Հետևեք մեզ։

Թքելու և սողալով առաջ գնալու մշակույթ կամ ինչպես են «մանասյանները» նախապատրաստում իշխանափոխությունը

14:23, 22 ապրիլ 2023
Թքելու և սողալով առաջ գնալու մշակույթ կամ ինչպես են «մանասյանները» նախապատրաստում իշխանափոխությունը

  Քանի որ ատելությունն ու հայհոյախառն խոսքը, ագրեսիվ վարքն ու անհանդուրժողականությունը ոչ միայն չեն մեղմվում, այլ արտահայտվում են խորհրդարանի ամբիոնից, երեկ միամտություն ունեցանք նեղություն տալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ լսելու նրա կարծիքը, որովհետև Ազգային ժողովում Թագուհի Թովմասյանի ակցիային հաջորդած միջադեպից հետո ՄԻՊ-ը որևէ  կարծիք ինքնակամ չէր հայտնել։

 

   Նախ ասեմ, որ Մանասյանի անվան կողքին նրա զբաղեցրած պաշտոնն իմաստ չունի հիշատակել, որովհետև այն, ինչով նա է զբաղվում ո՛չ մարդու, ո՛չ իրավունքի և ո՛չ էլ դրանց պաշտպանության հետ կապ չունի։

 

  Մանասյանի դեպքում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ նա չի ամաչում նույնիսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից, ով շատ ավելի իրավունքների պաշտպան է, քան ինքը, որովհետև նա համարձակություն ունեցավ իր պատասխանատվությունից դուրս հարցին՝ նույն թքելու մասին հարցին, ավելի պարզ ու քննադատական պատասխան տալ։ Մյուս կողմից, չնայած, ասելու համար, որ թքելը վատ բան է, ոչ թե համարձակություն է պետք, այլ պետք է չլինել այնքան խեղճուկրակ, որ ինքդ քո ինքնասիրության վրայով քայլես։

 

  Մանասյանին պարզ հարց ես տալիս՝ լա՞վ է, թե՞ վատ թքելը, առաջարկում  է խոսել մշակույթից։ Իհարկե, բոլորին չէ պարզ, թե ինչ մշակույթի մասին է խոսում, քանի որ նա այդ հասկանալի ու պարզ, հստակ ու կոնկրետ հարցերին պատասխանում է՝ ասելով, որ բազմաթիվ խնդիրներ կան, պետք է զբաղվել դրանցով, և որ կա մշակույթի ձևավորման խնդիր։ Մենք, իհարկե, լավ ենք հասկանում, թե ինչ մշակույթ ձևավորելու մասին է վերացական մտքեր ասում Մանասյանը, բայց նա այդ մշակույթը ձևավորելու պատասխանատուներից մեկը դառնալուց հետո էլ չի կարողանում ասել, թե ինչ է պետք անել դրա համար։

 

  Մյուս կողմից․ ի՞նչ կա այստեղ մշակույթ ձևավորելու, օրինակ, ո՞նց է պատկերացնում Մանասյանը 43 տարեկան պաշտոնյա տղամարդուն սովորեցնել, որ թքելը վատ մշակույթ է։ Մանասյանը չի՞ տեսել, որ դա վաղուց ձևավորված մշակույթ է, դեռ քայլել չիմացող թքող փոքր երեխային բոլորն ասում են՝ չի կարելի։ Մյուս կողմից՝ ո՞վ է ասել, որ թքելը մշակույթ է կամ համատարած բնույթ է կրում։ Ո՛չ, թքում է մեկը, լռում եք բոլորդ ու մեկ արարքին գնահատական չտալու համար արարքն անվանում եք մշակույթ ու բաշխում հասարակության վրա՝ ձեր թուլությունը կոծկելու համար։ Այ այս մշակույթի դեմ պետք է պայքարել․ պետք է պայքարել իրենց սեփական վախի համար անդեմ առաջ սողացողների դեմ։ Ի՞նչն է մշակույթ, Մանասյանը քանի՞ հոգու է տեսել, որ թքում են դիմացինի երեսին։ Անգամ Ալեն Սիմոնյանը, չնայած ոչ հասցեական, ներողություն է խնդրում իր արարքի համար, նա կիրառում է աշխարհի բոլոր վերացական բառերը, թքի ապացույց է ուզում, որ գնահատական տա։

 

  Մանասյանն իր նշած մշակույթը ձևավորելու եղանակների մասին ոչինչ չի ասում, քանի որ իրականում չգիտի, թե ինչ է  պետք դրա համար, իսկ մշակույթ բառն օգտագործում է, որպեսզի կարողանա շրջանցել հարցերն ու չասել, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի արել, որ թքել է կամ սպառնացել է  էլի թքել։

