Հետևեք մեզ։

Ի՞նչ ունենք սովորելու ուզբեկստանցի մարզիկ Ասակալովից կամ «արծրուններով» ստվերելու մոլուցքը

13:18, 08 օգոստոս 2024
Ի՞նչ ունենք սովորելու ուզբեկստանցի մարզիկ Ասակալովից կամ «արծրուններով» ստվերելու մոլուցքը

Հայաստանի պատմության լավագույն մարզիկներից մեկի՝ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական արծաթը հպարտանալու մեծ առիթ է, շնորհավորելու մեր մարզիկին, որն ընդունակ է մի ամբողջ ազգի ստիպել հուզվել, աղոթել, հպարտանալ ու ցավել իր հետ ու իր համար։

Բայց, արի ու տես, որ մեր հասարակության մեջ ուրախանալն էլ է խնդիր, մեծահոգության պակաս կա, սեփական նախասիրությունն առաջին պլանում պահելով այլևս ոչինչ չտեսնելու մոտիվ․․․

Մարդու իրավունքն է քննադատել, քննադատել անգամ մոռանալով աշխարհի ամենալավ հարցի մասին՝ իսկ ի՞նչ եմ արել ես, մոռանալ երկրորդ լավ հարցի մասին՝ իսկ եթե ես լինեի՝ ի՞նչ կանեի։ Քննադատելն անգամ այն մարդու իրավունքն է, որն առիթի դեպքում կլիներ պաշտոնյա և կնկարվեր Արթուր Ալեքսանյանի հետ, անգամ այն մարդու իրավունքն է քննադատել,  որը պաշտոնյաներից ցանկացածի լծակներն ունենալու դեպքում չես էլ կարող պատկերացնել, թե ինչեր կաներ, քննադատել կարող է անգամ այն մարդը, որը քաղաքական հենց իր ցանկություններն իրագործելու անկարողության մեղավորներ է փնտրում, քննադատել կարող է նաև այն մարդը, ում անճարության պատճառով ողբերգություններ են եղել, քննադատել կարող են նաև պարզապես մարզասերները։
  
Օլիմպիական արծաթը նվաճելուց հետո Արթուր Ալեքսանյանն այն հանեց պարանոցից, ակնհայտ է, որ նրա կարգի մարզիկի համար արծաթը չէր սպասելիքը, այստեղ էլ պետք է ուրախանալ, որովհետև մենք մարզիկ ունենք, ում օլիմպիական արծաթը չի ուրախացնում․․․
 
Այս ամենին հաջորդել է մեկ դրվագ, որն ավելի ցցուն է դարձնում հայ հասարակության շերտերում առկա փոքրոգության, նեղ-անձնական հարցերով առաջնորդվելու, փոքր բաներին մեծ կարևորություն տալու, ձեռքբերումները ստվելու մոլուցքի մասին․ դա Ասակալովի դրվագն է: Այդ մարզիկը մի քանի անգամ, որից մեկն այս օլիմպիական խաղերում, պարտվել էր Արթուր Ալեքսանյանին։  Եվ այդ մարզիկը, ում համար Արթուրը բաղձալի հաղթականերին հասնելու ամենամեծ խոչընդոտն է եղել սկսած 2017-ից, մխիթարում էր նրան, քաջալերում, գնահատում՝ ասելով շատ կարևոր արտահայտություն․ «Մի նեղվիր, դու այնքան շատ բան ես արել»։ Սա մարդն է՝ մեծահոգի, արժեքները գնահատող, չչարացած ու իր անհաջողությունների համար ուրիշ մեղավորներ չորոնող։

Պարզվում է, որ ուզբեկստանցի մարզիկը գնահատում է, ոսկե մեդալակիր իրանցի մարզիկն իջնում է պատվո հարթակից ու լուսանկարվում Արթուր Ալեքսանյանի հետ, իսկ   հայ հասարակության մի զանգված որոշել է, որ «լավ եղավ, այ որ Արծրուն Հովհաննիսյանի հետ չնկարվեիր, մենք էլ կցավեինք, կամ կհաղթեիր», կամ պիտի նկարվի միայն իրենց քաղաքական կուռքերի հետ․․․ Արթուր Ալեքսանյանին «չեն ներում» Արծրուն Հովհաննիսյանի հետ նկարվելու համար կամ, որ Արթուր Ալեքսանյանն Արծրուն Հովհաննիսյանին չի ասել՝ գնա կողքիցս։
 

