Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիք կա, և Հակակոռուպցիոն կոմիտեում բազմած և դեռևս իր ստացած աշխատավարձի չափ կոռուպցիա չբացահայտած Սասուն Խաչատրյանը, բնականաբար, եղբորը քաշում է առաջ։ Պատահական չէ, որ Դավիթ Խաչատուրյանին միշտ ներկայացնում են որպես Սասուն Խաչատրյանի եղբայր, և ոչ երբեք հակառակը կամ որպես անհատ։ Սա, կարծում եմ, կարևոր հատկանիշ է ՍԴ դատավոր լինելու համար։
Դավիթ Խաչատուրյանը ոչ վաղ անցյալում անհայտ փաստաբան էր, սովորաբար, նրանք, այսպես ասած՝ «տակից են գործում, փակ միջավայրում է Սասուն Խաչատրյանը ողջագուրվելով շնորհակալություն հայտնում ՔՊ-ին իր եղբորը ևս պաշտոնյա դարձնելու համար, առաջիկայում երրորդ ողջագուրվելը տեղի կունենա։
Նույն ոչ վաղ անցյալում՝ 2021 թվականի հունվարի 22-ին, Սասուն Խաչատրյանի եղբայրը ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, երդվեց և գնաց ԲԴԽ, սակայն ավելի անկախ պաշտոն ունենալու ու առավել շատ լիազորություներով օժտված լինելու փնտրտուքը եղբայրները չէին դադարեցնում, և 2023-ին Սասուն Խաչատրյանի եղբայրն ԱԺ ամբիոնի մոտ էր որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու։ Ոչինչ, որ երբեք դատավոր չէր եղել, կարևորը պինդ երես ունենալն է։
Դե ՔՊ-ն նրան կրկին ընտրեց, բայց անգամ ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ԲԴԽ գնալուց խոստացել էր ծառայել և այլն։
Հայաստանն այդպիսի երկիր է, եթե իշխանության սիրելին չես, կամ չես լայքում Կարեն Անդրեասյանի ասածներն ու արածները, բայց փորձառու դատավոր ես, ամենաբարձր հեղինակությունն ունեցող մասնագետ, բայց քննադատում ես Կարեն Անդրեասյանի գործունեությունը, քո լիազորությունները մեկ օրում կդադարեն, եթե, օրինակ, սիրում ես Կարեն Անդրեասյանին, առաջնորդվում ես ՔՊ-ի չգրված օրենքներով և ոչ ՀՀ սահմանադրությամբ, ապա կարող ես ոչ մի օր դատավոր չլինել ու մեկ օրում դառնալ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ինչպես Դավիթ Խաչատուրյանը։
Բայց, ի թիվս այլ խնդիրների և ցանկությունների, Խաչատուրյանի համար խնդիր էր նաև դատավոր աշխատել, նախ որովհետև չգիտեր՝ դա ինչ է։ Բայց, հոգ չէ․ Դավիթ Խաչատուրյանը կառավարվող է, չի հակառակվում, ճկուն է ՔՊ-ի ափսեում․ երբեք օրենքին հղում չի անում, էլ ի՞նչ է պետք նրանով կարևոր թափուր հաստիքներ չլրացնելու համար։
Սույն թվականի փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով Դատավորների ժողով էր հրավիրված։ Բնականաբար, Դավիթ Խաչատուրյանին ասել էին, որ առաջադրի իր թեկնածությունը, բայց դատավորներն ընտրել էին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:
Բայց Դավիթ Բալայանը ՔՊ-ի ստով չէր, հետո ինչ որ դատավորները նրան էին ընտրել․ Վլադիմիր Վարդանյանն, օրինակ, չէր կարողանա նրան դիմել, Բալայանն իրենց թիմից չէր, դեմ էր, որ վարչապետ Փաշինյանը շրջափակել էր դատարանների դռները, հետևաբար ՔՊ-ն Ազգային ժողովում չմասնակցեց քվերակությանը և Դավիթ Բալայանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։
Մարտի 15-ին Դատավորների ընդհանուր ժողովից հետո ԲԴԽ-ն հայտնեց, որ Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավորի թեկնածու։
Factor TV-ի տեղեկություններով՝ քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին: Որպեսզի այս երկու դատավորներից մեկն ընտրվեր որպես ՍԴ դատավորի թեկնածու, անհրաժեշտ էր ստանալ հենց 131 ձայն, այնքան, որքան, ըստ քվեարկության արդյունքների, ստացել է Խաչատուրյանը: Հատկանշական է այն հանգամանքը, որ Խաչատուրյանի 131-րդ, այսինքն՝ որոշիչ ձայնի վավերության հարցը բանավեճի առիթ է դարձել հանձնաժողովում: Պատճառն այն է, որ Խաչատուրյանի օգտին հաշվված քվեաթերթիկներից մեկի վրա ոչ թե V նշում է արված եղել, այլ X: Հանձնաժողովի երկու անդամ կարծիք է հայտնել, որ պետք է նոր քվեարկություն անցկացվի, քանի որ X նշումով քվեաթերթիկն անվավեր է: Այնուամենայիվ, այս քվեաթերթիկը վավեր է համարվել, և Հանձնաժողովի երկու անդամները հատուկ կարծիք են հայտնել, այսինքն՝ մնացել են իրենց կարծիքին, որ այդ քվեաթերթիկը վավեր չէ:
Մնում է հասկանալ, թե ինչ իմաստ ունի այսքան ձևականությունը, դուք պողպատե մանդատ ունեք, նշանակեք, անցեք առաջ, միևնույն է, քայլերը բոլորին հասկանալի են։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ՝ նվեր Կարեն Անդրեասյանին, որը մեկ այլ երկրում Կարեն Անդրեասյանին հաստատ այդ կերպ չէր վերաբերի։ Ի տարբերություն սրա, հասկանալի է, թե իր որ «արժանիքի» համար է 3 տարում երրորդ անգամ ԱԺ գնում Սասուն Խաչատրյանի եղբայրը ու փոխում բարձր պաշտոններ։
Ազգային ժողովում Սասուն Խաչատրյանի եղբայրը կընտրվի, որովհետև նա Դավիթ Բալայանը չէ և չի կարող լինել, չի էլ ուզում, իրենց վայելքն է պետք։