Հետևեք մեզ։

Խեղճություն, որից Ալիևը չլկտիանալ չի կարող

19:02, 08 սեպտեմբեր 2023
Խեղճություն, որից Ալիևը չլկտիանալ չի կարող
Խեղճությունը մեր ազգին բնութագրող հատկանիշ չէ ու երբեք չի եղել։ Հակառակը՝ մենք միշտ առանձնացել ենք նրանով, որ անկախ խնդիրներից, դժվարությունից, պարտությունից ու ցանկացած այլ բանից՝ եթե նույնիսկ ծանրացել ու փոքր-ինչ ընկճվել ենք, ապա հաստատ չենք խեղճացել, դիմացինին ցույց չենք տվել այն վիճակը, որում այդ պահին հայտնվել ենք։ Սա, իհարկե, ոմանք կեղծ հպարտություն կանվանեն, բայց այս ազգային կեցվածքը մի կարևոր խնդիր է լուծում. այն դիմացդ կանգնած անխիղճին նոր թևեր չի տալիս։
 
 
 
Այդպես է նաև պետությունների դեպքում ու Հայաստանն էլ նախորդ 30 տարվա ընթացքում բազմաթիվ անգամ գտնվելով ծանր կացության մեջ չի խեղճացել։ Վստահ եմ՝ Արցախյան առաջին գոյամարտում հաղթանակը կերտողները կհաստատեն, որ դա էական դեր է խաղացել հաղթանակի համար։ Պատմություններ էլ կան, թե ինչպես են պատերազմի ժամանակ, տարբեր իրավիճակներում՝ զենքի ու տանկի բացակայության պայմաններում ինչ-որ հնարքով թուրքին խաբս տվել, թե իբր շատ զենք ունենք ու խոսել նրա հետ հենց այդ դիրքից։
 
 
 
Հետևաբար, խեղճը կոնկրետ մարդու տեսակ է, խեղճեր, իհարկե, կան, ինչքան էլ որ նրանք մեծամասնություն չեն, բայց հանգամանքների բերումով կարող են հայտնվել կոնկրետ տեղում ու խեղճացնել բոլորին, հանդես գալ բոլորի անունից ու նրանց ներկայացնել որպես խեղճ։
 
 
Այդպիսին է հիմա մեր վիճակը։ Ալիևը լկտի է, 30 տարվա ստորացումից ու արդեն իշխանությունը կորցնելուց մազապուրծ ու դրանից ավելի սանձարձակ, օրեցօր ավելի լկտիացող։ Նա դա ցուցադրեց 2020 թվականի նոյեմբերի 10-ին իսկ՝ ակնհայտ անադեկվատ վիճակում, քաղաքակրթությունը կորցրած՝ հեգնելով Նիկոլ Փաշինյանին։ Ադրբեջանի բռնապետի այդ կեցվածքն աստիճանաբար մտավ նրա ու ընդհանրապես Բաքվի պաշտոնական բառապաշարի մեջ, արտահայտվեց նաև բանակցությունների նպատակով հանդիպումների ժամանակ։ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները կարողացան Հայաստանի ղեկավարի համար ստորացուցիչ պայմաններ ստեղծել նույնիսկ Էրդողանի ինաուգուրացիայի ժամանակ։ Դե իսկ բանակցությունների, խաղաղության պայմանագրի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների, շփման գծի, արգելափակված Արցախի, կոնկրետ միջադեպերի, ամեն-ամեն ինչի մասին Բաքվի ու Անկարայի պաշտոնական հաղորդագրություններում միշտ սպառնալիք է, կոնկրետ ու անկաշկանդ սպառնալիք՝ ցանկացած հարց ուժով լուծելու վերաբերյալ։ Նրանք ոչնչից ու ոչ մեկից չեն կաշկանդվում հրապարակայնորեն ասել, որ թքած ունեն միջազգային իրավունքի նորմերի վրա ու բարձրացնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը, քանի որ այդպես են ցանկանում կամ որ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիրը» կնքելու են միայն իրենց թելադրած պայմաններով։ Նրանք չեն կաշկանդվում Հայաստանի իշխանությունների սիրելի Միշելի հետ հանդիպումից վերադառնալ ու ևս մի քանի հեկտար տարածք գրավել Հայաստանից։ Նրանք, ի լուր բոլորի, այդ թվում՝ եվրոպական ու տարածաշրջանային կառույցների ու համաշխարհային դերակատարների են հայտարարում, որ, միևնույն է, բացելու են «Զանգեզուրի միջանցքի»՝ լինի Հայաստանի համաձայնությամբ, թե առանց դրա և անհամաձայնության դեպքում Հայաստանն ուղղակի այդ «միջանցքի» հարցերում ոչ մի առումով շահառու չի լինելու։
 
