Հետևեք մեզ։

Դիրքեր կորցնելուց անտեղյակ Պաշտպանության նախարարին միայն քաղաքակա՞ն պատասխանատվության են ենթարկում

12:10, 16 մարտ 2024
Դիրքեր կորցնելուց անտեղյակ Պաշտպանության նախարարին միայն քաղաքակա՞ն պատասխանատվության են ենթարկում

Քաղաքական զարգացումներն ու իրավիճակները հասցրել են նրան, որ մենք սովորել ենք քննարկել իրավիճակն ու անցնել առաջ, իսկ տրամաբանական եզրահանգում գտնելը չափազանց դժվար է դարձել, դրա համար մեզ «սովորեցնում են» «իզուր» նեղություն չկրել։


Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը թերևս ամենաքիչ անդրադարձ ունեցածն է նրա բոլոր ասուլիսներից, և երևի քննարկման պակասն էր նրան ստիպել հանրությանը տանել TikTok-ի իր էջ, համ էլ կգովազդվեր էջն ու հետևորդները կշատանային։  
Կա Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյան․ տեղյակ չենք՝ այստե՞ղ է, թե՞ Ռուսաստանից է փրկում հայրենիքը, սակայն երբեմն-երբեմն հայտնում է, որ փրկելու է հայրենիքը։ Կան մարդիկ, ովքեր նրան հավատում են, բայց, ովքեր տեղյակ են այդ մասին, նրանց բացարձակ մեծամասնությունը դրան չի հավատում, իսկ պատճառներն անիմաստ է թվարկել։


Արշակ Կարապետյանի մասին հարց է հնչել ասուլիսի ընթացքում, իսկ Փաշինյանը, որը սիրում է «ապացույցներ» հրապարակել, ինչպես հայտնի գրիչն էր, ասուլիսի երեկոյան, TikTok-ում հրապարակում է իր և տվյալ պահին Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի անձնական նամակագրությունը, որը, պարզվում է ՊՆ նախարարի զեկույցն է ՀՀ վարչապետին։


1․ Վարչապետը հրապարակում է ՊՆ նախարարի հետ նամակագրությունը TikTok-ում։
2․ Վարչապետը ՊՆ նախարարի զեկույցները ստանում է WhatsApp-ով ու «վոյսով»։
3․ Պետական գաղտնիքը Հայաստանում, փաստորեն, այդ տեսքն ունի։


Այս հարցերը տարբեր հարթակներում վստահաբար քննարկման թեմա դարձել են, սոցիալական ցանցերում հումորների պակաս չեղավ, բայց մեկ, շատ կարևոր բան մնաց ստվերում։


Ըստ նամակագրության` 2021-ի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանը զեկուցել է. «Մեր մոտ ամեն ինչ նորմալ է»։
Ըստ Փաշինյանի՝ պարզվել է, որ այն պահին, երբ Արշակ Կարապետյանը զեկուցել է, որ ամեն ինչ նորմալ է, ադրբեջանական զորքերն այդ պահին ներժուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել։

Ըստ Փաշինյանի` այդ մասին կամ Արշակ Կարապետյանը տեղյակ չի եղել կամ տեղյակ լինելով իրեն չի զեկուցել, և նոյեմբերի 15-ին Կարապետյանն ազատվել է ՊՆ նախարարի պաշտոնից։

Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, 44-օրյա պատերազմից հետո Կարապետյանը համաձայնել է ՊՆ նախարար դառնալ, երբ կորսված էր Արցախի 75 տոկոսը, լուռ էր պաշտոնանկությունից հետո, հավանաբար ինչ-որ բանի էր սպասում, հիմա, ըստ իրեն, վերադարձել է քաղաքականություն և պատճառը Արցախի հայաթափումն է։ Կարճ՝ հավատալու չէ։


Բայց ևս մեկ քննադատության առիթ կա․ այսինքն, Հայաստանում ՊՆ նախարարի անտեղյակության պատճառով դիրքերը կորցնելը միայն քաղաքական պատասխանատվություն է ենթադրու՞մ։   Փաշինյանն ասում է՝ ադրբեջանական զորքը մտել էր ՀՀ տարածք, դիրքեր վերցրել ու միայն ազատում է նախարարին պաշտոնից, այսինքն՝ հողն այդքան «էժան է» դարձել, որ 10 000 դրամ կաշառք տալու համար դատում են, դիրքեր կորցնելու հետևանքը միայն քաղաքական պատասխանատվությո՞ւնն է։ 

 
Բացի այդ, Արշակ Կարապետյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է, քանի որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈւ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈւ ուղղությամբ։

Իսկ ո՞ւր են ճշմարտությունը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ջանքերը։ Ստացվում է, որ Կարապետյանը պաշտոնից ազատվել է ոչ թե տարածքների պատճառով, այլ Փաշինյանին խաբելո՞ւ, այլապես դրան իրավական գործընթաց կհետևեր, Կառավարությունում էլ կզեկուցեին։

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական