Ճիշտ են ասում, որ ճշմարտությունը միշտ հետաքրքիր տեղերում է թաքնված, իսկ երբեմն՝ ստի ու կեղծիքի մեջ։ Այդպես է ստացվում նաև, երբ ոմանք փորձում են բարեպաշտ երևալ ու հենց դրանով բացահայտում, որ ընդհանրապես այդպիսին չեն։
Հերթական հրաշալի ճշմարտությունը բացահայտեց Գրիգոր Մինասյանը, ճշմարտությունն` իր, բոլոր իրավապահների ու նրանց արդար ու օբյեկտիվ աշխատանքով հիացած և այդ աշխատանքի վրա հիմնվելով ժողովրդավարությունը որպես հայկական բրենդ հռչակած վարչապետի խոսքերի մասին։
Եվ այսպես, ժողովրդավարությամբ լի Հայաստանի արդարադատության նախարարը հրապարակավ հայտարարում է, որ լեզուն կտրելը քաղաքական հայտարարություն է, իսկ յուրաքանչյուր քաղաքական հայտարարության համար քրեական գործ հարուցվել չի կարող։
Հասկացանք, քրեական գործ կարող է հարուցվել միայն իշխանությունների դեմ քաղաքական հայտարարությունների համար, միայն ընդդիմադիրների նկատմամբ կամ նրանց, ովքեր ընդամենը ձեզ չեն սիրում։
Իսկ սա հիմա բնավ քաղաքական հայտարարություն կամ քննադատություն չէ։ Սա առաջարկ է դատախազությանը, քննչական կառույցներին, Գրիգոր Մինասյանին ու նրանց նշանակած բոլորին՝ հրավիրելու ասուլիս ու հրապարակելու, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանին ուղղված «լեզուդ կկտրեմ»-ին հավասար հայտարարության ու սոցցանցերում գրառման համար։ Հրապարակեք՝ քանիսի՞ն եք քրեական գործերով բերման ենթարկել ձեր լեզուն, ականջը, ոտքը, ձեռքը կտրելու մասին գրառման ու մեկնաբանության համար ու պատժել:
Հրապարակեք ու խոստովանեք, թե ինչո՞ւ եք ձևացնում ամեն ինչ, ինչո՞ւ եք ծեծը, հայհոյանքն ու լեզուն կտրելը հանցանք համարում ու հարուցում գործեր, եթե դա պետք է մամուլում հերոսանալու համար կամ եթե ծեծել են հենց ձեզ, և ինչո՞ւ եք ձեր տված սպառնալիքը քաղաքական հայտարարություն համարում։
Մի գեղեցիկ ճշմարտություն էլ այսօր Արփի Դավոյանի տխրության, արատավոր վարքուբարքի համար նրա մտահոգության մեջ էր։ Այլասերություն քարոզող կոնվենցիաները ողջունող Դավոյանին ոչ ոք չէր խնդրել ձևացնել, թե հայոց խորհրդարանում սգում են թմրանյութի տարածման համար ու ամաչում, որ պաշտոնյան՝ քննիչը թմրամիջոց է օգտագործել։ Պետք չէր անել դա և ի լուր ամենքիս պատասխան ստանալ, որ խորհրդարանում էլ են թմրանյութ օգտագործում ու այնքան «ազնիվ» են, որ հրաժարվում են նմուշ տալ ու փորձաքննվել թմրամիջոց օգտագործելը պարզելու համար։
Իսկ մենք բոլորս գիտենք, որ սա իշխանության սովորական ու ամենօրյա կենցաղն է, գործելակերպն ու կենսակերպը։
Ես լիահույս եմ, որ իրավապահներն առաջարկին կարձագանքեն ու կհրապարակեն թվեր, կբացատրեն գոնե, որ «լեզուն կտրելու» մեջ տարբերություններ կան, ապա նորից կպատմեն, որ իրենք ընդդիմադիրին ու իշխանավորին նույն աչքով են նայում։ Բայց հույս ունեմ, որ նրանք դա կանեն հայելու մեջ իրենց իսկ աչքերին նայելուց հետո, որ մի օր բոլորս նայենք։
Բեթղեհեմ Արաբյան