Միջադեպը որևէ առնչություն չունի ադրբեջանցի մարզիկների անվտանգության հետ, այս մասին արդեն ՀՀ ԿԳՄՍՆ- ն հաղորդագրություն տարածել է, պարզապես Ադրբեջանն օգտագործում է պահը։
Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
-Պարոն Գիլոյան, միջադեպ է գրանցվել, ադրբեջանցիները որոշում ունեն վերադառանալու, ինչ է կատարվում, ինչ անվտանգության խնդրի մասին է խոսքը։
-Իրենց անվտանգությանը ոչինչ չի սպառնում, միջադեպն էլ որ եղել, արագ հարթվել է։ Հետո անձնական որոշում է կայացվել, Ադրբեջանում օգտվել են առիթից։ Այստեղ իրենք որևէ մեդալի ակնկալիք դժվար թե ունենային, և սա հնարավորություն տվեց պահը լավ օգտագործել քաղաքական առումով և թիմը տանել հետ։
-Դուք, ամեն դեպքում, բացասաբա՞ր եք գնահատում Արամ Նիկոլյանի՝ Ադրբեջանի դրոշը վառելու արարքը։
-Սա սպորտ է, և այդպիսի բան չի կարելի անել, այո։ Դրա պատճառով, եթե մեզ 99 տոկոսով վստահելու էին 2024 Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը, հիմա 10 տոկոս էլ չունենք, որ կարող ենք մեր երկրում այն անցկացնել։ Դուք լա՞վ եք գնահատում այդ արարքը։
-Մարդիկ ասում են՝ հայրենասիրության տեսակետից գոնե խիզախ մեկը գտնվեց։
-Հայրենասիրության դաշտ կա, այստեղ կտորի հետ կռիվը հայրենասիրությո՞ւն է, կտոր վառելը։
-Դե սա զուտ կտոր չէր, Դուք էլ գիտեք, որ խոսքը թշնամի պետության սիմվոլի մասին է, որ մեր երկրի սրտում չծածանվի։
-Մենք, որ գնում ենք, ես անձամբ երկու անգամ եղել եմ Ադրբեջանում, ՀՀ դրոշ ենք տարել, չմասնակցեի՞նք, չգնայի՞նք, հիմա միջոցառում չանցկացնե՞նք, փակվե՞նք, ասենք՝ չենք անցկացնում։
-Բայց, կարելի է, չէ՞, հասկանալ, ի վերջո, չորս օր առաջ այդ նույն ադրբեջանցիները մտել էին մեր սուվերեն տարածք, զինվոր սպանել, հիմա քաղաքացիներն էլ այդպես են իրենց դիրքորոշումն արտահայտում։
-Այո, շատ վատ էր, սրիկայություն էր, ստորություն էր, պիտի պատասխան կրակոցներով ամեն ինչ անել։
-Գուցե սա էլ մեսիջ է, որ մենք մեզ սպանող ազգին չենք պատրաստվում դիմավորել։
-Դա ձեր իրավունք է, մեկնաբանեք այդպես։
-Միջազգային կառույցներից ի՞նչ արձագանք կա։
-Ես ասացի՝ Աշխարհի առաջնությունն արդեն տվել էին մեզ, հիմա մարդիկ տարակուսանքի մեջ են, մարդիկ ասում են՝ դե որ այսպես է լինելու, ԱԱ-ն էլ կարող նույնը լինել, հիմա մտածում են՝ տալ, թե չտալ։
-Իրենք արդեն ասում են այդպես, ո՞ւմ կողմից է այդպիսի ազդակ եկել։
-Այո, ասում են, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից։
-Առաջնության ընթացքի վրա կազդի՞ սա։
-Բացարձակ չի ազդի, մենք, միևնույն է, առաջնությունն անցկացնելու ենք ամենաբարձր մակարդակով և սպորտային տեսակետից որևէ խնդիր չկա։ Միջազգային սպորտային կառույցներից դեռ արձանգանքի սպասում ենք։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։