Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանի նվերներն ու Կիևի դիրքորոշումն ընդդեմ Արցախի. ինչո՞ւ են խաղում մեր ինքնասիրության հետ

17:13, 10 սեպտեմբեր 2023
Աննա Հակոբյանի նվերներն ու Կիևի դիրքորոշումն ընդդեմ Արցախի. ինչո՞ւ են խաղում մեր ինքնասիրության հետ
Աննա Հակոբյանը նոր է վերադարձել Ուկրաինայից և նրա կողմից այնտեղ տարված հումանիտար օգնությունը տերերին դեռ չի էլ հասել։ Իսկ Արցախում երեկ նախագահ ընտրեցին ու այդ լուրն Ուկրաինա արդեն հասել է, վերլուծվել, մշակվել ու դրա մասին արդեն կարծիք են հայտնել։ Ուկրաինայի ԱԳՆ-ն քննադատել է Արցախի նախագահի ընտրությունը, այն անվանել «ֆիկտիվ» ու օգտագործել բազմաթիվ այլ բառեր ու չակերտներ՝ ընդգծելու համար, որ իրենց կարծիքով «Արցախն Ադրբեջան է», նախագահական ընտրություններն առոչինչ են և այլն։
 
 
Անկեղծ ասած, Արցախի հարցում Ուկրաինայի կարծիքն ու արտահայտած դիրքորոշումներն ընդհանրապես ամենակարևորը չեն, ուշադրության արժանի էլ չեն, եթե հաշվի առնենք աշխարհում նրանց դերը, այն, որ նրանք գոնե վերջին 10 և ավելի տարիներին աշխարհաքաղաքական բոլոր իրադրություններում խաղում են միայն գործիքի դեր։ Բայց ահա, երկու պատճառով, նրանց այդ հայտարարությունը ոչ միայն ուշագրավ է, այլ նաև վիրավորող։
 
 
Բանն այն է, որ Ուկրաինան ժամանակ չի կորցրել ու խոսել է Արցախի նախագահի ընտրությունների մասին այն դեպքում, երբ ենթադրաբար շատ այլ անելիքներ պետք է ունենար այս օրերին։ Ուկրաինայի ԱԳՆ-ն, ակնհայտ է, Արցախի նախագահի ընտրությունը, այն «ֆիկտիվ» անվանելն ու Ադրբեջանին աջակցություն հայտնելը կարևորում է մոտավորպես այնքան, որքան Կիևին ռուսների կողմից հարվածելու մասին հայտարարությունը, որովհետև հենց այդպիսի հայտարարությունների արանքում է ժամանակ գտել վայրահաչելու։ Մի քիչ ավելի զավեշտալի է, որ աշխարհում ընդամենը ամենալավը պարող ուկրաինացիները միջազգային իրավունքի նորմերի մասին խոսում են այն դեպքում, երբ պատերազմի ժամանակ Ադրբեջանին միջազգային իրավունքի նորմերը խախտող պատերազմ վարելու միջոցներ են տվել։
 
 
Եվ ամենավիրավորականն այն է, որ սրա, նրա կողմից օգտագործվելու սովոր Ուկրաինան Արցախում ընտրությունների մասին դժգոհել շտապած երրորդ պետությունն է՝ Ադրբեջանից ու Թուրքիայից հետո այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետի կինը, մեր էլ բարդ վիճակում, մեկնել է Ուկրաինա ու հումանիտար օգնություն ցուցաբերել։ Ուկրաինայի անարժեք հայտարարությունն, այո, դիպչում է մեր ինքնասիրությանը, քանի որ արվել է անմիջապես այն պայմաններում, երբ Աննա Հակոբյանն այդ օգնությունը ցուցաբերել է Հայաստանի սահմանը լավ կամ վատ պահող Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաշվին, երբ այդ այցից անմիջապես հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանին դրա համար կանչել են հարցուպատասխանի։
 
Առանձնապես չգիտեմ ինչու, բայց սա շատ ավելի վիրավորական է, քան երկրաշարժի ժամանակ Հայաստանից ընդունած հումանիտար օգնությունից անմիջապես հետո թուրքերի դրսևորած սանձարձակ պահվածքը։ Երևի տարբերությունը երկրաշարժի ու պատերազմի մեջ է, կամ Ուկրաինայի ու Թուրքիայի։
Բայց կարևորն այն է, որ այս ամենի մեջ Ուկրաինային երևի շատ մեղադրելու բան չկա, նրանք ընդամենը շարունակել են անել այն, ինչ միշտ են արել, ու այդ մենք ենք, խցկվելով հումանիտար ակցիաների մեջ, բոլորի աչքին անինքնասեր ու անողնաշար, բայց հումանիստ երևալու համար մեզ դրել հենց այն վիճակում, որ մենք լավն ենք անում, իսկ դիմացինը մեզ ապտակում է, երբ ուղղակի կարող էր լուռ մնալ։ Իսկ այսպիսի ապտակներից դասեր չքաղելով, այսպիսի պահվածքին չարձագանքելով ու դադարելով գործոն լինելուց ոչ միայն ցույց ենք տալիս, որ մեզ հետ նման կերպ վարվել կարելի է, այլ նաև մեզ անջատում ենք Արցախից, հեռացնում Արցախում ապրող հայերից ու տպավորություն ստեղծում, որ մենք նրանց հետ կապ չունենք ու կարելի է մեզ ժպտալ, իսկ նրանց՝ հակառակը․․․