար 2024
Գործը, որով դատախազներին ձերբակալել էին, կարճել են

Վերջին շրջանում իրավապահ համակարգում բնավորություն է դարձել քրեական վարույթներ սկսելը միայն ռեպրեսիաներ իրականացնելու համար ու հանկարծ դրանք կարճելը։ Հաճախակի են դեպքերը, երբ քրեական վարույթներ են նախաձեռնում, խուզարկում մարդկանց տները, ձերբակալում ու կալանավորում նրանց և հանկարծ այդ գործը կարճում են արդարացման հիմքերով ու այն պատճառաբանությամբ, որ հանցակազմ չի էլ եղել։

Hayastan.news-ին Դատախազության աղբյուրները հայտնեցին, որ ԱԱԾ-ն ու դատախազությունը կարճել են նաև այն քրեական վարույթը, որի շրջանակներում խուզարկել էին Արմավիրի և Կոտայքի մարզի դատախազությունները, առանց փաստաթղթավորման ձերբակալել ու ձեռնաշղթաներ հագցրել երկու դատախազների, խոշտանգել, տարել ԱԱԾ, հայհոյել, ապա բաց թողել։ Դատախազների հետ այսպես էին վարվել, քանի որ նրանցից մեկի գաղտնալսման ժամանակ նրանք վիրավորական խոսքեր էին ասել ԱԱԾ քննիչների հասցեին։

Հիշեցնենք, որ հենց այս դեպքը պատճառ դարձավ, որ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն ու գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հրաժարական տվեցին։

Մասնավորապես, երբ Պետրոս Պետրոսյանի ենթակա դատախազը՝ Ապրես Գրիգորյանը, ում աշխատասենյակը խուզարկել էին ու ձերբակալել, հանցագործության մասին հաղորդում էր տվել Աննա Վարդապետյանին, որ իրեն խոշտանգել են ու վնասվածքներ ունի, Աննա Վարդապետյանը քիչ է թե հաղորդմանն ընթացք չէր տվել, նաև Պետրոս Պետրոսյանին տեղափոխել էր այլ աշխատանքի՝ այդպես փաստորեն իջեցնելով նրա պաշտոնը նրա համար, որ նա չէր հանդուրժել իր ենթակայի նկատմամբ ապօրինությունը։

Ոմանք, այդ թվում՝ Վարդապետյանի մերձավոր շրջապատը փորձում էր ու հիմա էլ փորձում է լուրեր տարածել, թե Բաղդասարյանն ու Պետրոսյանն ազատվել են, քանի որ գաղտնալսվել են ու պարզվել է, որ հայհոյանքներ են տվել իրենց։ Բայց գոնե անտրամաբանական է, թե այդ դեպքում, ինչու, օրինակ, Պետրոսյանը ոչ թե միանգամից ազատվեց, այլ տեղափոխվեց այլ աշխատանքի ու նոր միայն ազատվեց իր դիմումի համաձայն։

Իսկ իրականում, վերջիններս հրաժարական տվեցին հենց Պետրոս Պետրոսյանի պաշտոնի իջեցումից ժամեր անց, ու նրանք թեև հրաժարվեցին հրապարակային խոսել հրաժարականի մասին, բայց ինչպես հայտնում էր դատախազության մեր աղբյուրը, իրենց աշխատակազմերին բացատրել էին, որ չեն պատրաստվում շարունակել աշխատել դատախազությունում, որտեղ հենց դատախազին ապօրինի ձերբակալում են, իսկ անօրինականության դեմ ընդդիմացողին պատժում։

Եվ ահա, ԱԱԾ քննչական դեպարտամենտը նախքան լուծարվելը, կարճել է այն քրեական գործը, որով խուզարկել ու ձերբակալել էին դատախազներին՝ փաստորեն հաստատելով, որ ապօրինի են խուզարկել ու ձերբակալել նրանց։

Ի դեպ, դատախազությունը ևս շտապել է կարճել այդ գործը, քանի որ գործում թաքցված են դատախազների նկատմամբ բռնություն կիրառելու ու խոշտանգելու մասին ապացույցները, որոնց ընթացք տալու փոխարեն դրանք տրվել էին այն քննիչներին, որոնք ըստ հաղորդման դատախազներին խոշտանգել են։ Այսինքն, Աննա Վարդապետյանը որոշել էր, որ դատախազի խոշտանգման դեպքը պետք է պարզեն նրանք, ովքեր, ըստ դատախազի, խոշտանգել են իրեն։ Այսինքն՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը չեն ցանկացել, որ այդ գործն ու ապացույցները դուրս գան իրենց կառույցներից, ընթացք ստանան․․․