«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը Hayastan.news-ին տված հարցազրույցում, ասել էր հետևյալը․ «Ես կրկնում եմ, եթե ես վստահ լինեմ և կարողանամ ապացուցել դատարանում, որ Նիկոլը դավաճան է, ես հենց հիմա կգնամ ու կասեմ՝ դավաճանության հիմքով այս գործը հարուցեք։ Ես ինքս ինձ կանլրջացնեմ, երբ ասեմ՝ Նիկոլը դավաճան է։ Էմոցիոնալ տիրույթում և էժան հեղինակություն վաստակելու համար ես կարող եմ ասել՝ Նիկոլը դավաճան է, Նիկոլը մարդասպան է, չգիտեմ ինչ է․․․» (տեսանյութն՝ այստեղ)։
Գեղամ Նազարյանի խոսքը լրատվամիջոցը հրապարակել է բառացի՝ առանց միջամտության, և առանց հակառակվելու կամ համաձայնելու նրա կարծիքի հետ, առանց որևէ վերլուծության։ Հրապարակվել է հետևյալ վերտառությամբ․ «Ես ինքս ինձ կանլրջացնեմ, երբ ասեմ` Նիկոլը դավաճան է. Գեղամ Նազարյան»։
Գեղամ Նազարյանի մեկնաբանություններից հետո, թե իբր արշավ է, լրատվամիջոցը հրապարակային առաջարկել է, այն՝ ինչ իրեն դուր չի եկել, ասել, առաջարկել փոփոխել, ինչն այդքան էլ ընդունելի չէ լրատվամիջոցի համար, բայց այս դեպքում այն սկզբունքային չէր։ Գեղամ Նազարյանն առաջարկին չի պատասխանել, հավանաբար այլ նպատակ ունենալու կամ այլ՝ իրեն հայտնի պատճառներով։
Այժմ, ըստ հերթականության․ ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանը երեկ սեփական կամքով համաձայնել է պատասխանել Hayastan. news-ի լրագրողի հարցերին, որոնք վերաբերել են նաև Նիկոլ Փաշինյանի հասցեին Նազարյանի, նրա թիմակցիների նախկին քննադատություններին։
Այստեղ հատուկ շեշտեմ, որ որևէ մեկի կողմից որևէ մեկին դավաճան անվանելը կամ չանվանելը մեր երազանքների և ցանկությունների շրջանակից դուրս է։
Լրագրող Վահե Մակարյանը Նազարյանին հստակեցնող հարցեր է տվել՝ նկատի ունենալով հրապարակային ելույթներն ու դրանցում արված արտահայտությունները, նրա գործընկերների ելույթներն ու մոտեցումները։ Գեղամ Նազարյանը, որպես «Հայկական ժամանակ»-ի նախկին լրագրող, այդ հարցերն իրեն, կարծում եմ, կունենար։
Նյութի հրապարակումից հետո Գեղամ Նազարյանը գրառում է արել դրա մեկնաբանություններում՝ ինքն իր բառերի, իր կամավոր տված հարցազրույցի համար լրատվամիջոցին մեղադրելով պատվեր կատարելու և իր հանդեպ ինչ -որ արշավի մասնակցելու մեջ։ Ապա, իր հաշվարկով, տվել սպառնալիքներ այն մասին, որ ինքը լավատեղյակ մարդ է․ «Բա որ ես բարձրաձայն եմ, հրապարակեմ ձեր բոլորի անունները, բացատրեմ ինչով եք զբաղված»։ Դրա պատասխանը տրվել է՝ խնդրեմ։
Թեև կարող էի որոշ հիշեցումներով ավելի պարզ դարձնել, թե ինչով ենք իրականում զբաղվել, զբաղվում, և զբաղվելու, բայց քանի որ դրա ապացույցի կարիքը չկա, և Գեղամ Նազարյանի տված պատասխաններն ու դրանից հետո դրսևորած վարքագիծը բոլորին չափազանց լավ են դա բացատրում, ասելիք այս մասով չունեմ։
Գեղամ նազարյանն ավելի ուշ հանդես է եկել առանձին գրառմամբ, որում շարունակել է մեղադրանքներ ու զրպարտություններ հնչեցնել Hayastan.news-ի հասցեին ու կիսահեգնական հույս հայտնել, որ լրատվամիջոցը՝ իր դեմ «արշավողներս», կհրապարակենք նաև իր գրառումը։