Գիտեք, պատերազմից հետո դեռ որևէ դրվագ չի արձանագրվել, որ արծրունատյացները  պատերազմի ժամանակ սուտ խոսելու առաջամարտիկ, ոսկե մեդալակիր Արծրուն Հովհաննիսյանին որոշել են պատժել, պատասխանատվության ենթարկել․․․  իսկ ինչ է խանգարում իրենց  ասելինքն  ու անելիքն Արծրուն Հովհաննիսյանի նկատմամբ անեն իրենք, ոչ թե, օրինակ, Արթուր Ալեքսանյանը։ Չի եղել դեպք, որ որևէ մեկը «պատժում էր» Արծրուն Հովհաննիսյանին, Արթուր Ալեքսանյանը գնաց և պաշտպանեց․․․ ի վերջո, որքան կարելի  սեփական ցանկություններն իրականացնել պահանջել ուրիշներից։

Մեր երկիրը սրընթաց գնում է արժեքների  ոչնչացման, սովորական դարձնելու ճանապարհով, մենք ունենք մարզիկներ, որոնք վատ վերաբերմունքի, չգնահատված լինելու պատճառով լքել են Հայաստանը և դասեր չենք քաղում։ Այդ նույն մարդիկ, ովքեր Արծրուն Հովհաննիսյանին այդքան կարևորում են ու նրա պատճառով քննադատում Արթուր Ալեքսանյանին, քննադատել են նաև իշխանությանը, այս կամ այն մարդուն, նախկին իշխանականին ու ապագա ընդդիմադիրին Հենրիխ Մխիթարյանին, Լևոն Արոնյանին չգնահատելու, այս կամ այն թեմաներին կապելու և ի վերջո, նրանց՝ Հայաստանից հեռանալու պատճառ դառնալու համար։ Իսկ ի՞նչն է խանգարում կողքից նայել սեփական գործողություններին հիմա, որն արվում է Արթուր Ալեքսանյանի նկատմամբ։  Ի վերջո, ինչո՞ւ է այդչափ կարևորվում Արծրուն Հովհաննիսյանը, երբ մեր մարզիկը հիմա ավելի շատ աջակցության կարիք ունի, քան երբ նվաճել էր օլիմպիական ոսկին։

Երբեք պետք չէ թույլ տալ մարդկանց,  երեկվա, այսօրվա ու վաղվա պաշտոնյաներին, քաղաքացիներին, անհատներին ստվերել այն, ինչը բացարձակ արժեք է, ինչը լավագույնն է, ինչը մեր փոքր երկրի մեծագույն ձեռքբերումն է։ Մենք խնդիր ունենք թացը չորից տարբերելու,  մարդուն պաշտոնյայի կարգավիճակից տարբերելու, լավագույնին մեծարելու, և քաղաքական նախասիրությունը պետության դրոշը բազմաթիվ անգամ աշխարհում բարձր հորիզոնականներում ծածանողին «արծրուններով» չստվերելու։ Հայաստանում բոլոր թևերը խնդիր ունեն Ասակալովից գնահատել սովորելու, և Մխիթարյանը, Արոնյանը և մյուսները կմնային Հայաստանում։  Արթուր Ալեքսանյանի արծաթե մեդալը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գնահատելու խնդիրն բոլորն ունեն։

Շնորհավո՛ր, Արթուր Ալեքսանյա՛ն, շնորհակալություն հաղթական բերկրանքներ պարգևելու համար, շնորհակալություն օլիմպիական արծաթի համար․․․ դու լավագույնն ես, դու կրկին կնվաճես մեր բոլորի երազած ոսկին ու ամուր կպահես պարանոցիդ․․․




Բեթղեհեմ Արաբյան