Անբարո իրավիճակներն այնքան շատ են Հայաստանում, որ սովորական դառնալու վտանգավորության շեմին են հասել։ Բայց պետք է ամեն ինչ անել, որ դատարկության զնգոցները չխլացնեն արժեքները։
Հայաստանի պետական ապարատում ներգրավված են մարդիկ, որոնք դեռ իրենց եսը չեն ձևավորել, որոնք պատանեկության փուլում մեկնարկած ինքնակայացման փուլը ցմահ չեն հաղթահարել։ Օրենքն՝ օրենք, բայց մարդու բնավորությունն է կյանքի կոչում այդ օրենքներն ի շահ պետության, ոչ թե սեփական եսի, անձնական քինախնդրության ու չկայացվածությունից բխող հանգամանքների, որոնք հետո քրեական վարույթներ են դառնալու։
Այդ չկայացած լինելն է, որ իրենց շրջապատում են յուրայիններով, վախենում են օտար տեսախցիկից, ու լուսանկարներով են փորձում անկախի կերպար կերտել, լցնել դատարակությունը ու դրա համար արժանացած քծնանքի ծափերից հառնում են երկինք, ձևավորում են միջավայր, որոնց անդամները իրենցից կախվածության մեջ են։
Երեկ Hayastan.news-ը նկատել էր, որ Աննա Վարդապետյանը 15 րոպեն մեկ՝ դեմքի լուրջ արտահայտությամբ, ծաղիկներ է խոնարհում անմար կրակի մոտ։ Նա մի հատ քայլել էր ՔՊ-ականների հետ՝ Փաշինյանի թիկունքից, հետո պտույտ էր արել, ևս երկու մեխակ վերցրել ու քայլել դատախազների հետ, էլի դեմքի նույն լուրջ արտահայտությամբ՝ ջանք չնխայելով գտնել տեսախցիկը, ուղիղ նայել էր տեսախցիկին՝ առանց ամաչելու, որ 15 րոպե առաջ նույնն արել էր։ Սա մանրուք չէ, սա տեսակ է, որի ձեռքում պետության համար կարևորագույն լծակներ կան։
Բայց, նա հո դա միայնակ չէր արել, բա ընկերուհի ՄԻ պաշտպանը։ Լուսանկարներից և տեսագրությունից պարզվում է, որ երկու անգամ էլ Ծիծեռնակաբերդում քայլել ու լուսանկարահանվել Անահիտ Մանասյանը։
ՄԻ պաշտպանը նախ ՔՊ-ի կազմում էր գնացել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել, ապա ևս մեկ անգամ էլ քայլել էր ու նույն գործողությունն արել իրենց սպասող ՄԻՊ աշխատակիցների հետ։ Արարողակարգն՝ արարողակարգ, բայց տպավորություն է, որ չեք ցանկանում որևէ տեղում չերևալ։ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պետք է լինի, ոչ թե իրեն առաջադրած ու ընտրած կուսակցության կցորդը, կուսակցության տիկնանց և նրանց անդամների տիկնանց միջոցառումների մասնակիցն ու մշտապես ներկան, իսկ ի՞նչ է խանգարել ՄԻՊ-ին չքայլել ՔՊ-ի հետ, Փաշինյանի հետ, այլ այցելել Ծիծեռնակաբերդ միայն իր թիմի հետ։
Ավելորդ է բացատրել, որ պատճառը լուսանկարվելն է ու պարտքի զգացումը ՔՊ-ին, նաև կայացած չլինելը թույլ չի տալիս չերևալ ՔՊ-ի շարքերում։
Այդպես ակտիվ ու սրտացավ ՄԻՊ-ը կարող էր լինել Տավուշի հարցում, երկու անգամ Նոյեմբերյանի բաժին այցելել անձամբ, երբ ոստիկանությունն ուժ էր կիրառում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ են թուրքից 50 մետր հեռավորությամբ ապրելու Փաշինյանի նախաձեռնությանը, կարձանագրեինք նաև դա, Մանասյանն այցելեր Տավուշում Կադաստրի վկայական ունեցող այն քաղաքացու տուն, որը տալիս են թշնամուն, այցելի, կամ լսի այն մարդկանց, ովքեր անտից ասում են՝ Մանասյանն իրենց գոյության մասին չգիտի։ Ու առհասարակ, մի քիչ անկախ լինելը, նաև ընկերուհուց, Անահիտ Մանասյանին հաստատ օգուտ կտա, առնվազն իր աշխատանքից բխող գաղտնիության մասով նրա նկատմամբ վստահությունը հաստատ կբարձրանա, և ոչ միայն։ Բացի այդ, ՀՀ քաղաքացիներին անկախ ՄԻ պաշտպան է պետք, դա միայն Մանասյանի շահը չէ։
Պատկերացնո՞ւմ եք սովորական ուրուգվայցու արձագանքը, ում պետությունն ամենաառաջինն է ճանաչել Հայոց ցեղասանությունը, երբ լսի, որ ՀՀ գլխավոր դատախազն ու Մարդու իրավունքների պաշտպանը Ծիծեռնակաբերդում են ոչ թե անմեղ զոհերի հիշատակը հարգելու, այլ երկու անգամ նկարվելու համար։
Պատկերացնում եք, թե 1965-ին և դրանից տարիներ առաջ մեծ ջանքերով՝ ընդհատակներում, գաղտնի մրցույթներով, այլ անվան տակ, բայց միահամուռ նպատակով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կառուցողները դրա մեջ ինչ խորհուրդ ու նվիրում էին դրել, պարզվում է՝ այդ տիկնանց համար այն ճեմուղի է, լուսանկարչական ապարատի երկու-երեք շխկոց ավելի լսելու վայր, թիմում իրենց ղեկավար ցույց տալու ու ՔՊ-ի հետ քայլելու տեղ․․․
Ոչինչ չի մոռացվի։