Հետևեք մեզ։

«Կլասիկ» քաղաքականությունը կամ ինչո՞ւ Հայաստանը լուսավոր չի դառնում

13:08, 13 սեպտեմբեր 2023
«Կլասիկ» քաղաքականությունը կամ ինչո՞ւ Հայաստանը լուսավոր չի դառնում

Հիշվող է, որ Էդմոն Մարուքյանին վերջերս գործ են տվել, բայց լավ չի հիշվում, թե նա ի՞նչ է անում, քանի որ նրան որևէ կոնկրետ բան, կամ առավել ևս՝ օգտակար բան անելիս չենք տեսել, չենք էլ լսել ուրիշից։ Բայց Մարուքյանը հստակեցրեց, հատուկ հանձնարարություններով դեսպանի իր առաքելությունը․ առիթն իր գրառումն է, որում նա գովաբանում է Նիկոլ Փաշինյանի՝  վերջին երկու տարվա արտաքին քաղաքականությունը ու պնդում, որ Հայաստանի վարչապետը վերջին երկու տարվա ընթացքում ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնար թվացող քայլերը խաղաղ բանակցություններում վստահություն ձևավորելու համար և այլն։

 

Շուտով կբոլորի 2 տարին, ինչ Էդմոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է աշխատում և դրանք այն նույն երկու տարին են, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իրականացրած գործունեությունը Մարուքյանը գովաբանում է։
 
 
Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե Էդմոն Մարուքյանն ինչ էր հասկանում «կլասիկ քաղաքական գործիչ» ձևակերպման տակ՝ ինքն իրեն այդպես բնութագրելիս, բայց, եթե դիտարկենք այդ պնդումից հետո նրա գործունեությունը, ապա կտեսնենք, որ նա նախ աչքի ընկավ սուր քննադատություններով, ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին ինչի մեջ ասես չմեղադրեց, առաջին նախագահի հետ համաձայնեց ու նրան «ազգակործան պատուհաս» անվանեց, Ալեն Սիմոնյանի հետ իրար վիրավորեցին՝ «հոգնած», «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի վաստակ» անվանեցին և այլն։ Հանկարծ, երկու տարի առաջ, երբ  Էդմոն Մարուքյանի  կուսակցությունն արդեն Ազգային ժողով չանցավ և նա անգործ մնաց ու տխրեց, նա ընդունեց այն նույն վարչապետի՝ իր բնութագրմամբ «ազգակործան պատուհասի» առաջարկությունն ու սկսեց հետևել, թե ինչ «հրաշքներ է» գործում Նիկոլ Փաշինյանը խաղաղ բանակցությունների ժամանակ։
 
Վստահ եմ՝ բոլորն ինքնուրույն կգնահատեն, թե սա իրականում կլասիկ ինչ է, դրա համար ավելի մանրանալու հարկ չեմ տեսնում։ 
Բայց այս պատմության մեջ անհասկանալի է մնում նաև մի բան։ Իսկապես, ինչո՞վ է զբաղված Էդմոն Մարուքյանը, որևէ հանձնարարություն կատարո՞ւմ է, թե իր վրա է վերցրել քաղաքական վերլուծաբանի բեռն ու  ժամանակ առ ժամանակ ուշացած ֆեյսբուքյան գրառումներով մեզ «զարմացնում է» նրանով, ինչ բոլորս վաղուց գիտենք։ Մենք այս պայմաններում մեղավո՞ր ենք, որ չգիտենք, թե Էդմոն Մարուքյանը գոնե հետաքրքիր զբաղմունք ունի, թե մի կերպ գլորում է օրերը։
 
 
Պատմությունն իրապես մի կողմից զվարճալի է․ կարելի էր քննադատել, մի քանի բառ ասել ու անցնել առաջ։ Բայց, եթե հետ գնանք դեպի անկախ Հայաստանի նույն կլասիկ քաղաքականության խորքերը, ապա կտեսնենք, որ ազգակործան պատուհասը հենց գրպանային ընդդիմություն երևույթն է, այն, որ իշխանությանն ու ընդդիմությանը կարող են բաժանել ոչ թե սկզբունքային գաղափարական տարբերությունները, այլ մի աշխատավարձն ու ծառայողական ավտոմեքենան։ Ու Հայաստանում բոլոր փուլերում եղել է այդպես։
 
 
Էդմոն Մարուքյանի, «Օրինաց երկիր» կուսակցության Արթուր Բաղդասարյանի, ժամանակին Ռոբերտ Քոչարյանի ընդդիմադիր, ապա նրա մոլի երկրպագու Արամ Հարությունյանի, Սերժ Սարգսյանին ընդդիմադիր, ապա երկրպագու Արտաշես Գեղամյանի ու նման շատերի մեղավորությունն է, որ Հայաստանում գործընթացները հիմնված են ոչ թե քաղաքականության՝ քաղաքական ծրագրերի ու գաղափարների վրա, այլ պայմանավորված են նրանով, թե մարդիկ ինչքան են հոգնել, զզվել ու ատելությամբ լցվել իշխանության հանդեպ։ Գործընթացները Հայաստանում այդպես էլ կլասիկ քաղաքական չդարձան ու ընդդիմությունը չհասկացավ, որ առաքելություն ունի նաև որպես ընդդիմություն ու այդ առաքելությունը պակաս չէ։ Նորմալ ընդդիմությունը միակ փարոսն է, որին նայելով մարդիկ շարունակում են հույս ունենալ ու պայքարել ավելի լավի համար ու անտարբեր չեն դառնում կյանքի իրադարձությունների հանդեպ։ Եթե վատ իշխանությունը հոգնեցնում է միայն իրենից, ապա վատ ընդդիմությունը մարդկանց հոգնեցնում է ամեն ինչից ու պատճառ դառնում, որ մարդիկ այլևս ոչ ոքի ու ոչնչի չհավատան։
 
 
Ու հենց այս պատճառով Հայաստանը մինչ օրս լուսավոր չի դարձել և հավանաբար ճիշտ էլ արել է, եթե այդ լուսավորն էլ նույն կլասիկն էր լինելու․․․