Այստեղ մեկ նկատառում․ գործընկեր պատգամավորների՝ պաշտոնյային ոչ հարիր վարքագիծը քննադատող պատգամավոր Գեղամ Նազարյանը, վստահ եմ, գիտի, թե իր ասածներից որն է զրպարտանք, որն է սպառնալիք, բայց, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ մասով ևս ասելիք չունենք։
Իսկ լրատվամիջոցն, իհարկե, հրապարակում է Գեղամ Նազարյանի գրառումը և այլ ասելիք չունեմ՝ գրառման առաջին նախադասությունը կարդալուց հետո։
Աբգարի և մեր մյուս Հերոսների առջև, նրանց շիրիմների առջև խոնարհվել և խոնարհվելու ենք․․․ ափսոս, շատ վաղուց, բաժին չի ընկել չզգալ այն, ինչ զգում են շատ հայրեր, որդիներ կամ դուստրեր․․․
Գեղամ Նազարյանի գրառումը՝ ստորև․
«Մեծագույն ցավ եմ ապրում նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով այսօր մասնակից դարձան իմ` հերոս Աբգարի հոր դեմ կազմակերպված զազրելի արշավին։ Կատարվածը ցավալի էր, թե իր բնույթով, թե չհասկացվածությամբ, թե, ցավոք, ուղղորդմամբ:Լրագրողի եւ լրատվամիջոցի հետ վիճելու ցանկություն եւ մտադրություն չունեմ, ինքս էլ երկար տարիներ աշխատել եմ լրատվամիջոցներում։ Պարզապես մի խորհուրդ լրագրողին` Նիկոլին մի գերազանցիր, ամոթ է, արժանապատիվ չէ։ Վերնագիր ստանալու համար ծանր մեղքի տակ մի մտիր։
Իսկ հիմա բուն հարցի մասին , համարո՞ւմ եմ Նիկոլին դավաճան թե ոչ: Նիկոլի գործողությունների, քայլերի, արկածախնդրության հետեւանքները չսպիացող վերք է պատճառել ինձ, իմ ընտանիքին, հազարավոր մեր նման ընտանիքներին։ Նիկոլն ինձ համար ավելին է, քան դավաճանը։
Մեծագույն անբարոյականություն եմ համարում փորձերը մոլորեցնել հանրությանը եւ տպավորություն ստեղծել, թե ես այս կամ այն պատճառով աշխարհին այլ կերպ, Նիկոլի գործողություններին էլ բոլորովին այլ կերպ եմ նայում, քան նախկինում։
Որեւէ մեկին, անգամ իմ դեմ սկսած արշավի հրամանատարին, մասնակիցներին չեմ մաղթում կամ ցանկանում այն, ինչ ես ու իմ կինը, իմ դուստրն ու որդին զգալու են մինչեւ կյանքի վերջ։
Կրկնում եմ, Նիկոլն ինձ համար ավելին է քան դավաճան։ Հայոց լեզվում չկա բառ, որով ես կամ ինձ նման տասնյակ հազարավոր ծնողներ կարող ենք նկարագրել այն ինչ զգում ենք, այն ինչ մտածում ենք Նիկոլի մասին։
Մի մտեք այնտեղ որտեղ սարսափելի ցավ է, մի գնահատեք դիմացինի կորստյան չափը եւ այդ կորուստը բերողի հանդեպ նրանց ունեցած վրեժը կամ նրանց ընկալումը դրա նկատմամբ: Եթե մեկին բառեր են պետք կրկնեմ այդ բառերը նորից ՝ Նիկոլը ձեզ համար պարզապես դավաճան է, իսկ ինձ համար ավելին քան դավաճան:
Հուսամ վերնագիր տարածող հայերը իրենց մեջ ազնվություն կգտնեն տարածել նաեւ սա: Հուսամ այս նյութի հեղինակ լրատվամիջոցը եւս գրառումս կտեղադրի ու նույն ջերմեռանդությամբ կտարածի։
Բոլորիդ ընտանիքներին երջանիկ ընտանեկան կյանք եմ ցանկանում: Այնպիսի կյանք, երբեք չզգաք, թե ինչ է զգում Գեղամը, Դավիթը, Վաչագանը, Հակոբը, Դարչոն, Գեւորգը, Սիմոնը, հազարավոր այլ հայրեր։
Աբգարս ինձ հուշում է` ներողամիտ եղիր, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։
Իսկ իմ խոսքերին կասկածողները թող նայեն Աբգարիս խաչքարին ու մեկ անգամ եւս խորը մտածեն, թե ինչ են անում։
Աստված պահապան ու օգնական մեր երկրին ու ազգին
»։
Բեթղեհեմ Արաբյան