Հետևեք մեզ։

Հույսը քաղաքական կատեգորիա չէ

23:22, 19 հունվար 2024
Հույսը քաղաքական կատեգորիա չէ

Հայաստանը կանգնած է քաղաքական նոր իրավիճակի շեմին և այնպես չէ, որ դա անակնկալ է։ Քիչ, թե շատ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդու մոտ անգամ պարզ էր, որ Արցախը Հայաստանի համար բեռ չի եղել, Արցախը դարպաս է եղել, որ Ջերմուկում 3-ամյա երեխայի հայրը չզոհվի․․․


Ինչո՞վ է պայմանավորված նոր իրավիճակը․ 2018-ից հետո մինչև 44-օրյա պատերազմի ավարտը և անգամ դրանից օրեր անց Փաշինյանն ու նրա մոտ թելադրություն գրող ՔՊ-ականները նռան նկարներով Աղդամը համարում էին իրենց հայրենքը, Արարատ Միրզոյանն Արցախի կորուստը համարում էր՝ Սյունիքի, այնուհետև Հայաստանի կորուստ․ «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու Երևանը․ Արցախը մեր հայրենիքն է, հայրենիքը չի զիջվում ոչ մի գնով»։


Եվ հանկարծ հասանք նրան, որ՝ «մենք ինչ կապ ունենք Արցախի հետ», իսկ առավել անհայրենասերները, որոնք հանուն փողի իրենց որդիների դեմ են ժամանակին ցուցմունք տվել, ավելի պարզ սկսեցին գնալ իրենց երազանքի հետևից, որը ձևակերպեցին հետևյալ կերպ՝ Արցախը տանք, որ հանգիստ ապրենք․ «փրկենք ՀՀ-ում ապրողների կյանքը», իսկ դրա հետևում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրենց նեղ, անձնական, որդուց ավելի թանկ բիզնես նպատակներն են։


Աշխարհում դեռ ոչ մի ուժեղ փաստաթղթով թուլանալու պայմանագիր չի ստորագրել, որովհետև ո՞րն է նպատակը, ստորագրի որ ի՞նչ։ Այդ նույն ՔՊ-ականների լեզով եթե ասենք, դուք կստորագրե՞ք մի պայմանագիր, որով աղքատանալու եք, որով ձեր բիզնես հնարավորությունները սահմանափակվելու են։


Փաշինյանը, որը մի օր նշաձողն իջացրեց և մի օր էլ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում,իր մոլորակներով անընդհատ թեզ էր շրջանառում, որ Արցախը տալիս ենք, որ հանգիստ ապրենք, բայց պարզվեց՝ ոչ․ Արցախը չկա, և դրա վերադարձի համար դեռ կենացներից այն կողմ որևէ գործողություն անող չկա, Ալիևը նույնիսկ Փաշինյանի հետ չի հանդիպում՝ մերժելով բոլոր հարթակները, իսկ 29 800 քկմ-ն նույնիսկ բանավոր չի արտաբերում, իսկ մեր կոմղից վազում են, որ նրան տեսնեն մոտիկից։

 

Փաշինյանի թիմը մերժում էր ռուսական տարբեր հարթակները, հիմա ճիշտ ու սխալի հարցը չէ, պարզապես արձանագրում եմ՝ չէր մասնակցում ՀԱՊԿ և այլ նիստերին, բայց Փաշինյանն անձամբ գնաց Պետերբուրգ։ Պատճառներից մեկը կարող էր լինել այն, եթե ոչ ամենակարևորը, որ այնտեղ հանդիպի Ալիևի հետ։


Իհարկե հանդիպեց, և պարզվեց, ինչպես Ալիևը տեղեկացրեց, իսկ հայկական կողմը չհերքեց, ոտքի վրա խոսակցության ժամանակ Ալիևը հայկական գյուղերն է ուզել Փաշինյանից։ 

Վերադառնալով նոր իրողությանը․ Արցախը չկա,  բազմիցս Նիկոլ Փաշինյանի, Արմեն Գրիգորյանի, Ալեն Սիմոնյանի, Սարգիս Խանդանյանի, Արարատ Միրզոյանի արած հայտարարությունները, թե մոտ են մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելուն, պարզվեց՝ հերթական քաղաքական անհեռատեսությունն էր, պարզվեց, ոչ միայն մինչև նախորդ տարեվերջ չստորագրվեց, այլև այս տարվա սկզբին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարում է՝ Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։


Եվ այս ամենի ֆոնին ո՞րն է Հայաստանի քաղաքական գաղափարը, ռազմավարությունը, անելիքները, պարզվում է, դա Փաշինյանի հույսն է, որովհետև հարցին, թե ո՞րն է նոր իրողության մեջ Հայաստանի անելիքը, Փաշինյանն ԱԺ-ում պատասխանեց․ «Հույս ունեմ, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ»։
Իսկ եթե ո՞չ․ հույսը քաղաքական կատեգորիա չէ։