Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բացարձակ հանգիստ է արձագանքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին երկրի անդամակցության մասին հայտարարություններին։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի իրականացվել, և Երևանի մասնկացությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։ Ավելի ուշ կազմակերպության քարտուղարությունից հայտնել էին, որ Երևանից որևէ դիմում չի ստացել անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։ Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ գործակալությունը, Ռուսաստանի Դաշնությունը ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ, սակայն սպասում է իր իշխանությունների պարզաբանմանը։
«Մենք բացարձակապես հանգիստ ենք արձագանքում: Կազանում մենք անուղղակիորեն քննարկել ենք այդ խնդիրը նախագահների հետ: Բացարձակ հանգիստ, ոչ ոք խելքը չի թռցրել», - լրագրողների հետ զրույցում ասել է Լուկաշենկոն:
Նա ընդգծեց, որ եթե Երևանն ուզում է լինել ՀԱՊԿ-ում, ուրեմն դաշինքից ոչ ոքի չի հեռացվում, իսկ եթե չուզենա, ապա առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. «Մենք պաշտոնական հայտարարություններ չենք ստացել այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից»,- հիշեցրել է Բելառուսի նախագահը։ Բելառուսի ղեկավարը նաև խորհուրդ է տվել Երևանին «չկորցնել այն, ինչ ձեր ձեռքերում է»։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը հեշտ կլինի, իսկ վերադառնալը՝ ավելի դժվար։ «Ինձ թվում է, որ Նիկոլն ուղղակի շտապել է և էմոցիոնալ հայտարարություն արել»,- ամփոփել է Լուկաշենկոն։
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է. Նիկոլ Փաշինյան