 

   Մանասյանն այնքան հեռու է հենց իր ակնարկած մշակույթից ու այն ձևավորելուց, որ չի էլ գիտակցում, որ երբեմնի բացառիկ շանս ունի մի փոքր բան անելու այն մշակույթի ձևավորման համար, որի մասին տեղին ու անտեղի խոսում է։ Նա չի հասկանում նույնիսկ, որ ԱԺ նախագահին չնչին էլ քննադատելով ու ասելով, որ նա իրեն հարիր բառապաշարով չի խոսում, կզսպի մյուսներին ու կյանքում մեկ անգամ գոնե կմասանակցի այն մշակույթի ձևավորմանը, որի մասին հիշատակելով թաքնվում է  բոլոր հարցերից։ Դրա փոխարեն  նախընտրում է շարունակել փաստեր ճշտել, բայց դեռ չի ճշտել թքելու պատմությունը և չի տեսել, որ իր ներկայությամբ սպառնացել են ականջ կտրել։ Փոխարենը, բոլոր դեպքերում նա գիտի, որ ինքը պրոֆեսիոնալ է ու բարեվարք։ 

 

  Բայց Մանասյանն, իհարկե, համեստ է նաև ու ուրիշներին նեղություն չի տալիս, հենց ինքն էլ իրեն գովաբանում է, իր մասին մշակույթ է ձևավորում և միակ հստակ գնահատականը, որը հնչեցնում է, դա իր հասցեին է՝ ծնվել է մարդու իրավունք պաշտպանող, բարեվարք է ու պրոֆեսիոնալ։

 

  Դա բառերով, իսկ գործունեությամբ հետևյալն է․ որքան է Մանասյանը պրոֆեսիոնալ մարդու իրավունքների պաշտպանության ու լավ մշակույթ ձևավորելու հարցերում, երևում է նրա ամենապարզ հարցին տված յուրաքանչյուր դատարկ պատասխանից։ Իսկ քանի որ նա դեռ չի վարանում ու փաստեր է ճշտում  այն ամենի մասին, ինչը տեսագրված ու հրապարակված է, կամ մշակույթից ու բարեվարքությունից խոսում է Արդարադատության ակադեմիայի խորհրդի ղեկավարի ընտրության ժամանակ իր վարքագծից հետո, նրա բարեվարքության մասին նախընտրեմ լռել, թող ինքը շարունակի քարոզել իր մասին։

 

  Մանասյանի գործունեությունը կապ չունի ոչ թե մարդու իրավունքների, այլ առհասարակ ոչ մի բանի պաշտպանության հետ։ Հավանաբար, սխալ է անգամ կարծել, որ Մանասյանը պաշտպանելու է, օրինակ, Նիկոլ Փաշինյանին և անելու է այն, ինչ կպահանջեն իշխանությունները։ Փաշինյանն, իհարկե, կցանկանար ՄԻՊ, ով Արման Թաթոյանի պես չէր արձագանքի յուրաքանչյուր խախտման և իրեն զուսպ կպահի իշխանության հետ հարցերում, բայց, վստահ եմ, չէր կարող ցանկանա մեկին, ով չի խոսում նույնիսկ այնքան, որքան պարտադիր է խոսել, գոնե մի փոքր, գոնե՝ իրավիճակն ավելի չսրելու, քննադատելու ավելի շատ հիմքեր չտալու ու իշխանության հանդեպ անարդարության զգացում ու ատելություն չառաջացնելու համար։ 

 

  Մանասյանն իշխանությունների՝ մարդու իրավունք խախտող կամ թեկուզ չխախտող, բայց դրա համար վտանգավոր արարքները «քննադատում է» ավելի քիչ, քան խախտողն անձամբ։

 

  Եթե հետ դառնանք ու նորից հիշենք, թե ինչում են սխալվել նախկին իշխանությունները, ինչպես են հակադրվել ժողովրդին, հեռացել ու օտարացել ժողովրդից իրենց ավելորդ ինքնավստահությամբ, իրականության զգացումը կորցնելով ու երբեմն խաղալով հենց նրանց նյարդերի վրա, կտեսնենք, որ «մանասյանները»,  արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում բազմաթիվ խնդիրների պայմաններում հատկապես մատաղի արարողությունը վերացնելու ջատագովներն ու ԱԺ ամբիոնից երեխային (Աստված պահի) ուղղակի խոսքեր ձոնողները կաթիլ-կաթիլ իշխանափոխություն են նախապատրաստում։

 

Բեթղեհեմ Արաբյան