 
Սա, իհարկե, ոչ թե մեր խեղճության, այլ դրա հետևանքի՝ ուրիշների լկտիության մասին է։ Իսկ մեր խեղճությունն արտահայտվում է նրանում, որ Հայաստանը պանթուրքական այս սանձարձակությանը միշտ պատասխանում է ընկածի դիրքից։ Եկե՛ք խոստովանենք, որ Հայաստանի հանդեպ սպառնալիքների մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից թշնամին կարող է լկտիանալ միայն, նույնիսկ եթե չցանկանա։ Հայաստանի ու Արցախի սահմանին զորք կուտակելու մասին հայտնելուց հետո Փաշինյանը միանգամից աղաչանքով դիմում է ՄԱԿ-ին ու մյուսներին՝ խնդրում միջոցներ ձեռնարկել էսկալացիան կանխելու համար։ Ավելի պարզ՝ Հայաստանի ղեկավարը բոլորին լուր է ուղարկում, որ  եկել են մեզ խփելու ու խնդրում է թույլ չտալ, որ մեզ խփեն։ Ավելի ամոթալի է, երբ նա թշնամու լկտիության մասին բարձրաձայնելուց հետո շտապում է հաստատել, որ կստորագրի այն, ինչ ցանկանում են՝ դրանով արդեն ծնկի գալով ու չհարվածելու աղաչանքով դիմելով հենց թշնամուն։ Ավելին, երբ թշնամին փորձում է հակադարձել ու Հայաստանին մեղադրել իրեն տարածքային պահանջներ ներկայացնելու մեջ՝ հստակ իմանալով, որ այդպիսիք չկան, իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դրան էլ պատասխանում է ոչ թե այդ հայտարարության մանկամտությունը շեշտադրելով, այլ թեզիսներով պարզաբանում է, թե ինչ է նկատի ունեցել Հայաստանի վարչապետը, դրանից հետո չլկտիանալ ուղղակի հնարավոր չէ։ 
 
 
Բայց, իհարկե, ադրբեջանցիներն այդքան կարճամիտ չեն, որ նրանց պահանջները, հայտարարություններն ու առավել ևս զորքի շարժը կապված լինի հուզական ու վախվորած ելույթների հետ միայն։ Նրանք շատ լավ են հասկանում ռուսական ու ամերիկյան քաղաքականությունը, լավ գիտեն, թե որն է հետևանքը, երբ Հայաստանի վարչապետն ու որպես կանոն կլուբներում տժժացող նրա թիմակիցները մի օր հանկարծ որոշում են քար նետել սահմանը պահող ռուս զինվորի, 30 տարի Հայաստանի հետ հենց հայկական դիվանագիտությունը հնարավորինս առաջ տարած ռուս դիվանագետի ուղղությամբ։ Նրանք շատ լավ գիտեն, որ Ամերիկան Հայաստանում համատեղ զորավարժություն է անելու տարածքում մեկ սանտիմետր ավելի տեղավորվելու ու ռուսներին մեզնից ավելի հեռացնելու համար, իսկ Հայաստանի սահմանները ռմբակոծելու օրերին օգնության չի գալու և հայտարարելու է, որ խիստ մտահոգ է ստեղծված իրավիճակով։ 
 
 
Նրանք շատ լավ են հասկանում, որ պաշտպանական գերատեսչությանդ ղեկավարությունը՝ Պապիկյանի գլխավորությամբ, բանակից հեռու են այնքան, որքան դասականը՝ պլաստիկ վիրաբուժությունից, նրանք գիտեն, հասկանո՞ւմ եք, որ Հայաստանի պաշտպանության փոխնախարարն, օրինակ, Հրաչյա Սարգսյանն է։
 
 
Նրանք տեսնում են, որ սահմանին մոտեցող ադրբեջանական շարասյունը տեսնելուց հետո Հայաստանի ղեկավարը փրկության կանչեր է տալիս ու զբաղվում վերանորոգած շենքեր բացելով ու այդպես մասնակցելով Ավինյանի քարոզչությանը։