Հայաստանի խորհրդարանում քննարկման է դրված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որով սահմանվում է, որ օդանավակայանի՝ պատվիրակությունների սպասարկման սրահից, այսինքն՝ VIP սրահից, կարող են օգտվել ոչ միայն վարչապետի որոշած պաշտոնատար անձինք, այլ նաև նրանց ընտանիքի անդամները։ Նախագծի հեղինակը կառավարությունն է և այն Ազգային ժողովում ներկայացնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Տեղի ունեցողի մեջ աբսուրդն այնքան շատ է ու ակնհայտ, որ այսքանն արդեն բավարար պետք է լիներ բոլորի համար՝ հասկանալու, որ որոշ բաներ անցել են ողջամտության ու ամոթի սահմանը։ Բայց, երբ տեսնում ես, որ արձագանքները համարյա բացակայում են, իսկ հասարակության մի ստվար զանգված «զատո ասֆալտ ունի», փորձում ես ամեն դեպքում բացատրել, թե ինչ է այդ նախագիծը։ Չենք փորձելու մանրամասն հիմնավորել, որ այդ նախագիծն այս օրերին քննարկելը հատկապես անբարոյականություն է, թեև այս անհասկանալի վիճակում ունակ լինել զբաղվել միայն սեփական կյանքն ավելի ու ավելի հարմար դարձնելով, հենց այդպիսի բան է։ Չենք փորձելու, որովհետև վերջնական հասկացել ենք, որ իրենց համար վիճակը բավականին լավ է՝ Կապանի գլխին ծվարած թուրքը իրենց երեխաների ննջասենյակից չէ, որ մի քանի հարյուր մետրի վրա է։ Եվ բացի դա, պաշտոնյաներին քննադատելով ժողովրդի հավատին արժանացած իշխանությունը, վաղուց է նմանատիպ իրավիճակներում տարբեր հնարքներով՝ հակակոռուպցիոն ու այլ նպատակների տակ քողարկելով ավելացրել պաշտոնյաների վարձատրությունն ու նորացրել նրանց ծառայողական ավտոպարկը։
Բայց մեկ է՝ տխուր է տեսնել, որ ամենակարևոր հարցերից մեկն այսօր պաշտոնյայի ընտանիքի անդամին օդանավակայանի VIP-ից օգտվելու հնարավորություն տալն է։ Տխուր է նաև տեսնել, թե ինչ արձագանքներ է ստանում այս նախագիծն Ազգային ժողովում, մանավանդ երբ պատկերացնում ես, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կաներ նույն նախագծի հետ, եթե լիներ ընդդիմադիր։ Դե հասկանալի է, որ արձագանքներն այսպիսին են, քանի որ օրենքից կարող են շահել նաև բոլոր նրանք, ովքեր պետք է արձագանքեին։
Դրանից բացի, նաև հիասթափեցնող է լսել, թե ինչպես են հիմնավորում այդ նախագիծը։ Ալեն Սիմոնյանն, օրինակ, ցանկանալով պնդել, որ նախագիծը լավն է, հարց տվեց, թե ո՞րն է իմաստը, որ պաշտոնյան ինքնաթիռ նստի մի շենքից, իսկ նրա կինն ու երեխաները՝ այլ շենքից՝ ճամպրուկներով։ Նախ Ալեն Սիմոնյանի հարցը տեղին չէ, քանի որ նախագծում գրված չէ, որ պաշտոնյայի ընտանիքի անդամը հատուկ սրահից օգտվում է միայն պաշտոնյայի հետ մեկնելիս կամ ժամանելիս։ Հետևաբար նա, օրենքն ընդունվելու դեպքում, այդ սրահից օգվելու է նաև օդանավակայանից միայնակ օգտվելիս, երբ Սիմոնյանի նկարագրած սրտաճմլիկ՝ ամուսիններին 25 րոպեով բաժանելու իրավիճակն առկա չէ։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանի հարցի պատասխանը չափից շատ պարզ է։ Այո, իմաստ չկա և պաշտոնյայի ընտանիքի անդամը կարող է ոչ թե հավասարեցվել պաշտոնյային ու անհարկի օգտվել առավելություններից, այլ վճարել VIP սրահի համար ու մեկնել կամ ժամանել պաշտոնյայի հետ, եթե այդաստիճան նեղություն է կրում սովորական սրահից օգտվելիս։
Կամ, խորհրդարանից ևս մեկը, որպես նախագծի հիմնավորում, հայտարարեց, որ օդանավակայանի հատուկ սրահը սովորական սրահի համեմատությամբ շատ առավելություններ չունի։ Այստեղ մնում է ժպտալ ստի համար ու մի քիչ էլ զարմանալ, թե ինչ առավելություն էր, տեսնես, պատկերացնում պատգամավորը, որ հատուկ սրահում մյուսի համեմատ չկա։ Դե վերջապես, եթե հատուկ առավելություն չկա էլ, ապա կարելի էր ոչ թե պաշտոնյայի ընտանիքի անդամին նեղություն տալ ու բերել հատուկ սրահ, այլ պաշտոնյային տանել սովորական սրահ՝ պետությանն ազատելով նրա համար օդանավակայանում վճարելու բեռից։ Մանավանդ՝ նախագծում, եթե պարզ խոսենք, բացի «մերոնց համար ավելի լավ է» կամ «դուք հո չուզող չե՞ք»-ի մակարդակի պնդումներից, մեծ հաշվով այլ հիմնավորում չկա ու, օրինակ, չկա ոչ մի խոսք այն մասին, թե ինչ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով են արտոնություններ տրվում պաշտոնյայի ընտանիքի անդամին։ Հիշո՞ւմ եք, չէ՞, որ առավելություններն ու արտոնությունները միայն ծառայողական անհրաժեշտությունից ելնելով է տրվում, երբ դա պետք է պարտականություներդ ավելի լավ կատարելու համար։ Չեք հիշում, ինչ խոսք․․․
Օրեր առաջ, երբ Հայաստանի մի քանի պաշտոնատար անձանց անլուրջ արտահայտությունները Հայաստանի համար դիվանագիտական հետևանքներ ունեցան, գրել էինք, որ այդ անձանց դիվանագիտության հետ կապված հետաքրքրում է միայն նրանց դիվանագիտական անձնագիրն ու օդանավակայանի VIP սրահից օգտվելը։ Եվ Հայաստանի դիվանագիտության համար պատասխանատու գերատեսչությունը ղեկավարի տեղակալի մակարդակով որոշել է դա հաստատել՝ ապացուցել, որ Հայաստանի դիվանագիտության ու, ընդհանրապես, արտաքին քաղաքականության բարդ օրերին արտաքին գործերի նախարարությունում զբաղված են պաշտոնյաների ընտանիքի անդամների համար օդանավակայանի VIP -ից օգտվելու հնարավորություն ստեղծելով։