Հետևեք մեզ։

Կարեն Անդրեասյանն ու էթիկան

21:20, 20 հունիս 2023
Կարեն Անդրեասյանն ու էթիկան
 
Երեկ դատավոր Դավիթ Հարությունյանի կարգապահական վարույթի հարցով ԲԴԽ նիստից հետո դրա նախագահ Կարեն Անդրեասյանը լրագրողների հարցերին չպատասխանելիս իրեն իրավունք է վերապահել Hayastan.news-ի և «Հրապարակ»-ի խմբագիրներին հիշեցնել լրագրողական էթիկայի մասին։
 
Պապական խոսք կա այն մասին, թե ով է առաջինը բարոյականությունից խոսում, դե Անդրեասյանն էլ որոշել է խոսել էթիկայից։ Անդրեասյանի մասին մի քանի հրապարակումներ ունեցել ենք, դրանցում խոսել նրա՝ որպես ՄԻՊ աշխատանքի ու ԲԴԽ անդամի խայտառակ ընտրության մասին։ Բայց երկու դեպքում էլ վկայակոչել ենք տեսագրված կամ հրապարակված, տեսանելի ու չափելի փաստեր, թե ինչպես է Անդրեասյանը ՄԻՊ աշխատելիս Ազգային ժողովում աղերսում իրեն պաշտպանել Կոստանյանից և ինչպես նա վերջերս չի թաքցնում, որ ԲԴԽ անդամի թեկնածուներից մեկին չի հավանում։ Անդրեասյանն այս ամենից սրտնեղելով հանդերձ պետք է շնորհակալական նամակ գրեր մեզ՝ ավելին չհրապարակելու համար։ Իսկ հիմա, թողնելով Կարեն Անդրեասյանի վաստակած սարկազմը, պատմենք, թե ով է խոսում էթիկայից։
 
Էթիկայից խոսում է մեդիա իրավունքի դասախոս Կարեն Անդրեասյանը, ով լինելով ԲԴԽ նախագահ, այդ խորհրդում իր մասնակցությամբ նման իրադարձություններից հետո, հանդիպելով լրագրողների, քննադատում է նրանց՝ իրեն հարցեր տալու համար, հիշում, որ ինքը, որպես քաղաքացի, քայլելու և սնվելու իրավունք ունի։ Մի անհամեստ հարց՝ իսկ ինչո՞ւ է իրեն հարց տվող լրագրողների վրա «մունաթ» եկող քաղաքացի Կարենը սնվելու գնում «ախռանայի» ուղեկցությամբ։ Ինչո՞ւ է նրա պաշտոնական էթիկան թույլ տալիս սնվելու գնալ որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող անձ՝ «ախռանայով», բայց նույն պահին լրագրողներին հանդիպելիս դառնալ սնվելու իրավունք ունեցող քաղաքացի։ Ի՞նչ իրավունք ունի էթիկայից խոսել մեկը, ում ԲԴԽ նախագահ նշանակումը, որպես քաղաքական կոռուպցիա, կոռուպցիայի ընկալման ցուցանիշի անկում է ապահովել, ի՞նչ էթիկայից է խոսում մեկը, ով փաստացի քաղաքական կուսակցության անդամ լինելով, ղեկավարում է անկախ մարմին, ի՞նչ էթիկա, եթե այդ պաշտոնում նախկին քաղաքական հայտարարություններդ ես իրագործում, ի՞նչ էթիկա, եթե քեզ թույլ ես տալիս նախկինում քաղաքական, հիմա ապաքաղաքական խաղալ, ի՞նչ էթիկա, եթե որպես դատավոր փորձում ես պատժել դատավորներին այն արդարադատության նախարարի միջնորդություններով, ում հետ համատեղ սեփականությամբ գույքեր ունե՞ս, թե՞ ոչ՝ լրջագույն հարց է, ի՞նչ էթիկա, եթե ինքդ առնվազն էթիկայի հանձնաժողովի պոտենցիալ շահառու ես, ի՞նչ էթիկա, երբ որպես նախարար աշխատելիս էլ զբաղվել ես «սնվելով»…
 
Կարեն Անդրեասյանը լավ գիտի, բայց հիշացրեք, որ սա էլ դեռ ամբողջը չէ ու էթիկայի սահմաններում է…
 
Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական