Արցախում տեղի ունեցողի, Արցախի շուրջ կատարվողի և նույնիսկ Արցախը հանձնելու մասին գրելը, այդ թեմայով որևէ մեկի քննադատելը դժվար է ու խոսել ստացվում է, երբ համբերության բաժակը լցվում է։ Մտահոգվում ես՝ հանկարծ ու որևէ հայի գիտակցության մեջ սխալ միտք չառաջացնել։ Բայց արի ու տես, ոմանք թքած ունեն այդ ամենի վրա, իսկ ոմանք թքած ունեն կոնկրետ բանի՝ արցախցու ինքնորոշման իրավունքի վրա ու Արցախյան նոր շարժման օրերին գնացել են Ալիևին զարմացնելու։
Սկսենք ամենաանէականից, ամենացածր ու փոքր, բայց նյարդերը ամենաշատը քայքայող բանից։ Ասելիք առանձնապես չկա՝ եկեք բոլորս մի անգամ էլ զարմանանք, թե ինչպես է վարչապետի կինը, անլուրջ վերաբերում նույնիսկ սեփական ամուսնու զբաղմունքին ու այն ժամանակ, երբ նա տանուլ է տալիս հերթական դիվանագիտական խաղը, նստում պատուհանագոգերին ու Էյնշտեյնի հոգին կանչում։ Երկար ժամանակ չհամաձայնելով, որ անմտություններն արվում են ուշադրություն շեղելու համար, հետևաբար ոչ թե անմիտ, այլ լավ էլ մտածված քայլեր են, այսօր ստիպված եմ արձանագրել, որ հանուն ուշադրություն շեղելու, ոմանք մարդկանց ստիպում են հայհոհել իրենց։ Աննա Հակոբյանը չէր զլացել նաև Արցախում կատարվողին զուգահեռ Էյնշտեյնի պատկերով ու հետևյալ գրությամբ շապիկ էր հագել․ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։ Սա մեկնաբանելը չափազանց շատ զսպումներ է պահանջում․․․
Հիմա կարևորի մասին․ Փաշինյանական դիվանագիտության, իսկ ավելի ճիշտ՝ դրա բացակայության մասին խոստանում եմ խոսել։ Իսկ հիմա ասեմ, որ համոզված էլ լինելով, որ նա Արցախն իսկապես հանձնում է, ոմանց մոտ մի չնչին փոքրիկ միտք եղել է, որ այս ամենի մեջ դիվանագիտական խաղ կա՝ ժամանակ ձգելու համար, օրինակ։ Այսպիսի միտք ունենալու իրավունք տվել է հենց Արցախում մարդկանց լռությունը, որն այսօր ընդհատված է։
Եվ հիմա, վերլուծելով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները՝ Արցախյան նոր շարժումը, Արցախի հրապարակում հնչող ելույթները, Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ հայտարարությունը և այլն, պետք է փաստենք, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի շնչած օդն էլ Արցախը հանձնելու քաղաքականություն է։
Հա, չմոռանանք, այս հարցում ամենատպավորիչը հենց երիտթուրք Ալիևի հայտարարություններն են, որոնցում նա չի կարողանում թաքցնել զարմանքը «հայերի»( նրա իմացած հայը Նիկոլն է) կողմից առաջ անցնելով, շտապողաբար Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վրա։
Բայց, իհարկե, դրա կարիքը չկար այդ ամենը հասկանալու համար։ Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, ամենաչմտածված, օրինակ՝ Հակոբ Ասլանյանի նմանների ելույթներով գովերգել են ադրբեջանականն ու կասկածի տակ դրել մեր պատմական ինքնությունը, ապա ամենամտածված, օրինակ Շիրակ Թորոսյանի հայտարարություներով, փորձել ներկայացնել, թե Արցախում սովի խնդիր չկա, վիճակը ծայրահեղ չէ։
Դե ադրբեջանցի ընկերոջ ու եվրոպական անհասկանալի սուբյեկտների հետ հանդիպումներում Հայաստանի վարչապետի պահվածքը, կեցվածքն ու հայտարարությունները մեկնաբանելու կարիք չկա։ Նա, այո, գետնին է հավասարեցրել Արցախի հարցում բոլոր, նույնիսկ եթե իրեն հավատանք, նախկինների վատ աշխատանքի արդյունքում ձեռք բերված դիվանագիտական հաղթանակները ու վարել է արտաքին քաղաքականությունը հենց այնպես, որ Արցախը հանձնենք։ Նա նույնիսկ Ալիևի ու Էրդողանի կողքին կանգնել է այնպիսի կեցվածքով, որով կանգնողները չեն կարող չհանձնել Արցախը։
Արցախը հանձնելու հարցում մեծ է նաև Նիկոլ Փաշինյանի եվրոպամետ կեցվածքի դերը։ Նա դժգոհեց Հայաստանի սահմանները պահող, պատերազմը կանգնեցրած, լավ թե վատ՝ խաղաղություն պահող Ռուսաստանից, քարկոծեց, դատափետեց, մեղադրեց հայտարարություններ չանելու, նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները չպահպանելու մեջ ու վազեց Շառլ Միշելի ու Արցախում տեղի ունեցող որևէ բանի չարձագանքող, խոսքի արժեք չիմացող ևս մի քանիսի մոտ ու ամբողջությամբ հանձնեց Արցախը։ Այո, նա դժգոհեց Ռուսաստանից լռելու համար, վազեց ավելի լուռ Եվրոպա ու հրաժարվեց Արցախից։
Ռուսաստանի կեցվածքը Արցախի հարցում, ուկրաինական պատերազմի թե Արցախի հարցից հոգնելու պատճառով, գոհացուցիչ չէր, իհարկե։ Բայց խոստովանենք, որ Հայաստանի գործող իշխանություններն առաջին իսկ օրից երկակի խաղեր են խաղացել, խաբել ռուսներին, ապա եվրոպացիներին, ապա նորից ռուսներին, հետևաբար վերջիններիս լավ ու անկեղծ վերաբերմունքին արժանի չէին էլ և Ռուսաստանը հարցին մոտեցել է ոչ թե բարեկամաբար, այլ այնքանով, որքանով դա իրեն պետք էր։ Կամ ինչպես կարող էր Հայաստանը ղեկավարողը մեղադրել ուրիշին, երբ ինքը մոռացել է, որ մենք գերիներ ունենք Ադրբեջանում։ Եվ այսօր, Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը պահպանել չկարողացող Ռուսաստանը իրավունք է ստացել լայն ապտակ հղել Նիկոլին՝ պաշտոնապես հայտարարելով, որ նա Արցախը թուրքին է տվել Շառլ Միշելի հովանու ներքո։
Արցախի հարցում մեծ է նաև ընդդիմության որոշ ներկայացուցիչների դերը։ Դե 22 և ավելի միլիարդ դրամ կարողությամբ նրանց գոյությունը որպես ընդդիմություն, բավարար է, որ իշխանության մնա հենց Նիկոլ Փաշինյանը, էլ չենք խոսում այն մասին, թե ժամանակին ինչեր կփոխեր դրանից օրինակ 1 միլիարդը Արցախում։ Բայց այն, որ Արցախի հարցը սակարկությունների առարկա է նաև ընդդիմության խանդերի ու իշխանությունը մեկը մյուսից պոկելու ցանկության պատճառով, այլևս չասել անհնար է…
Ուշքի գալու և ամեն ինչ մի կողմ դնելու ժամանակն է…