Հետևեք մեզ։

Փորձել են հոգեկան ներգործություն ունենալ Ռոման Բաղդասարյանի վրա․ ինչո՞ւ է նա շրջում ոստիկանների ուղեկցությամբ

12:44, 03 ապրիլ 2024
Փորձել են հոգեկան ներգործություն ունենալ Ռոման Բաղդասարյանի վրա․ ինչո՞ւ է նա շրջում ոստիկանների ուղեկցությամբ

Սոցցանցերում կադրեր էին հրապարակվել, որտեղ ոստիկանության ծառայողները ուղեկցում էին բլոգեր ներկայացող Ռոման Բաղդասարյանին։
Hayastan.news-ը ՆԳ նախարարությունից պարզեց, որ ոստիկանության ծառայողները նրան ուղեկցում են քննիչի որոշմամբ՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։
ՔԿ նախագահին ուղղված գրավոր հարցմամբ Hayastan.news-ը փորձել էր ստանալ մի շարք հարցերի պատասխաններ․ ի՞նչ հոդվածով է քրեակա վարույթ հարուցվել, ոստիկանության քանի՞ ծառայող է ապահովում Բաղդասարյանի անվտանգությունը, ե՞րբ է կայացվել քննիչի որոշումը, կա՞ն սահմանված ժամեր և վայրեր բլոգերի անվտանգությունն ապահովելու համար, արդյո՞ք ոստիկանության ծառաողները նրան ուղեկցում են նաև ՀՀ սահմաններից դուրս և այլն։


Մի շարք հարցերի պատասխաններ Քննչական կոմիտեն չի տրամադրել, համարեով դրանք նախաքննական գաղտնիք, և հայտնել է հետևյալը․


«ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով Ռոման Բաղդասարյանն ունի տուժողի դատավարական կարգավիճակ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով վարույթն իրականացնող մարմնի կողմից 19․02․2024-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանմանը։


Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, ուստի քննության ներկա փուլում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով հարցմամբ նշված մյուս հարցադրումների կապակցությամբ տեղեկատվություն չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ»։


Նշենք, որ Քրեկաան օերնսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ հոգեկան ներգործությունը՝ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը:


Պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: