Հետևեք մեզ։

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցու գործի վերաբերյալ, ով արդեն վերադարձել է Բաքու

12:06, 22 փետրվար 2024
ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցու գործի վերաբերյալ, ով արդեն վերադարձել է Բաքու

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

«Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին և խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից անմիջապես հաստատվել է, որ տվյալ անձը գտնվում է միջպետական հետախուզման մեջ․ խափանման միջոցը՝ կալանք։ Չնայած հետախուզվող անձի ազատ արձակման մասին տարածված լուրերին՝ ներքին գործերի նախարարության կողմից իրականացվել է հանձնման արարողակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում, որը կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՌԴ իրավապահ մարմիններին փոխանցելու և հանձնման հետագա գործընթացը կազմակերպելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու նպատակով»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ 

 

Սաֆարով-2․ հայի սպանության համար հետախուզվող ադրբեջանցուն Բաքվում դիմավորել են «ինչպես հերոսի» (տեսանյութ)