Հետևեք մեզ։

Թաքստոց կանանց թիկունքում․ Կարեն Անդրեասյանը հիմա էլ հայտնում է, թե ինքը չի ասել, որ «լայքեն» իր՝ Ձմեռ պապին գրած նամակը

22:26, 28 փետրվար 2024
Թաքստոց կանանց թիկունքում․ Կարեն Անդրեասյանը հիմա էլ հայտնում է, թե ինքը չի ասել, որ «լայքեն» իր՝  Ձմեռ պապին գրած նամակը

Hayastan.news-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարեն Ադրեասյանի հանձնարարությամբ և նրա անունից խոսնակ Լիլիթ Շաբոյանը Դատական դեպարտամենտի աշխատակիցներին  մեղադրել  էր պասիվության մեջ, բայց պասիվությունը վերաբերել է ոչ թե նրանց աշխատանքային պարտականություններին, այլ Կարեն Անդրեասյանի անձնական ստատուսի տակ չերևալուն։ 

Լիլիթ Շաբոյանը, հղում անելով Կարեն Անդրեասյանին  աշխատանքային «չատում» հրահանգել էր «լայքել, շեյրել կամ մեկնաբանություն» գրել Կարեն Անդրեասյանի՝ Ձմեռ պապին ուղղված նամակին։ Դեպարտամենտի «չատում» գրված հանձնարարականն ավարտվում էր հետևյալ կերպ․ «Խորեն, չլայքողների, չքոմենթողների ու մեկնաբանություն չգրողների անունները տարեսկզբին փոխանցես Դեպարտամենտի ՂԵԿԱՎԱՐԻՆ»։

Այս առնչությամբ Hayastan.news-ը հարցում էր ուղարկել ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանին, պարզելու՝ ստացա՞վ այդ ցուցակը և ի՞նչ պատիժ է նախատեսված իր գրառումը «չլայքողների» համար, և ինչ օրենսդրական կարգավորմամբ է առաջնորդվել հանձնարարելով «լայքել» իր ֆեյսբուքյան գրառումը։

Կարեն Անդրեասյանին ուղղված հարցմանը, խոսնակի պարտականությունները կատարող Նաիրի Գալստյանը պատասխանել է․ «Ձեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ԲԴԽ նախագահը ոչ միայն որևէ առնչություն չի ունեցել, այլ նույնիսկ տեղեկացված չի եղել։ Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ հանրային իրազեկմանն առնչվող պաշտոնական ու ներքին աշխատանքային հարցերով զբաղվում է Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետը՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի անմիջական համակարգմամբ»։

Կարեն Անդրեասյանն առաջին անգամ չէ, որ թաքնվում է կանանց թիկունքում, ամեն դեպքում, շատ լավ է, որ ունի խոսնակ, ում վրա «տղամարդավայել» բարդում է իր հակաօրինական արարքները։ Նշենք, որ երբ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին լուրեր էին տարածվում, Կարեն Անդրեասյանը՝ իր թելադրածով, Երանուհի Թումանյանցի գրածով հայտարարությունը տարածել էր տվել Լիլիթ Շաբոյանի անունից, պարզապես ոչ ոք չհավատաց, որ դա Լիլիթ Շաբոյանն էր գրել։

Հիշեցնեմ, խոսքը վերաբերում էր վերջերս հրաժարականի դիմում ներկայացրած Արշակ Վարդանյանին։

 

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ աշխատակիցներից պահանջել է լայքել իր` Ձմեռ պապին գրած նամակը, իսկ չլայքողների ցուցակը տալ իրեն. ի՞նչ է գրել խոսնակը «չատում»